Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին․ Արդյո՞ք մեր ինքնությունն ու սեփական հայրենիքում ապրելը դրված չէ իրական վտանգի տակ.Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ այսօր Բրյուսելում հանդիպելու են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, որը կարող է առանցքային նշանակություն ունենալ Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու և հետագա ռազմական էսկալացիաների վտանգն էապես նվազեցնելու համատեքստում, ինչը շատ կարևոր է մեզ համար՝ մեր հարցերի լուծման գործում մեր ինքնուրույնության աստիճանը բարձրացնելու առումով, եթե այլ մայրաքաղաքներում փորձ չարվի տորպեդահարելու, նվազեցնելու ու արժեզրկելու այս հանդիպման ընթացքում ձեռք բերվող հնարավոր պայմանավորվածությունները։

Այս հանդիպման ֆոնին առավել ուշագրավ է երեկ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Բացի դա, նրա կողմից շեշտվել է, որ առաջիկայում Թուրքիայի կողմից չարտերային թռիչքներ կբացվեն Երևանի հետ։

Իհարկե՛, հայ-ադրբեջանական հակամարտության էությունն ու բարդությունը չի տալիս այնպիսի լավատեսության հիմք, որ հնարավոր է այս հանդիպման ընթացքում բեկում ակնկալել, սակայն այս հանդիպումներն առիթ են առաջիկա գործընթացներում կողմերի ժամացույցի սլաքները ճշգրտելու, ուժերի հավասարակշռությունը գնահատելու, ինչպես նաև դիրքորոշումները հստակեցնելու համար։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով տեղի են ունենում տեկտոնական գործընթացներ, որոնք շոշոփում են մեր պետականության, ինքնիշխանության ու ինքնության հարցերը։

Պետք է ընդգծել, որ այդ գործընթացները ռիսկային են և կարող են մեզ կանգնեցնել նորանոր վտանգների առաջ, եթե չառաջնորդվենք իրատեսության, սառը հաշվարկի ու սեփական հնարավորություններով առաջնորդվելու տրամաբանությամբ։

Բազմիցս նշել եմ, որ պատմական այս ժամանակահատվածում Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, սակայն այս խնդիրների ճիշտ ու սխալ լուծելուց է կախված՝ ցույց տալու համար, թե մենք կենսունա՞կ ազգ ենք, թե՞ ոչ, և արդյո՞ք մեր ինքնությունն ու սեփական հայրենիքում ապրելը դրված չէ իրական վտանգի տակ։