«Հայաստանը չպետք է բանակցի Արցախի կարգավիճակի հարցով, այդ հարցով պետք է բանակցեն Արցախն ու Ադրբեջանը». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ու ելնելով սրանից, մենք կարո՞ղ ենք եզրակացնել, որ Հայաստանի ու Արցախի իշխանություններն այս հարցում տարակարծիք են:

– Պատահական չէ, որ երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունեցել է երեք եռանախագահող երկիր, որոնցից Ֆրանսիան ներկայացնում էր Եվրամիությունը, հիմա, քանի որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև շատ լարված հարաբերություններ կան, ու այդ ֆորմատով փաստացի աշխատել չի լինում, կարծում եմ, որ հայտարարության իմաստն այն էր, որ Արցախի կարգավիճակին վերաբերող հարցն ավելի ճիշտ կլինի ռուսական տիրույթում քննարկվի:

Սա գուցե նաև էմոցիոնալ արձագանք էր Շառլ Միշելի այն հայտարարության, որով նա խոսում էր ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների մասին: Այսինքն՝ եթե դա Եվրամիության արձագանքն էր, որ այնտեղ կան ընդամենը մարդու իրավունքների հարցեր, ապա Արցախի դիրքորոշումն էլ այն է, որ եթե Եվրամիության դիրքորոշումը դա է, ավելի լավ է ընդհանրապես չմասնակցեք այդ հարցով բանակցություններին ու կենտրոնանաք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների տարակարծություններին. կա մոտեցումների տարբերություն, ու դա միանգամայն նորմալ է, որովհետև, այո՛, Հայաստանում այսօր խոսում են նշաձող բարձրացնելու, իջեցնելու մասին, բայց, իմ կարծիքով, այդպիսի հարց ընդհանրապես չպետք է լինի:

Այսինքն՝ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի ոչ թե այն, ինչ այսօր են ասում, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, այլ այն, որ մեզ համար ընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ, որին Արցախն ինքը կհամաձայնի, ու մենք պետք է պնդենք, որ այդ հարցը քննարկվի, ու որոշումն ընդունվի Արցախի անմիջական ու վճռական դերակատարմամբ:

Սա պետք է լինի մեր դիրքորոշումը, այսինքն՝ Հայաստանը չպետք է բանակցի Արցախի կարգավիճակի հարցով, այդ հարցով պետք է բանակցեն Արցախն ու Ադրբեջանը, որովհետև հակամարտության փաստացի կողմերը նրանք են: Իսկ մյուս հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, ու այդ հարցը պետք է փորձենք տարանջատել Արցախի վերջնական կարգավիճակի հարցից:

 – Արտակ Բեգլարյանը նաև շեշտել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է «մաս դառնա Արևմուտքի հետ Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունների»։ Դուք նման մտավախություն ունե՞ք, որ Եվրամիությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, արցախյան հարցի կարգավորումը կօգտագործի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, այսպես ասած, պարզելու համար:

– Բնականաբար: Եվրամիությունն ու ընդհանրապես համախմբված Արևմուտքը փորձում են մեր տարածաշրջանում հակակշռել Ռուսաստանին ու մեծացնել իրենց ազդեցությունը: Արցախի պետնախարարի ասածը հենց այդպես էլ պատկերացնում եմ, որ նա ասում է՝ չի կարելի մեր տարածաշրջանը դարձնել Ռուսաստան-Արևմուտք նոր լարվածության թատերաբեմ, որովհետև դրանից իրավիճակը չի կայունանա, հակառակը՝ կարող է այստեղ ընդհուպ երկրորդ ճակատ բացվել, ինչից պետք է ձեռնպահ մնալ:

Արցախի հարցում համախմբված Արևմուտքի կամ նույն Եվրամիության դիրքորոշումը մեր օգտին չէ, որովհետև նրանք Արցախն ընկալում են տարածք, որտեղ կան հայ բնակչություն ու ռուս խաղաղապահներ, ու եթե այնտեղ չլինի հայ բնակչություն՝ չի լինի նաև ռուս խաղաղապահ:

Ի տարբերություն այս հարցի, մյուս՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում, Արևմուտքի դիրքորոշումը մեզ ձեռնտու է, որովհետև նրանք իսկապես ուզում են տևական խաղաղություն տարածաշրջանում, հասկանալի է՝ հանուն իրենց շահերի, որովհետև եթե Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, Ռուսաստանի ներկայության անհրաժեշտությունը այստեղ չի լինի, ու վերջինիս ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա:

– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ հիմքեր տեսնո՞ւմ եք, որ մեր տարածաշրջանը կարող է հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների համար, ինչպես ասացիք՝ թատերաբեմ դառնալ:

– Իհարկե, ընդ որում՝ ցավալին այն է, որ դա կարող է առաջին հերթին լինել հենց մեր հաշվին, որովհետև եթե Արևմուտքը, օրինակ՝ փորձի Ռուսաստանին ներքաշել նաև այս ճակատում ակտիվ գործողությունների մեջ, հասկանալի է, որ դա պետք է անի Ադրբեջանի միջոցով: Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դառնալ Ռուսաստան-Արևմուտք պրոքսիպատերազմի մասնակիցներ, ինչից պետք է խուսափենք:

– Իսկ Արցախի պետնախարարի հնչեցրած այս մտքերը հնարավոր հետևանքներ կունենա՞ն:

– Չեմ կարծում, դա ընդամենը իր դիրքորոշման արտահայտումն էր, ինչը նորմալ է ու չպետք է ուռճացնել, որովհետև, կրկնում եմ՝ կան երկու առանձին խնդիրներ, որոնք չպետք է միասին դիտարկել:

– Իսկ ստեղծված պարագայում, երբ դուք էլ եք ասում, որ մի հարցում Եվրամիության տեսակետներն արտահայտում են Հայաստանի շահերը, իսկ արցախյան հարցում՝ ոչ, ի՞նչ մարտավարություն պետք է որդեգրի հայկական դիվանագիտությունը:

– Հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար մեզ համար ավելի շահեկան է բանակցային արևմտյան հարթակը, որովհետև նրանք օբյեկտիվորեն շահագրգիռ են այդ հարցում, իսկ Արցախի վերջնական կարգավիճակի հարցում մեզ տրամաբանորեն ավելի ձեռնտու է ռուսական բանակցային հարթակը, որովհետև նախ՝ ռուսներն են այսօր ապահովում արցախահայության անվտանգությունը, իրական լծակները Ռուսաստանի ձեռքին են, ու, ամենակարևորը՝ Ռուսաստանին է ձեռնտու, որ Արցախում մշտապես լինի հայ բնակչություն:

Հետևաբար այս երկու տարբեր հարցերը պետք է քննարկել երկու տարբեր հարթակներում: Հայաստանի իշխանությունները չեն կարող այդ երկու հարցերն էլ միաժամանակ լուծել, հետևաբար այսօր մեր դիվանագիտության նպատակը պետք է լինի հստակ արձանագրել, որ գոյություն ունի արցախյան խնդիր, Արցախի վերջնական կարգավիճակի հարց, որպեսզի դա ինչ-որ ժամանակ հետո սկսի քննարկվել: Իսկ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները փորձեն կարգավորել հիմա:

Այստեղ շատ նուրբ պահ կա, երբ մենք ասում ենք, որ պետք է արձանագրել, որ կա Արցախի կարգավիճակի հարց, ու դա պետք է թողնել ապագային, դա ինքնին կարգավիճակ է Արցախի համար: Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ Արցախը մի տարածք է, որի կարգավիճակի հարցը իքս ժամանակ հետո պետք է քննարկվի ու որոշվի, իսկ այդ ընթացքում արցախահայությունը պետք է ունենա անվտանգության շատ հուսալի միջազգային երաշխիքներ: Ընդ որում՝ Ադրբեջանը չի կարողանալու խուսափել դրանից, որովհետև բոլորն են վկայում, որ կա արցախյան հակամարտություն, և այն դեռ կարգավորված չէ, որքան էլ Ադրբեջանը հակառակն է կրկնում օր ու գիշեր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am