Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թևերը քշտած պայքարում է կոռուպցիայի ու կոռուպցիոնիստների դեմ․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյան համայնքի արդեն նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:Ես այս նշանակմանը բացարձակապես ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ մի փոքրիկ բայց…2020 և 2021թթ. ընթացքում գործող իշխանությունները հնարավոր ամեն միջոց գործադրել են՝ Վահագն Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի՛ն, տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչև 2020թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ 6 քրեական գործ է հարուցված եղել, որոնցում շոշափվել է Վ. Գևորգյանի գործունեությունը:Ավելի՛ն, նա քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար:Ընդորում, հարկ է արձանագրել, որ Վ. Գևորգյանը եղել է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը, և ըստ էության, այդ քրեական գործերն այս կամ այն չափով առնչվել են նաև Գագիկ Ծառուկյանին:

Հարցս հռետորական է. Հնարավո՞ր է, որ այդ բոլոր քրեական գործերն անհիմն եղած լինեն, կամ ժամանակին սարքված քրեական գործեր լինեն, թե՞ ոչ:Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ է մի մարդու նկատմամբ իրականացվում քրեական հետապնդում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթադրյալ կատարման պատճառով, բայց հանկարծ մի օրվա մեջ ամեն ինչ ջրվում է, և այդ մարդը նշանակվում է բարձր պաշտոնի:

Հետևությունը մեկն է. Կա՛մ այդ բոլոր գործերը շինծու են եղել, և այդ մարդը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, կա՛մ այդ քրեական գործերը ապօրինի ջրվել են քաղաքական որոշման արդյունքում:Ի դեպ, պարո՛ն վարչապետ, հայտնի ընտրակաշառքի գործով ի՞նչ նորություն կա: Հ.Գ. Մի՛ խանգարեք, թողե՛ք մարդիկ աշխատեն ու պայքարեն կոռուպցիայի դեմ»։