Վարչապետը հանձնարարել է ՏՄՊՊՀ-ին պարզել Վանաձորում հացի թանկացման պատճառները

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու հարցով: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ուղիղ եթերով քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ընթացքում արծարծվեց Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թանկացումների թեման: Այսօր առավոտյան խորհրդակցության ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու համար: Եվ ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ, որպեսզի այդ թեմայով զբաղվեն»,-ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ նախագահը ասել է նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով որոշակի գնանկում է նկատվել: Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք կշարունակեն հետևել իրավիճակին, մոնիտորինգ անել: «Սակայն այստեղ խնդիրն ինքնին ոչ թե թանկացումներն են կամ ոչ թանկացումները, այլ, որ մենք թույլ չտանք որևէ չհիմնավորված գործողություն, և որևէ գնային չարաշահում տեղի չունենա՝ մեծ հաշվով հասկանալով, որ կարող են գների փոփոխություններ տեղի ունենալ»,-ասաց վարչապետը: