«Եթե ինտերնետը չլիներ, այս գործով երբեք չէի զբաղվի». գործնական հանդիպում, կամ ինչպես սեքս ծառայությունները տեղափոխվեցին համացանց

Նունեն լավ է հիշում նոյեմբերի անձրևոտ այդ շաբաթ օրը, երբ տուն մտնելուն պես հորից ամբողջ ուժով մի ապտակ ստացավ, եղբայրն թքեց երեսին, իսկ մայրը սկսեց բարձրաձայն լաց լինել: 

«Ես չէի պատկերացնում, որ մերոնք կիմանան, մտքովս էլ չէր անցնում, վստահ էի, որ թաքուն է… Պարզվեց՝ այցելուներիցս մեկը եղբորս էր ճանաչում, թաքուն նկարել էր ինձ, հետո «կիսվել» մերոնց հետ: էդ օրը իմ դժոխքն էր»: 

22-ամյա Նունեն ասում է, որ սեքս ծառայությունների ոլորտ մտել էր մեկ տարվանից էլ քիչ ժամանակ առաջ, ասում է՝ երբեք փողոցում չէր կանգնի, բայց սոցցանցերի ընձեռած հնարավորությունները և ընկերուհու՝ «հեշտ փող» աշխատելու նոր տարբերակ առաջարկելը շատ համոզիչ էին եղել իր համար: 

«Մի ֆրանսիական ֆիլմ էի նայել ուսանող աղջիկների մասին, որոնք ևս նման ծառայություններ են մատուցում, քանի որ սովորելու հետ մեկտեղ պիտի այլ ծախսեր հոգային, ընկերուհիս էլ որ կողքից ասեց, մտածեցի՝ հա, ինչ, ով պիտի իմանա, մեկ է՝ սոցցանցերում էլ դեմքս չի երևում, անունս չի երևում, կեղծանուն ունեմ, բայց սխալվում էի… կյանքս լրիվ տակնուվրա եղավ»,- «Մեդիալաբին» պատմում է Նունեն:

Նունեն մարզից է, մայրաքաղաք Երևան էր տեղափոխվել կրթությունը բուհում շարունակելու համար, ապրում էր համատեղ երկու այլ ուսանողուհիների հետ, որոնցից մեկն էլ հենց իրեն համոզող ընկերուհին է՝ «հեշտ ու ժամանակավոր գործի» ուղեցույց անողը:

«Ընտանիքս երես թեքեց ինձնից, մամաս ձայնի իրավունք էլ չուներ, որովհետև պապաս անընդհատ իրեն էր մեղադրում իմ բռնած ճանապարհի համար: Ես մի կերպ եմ փախել հայրական տանից, որովհետև կարող է էդ երեկո մերոնք ինձ սպանեին…»

Նունեն ասում է, որ միջադեպից հետո մի քանի անգամ մոր հետ է հանդիպել, սակայն տուն ոտք դնել չի կարող:

«Հիմա ափսոսում եմ արածիս համար, էդ ամենի մեջ մտել էի ժամանակավոր, եթե բախտ ունենայի, ոչ մեկն էլ չէր իմանա, բայց, դե, հիմա մերժված, խայտառակ եղած ապրում եմ ու էլ չեմ էլ կարող հրաժարվել էս ամենից»,- ասում է նա: 

Եթե տարիներ առաջ «գործնական հանդիպում» կամ «անհատական մերսում» արտահայտությունները բազմաթիվ մարդկանց մեջ տարաբնույթ մտքերի տեղիք չէին տա, ապա վերջին տարիներին, սոցցանցերի զարգացմանը զուգահեռ, թե՛ առօրյա լեզուն, թե՛ սոցիալական ցանցերում ի հայտ եկած նոր ծառայությունները և խորաթափանց ու խորհրդավոր պրոֆայլները ապակոդավորվում են որպես «սեքս ծառայությունների մատուցում»։ 

Հոգեբան Հայկ Բաղդյանն ասում է, որ սոցցանցերն այսօր մարդուն մեծ հնարավորություններ են տալիս։ Ըստ հոգեբանի՝ անձն առանց բացահայտվելու, քողարկված կարողանում է մատուցել ու նաև ստանալ ծառայություններ:

«Օրինակ՝ երբ մարդն ունի կոմպլեքսներ, վախ, նախընտրում է սոցիալական մեդիան, որի միջոցով կարող է բավարարել իր ցանկությունները, գումար աշխատել՝ միաժամանակ անհայտ մնալով։ Չբացահայտելով իրենց անձը՝ թե՛ ծառայությունից օգտվողը, թե՛ ստացողն իրենց ավելի ապահով և ինքնավստահ են զգում, որովհետև իրենք, ի վերջո, հասարակական պախարակումից են ազատվում»,– նշում է մասնագետը։

Հոգեբանի խոսքով՝ մինչև բացահայտվելը անձն ապրում է երկակի կյանքով, որովհետև շրջապատում ձևանում է մի մարդ, իսկ սոցցանցում` մեկ ուրիշ, իսկ բացահայտվելուց հետո անձի մեջ ի հայտ են գալիս մերժման, վախի, տագնապի զգացողություններ, կարող է ընդհուպ մինչև ընկճախտի հասնել։ Ըստ էության, բացահայտվելու դեպքում անձի ստեղծած երկու աշխարհներն էլ փլուզվում են։

26-ամյա Դիվան (կեղծանուն է)  հենց նման երկակի կյանք ընտրած սեքս աշխատողներից մեկն է: Նա գյուղից քաղաք եկավ՝ կրթության ու լավ կյանքի համար, սակայն ճանապարհն այլ ուղղությամբ տարավ: Ինչպես որոշեց դառնալ սեքս աշխատող՝ լավ չի հիշում։ Հիշում է միայն ժամկետը, որ ինքն իրեն տվել է՝ կյանքը փոխելու և սոցցանցերում «աշխատանքային» էջերը վերջապես անձնականով փոխարինելու համար։

«Եթե ինտերնետը չլիներ, երբեք այս գործով չէի զբաղվի»

«Առաջին հաճախորդիս անունը Արսեն էր։ 2 տարի առաջ էր։ Սովորական, կիրթ տղա էր։ Նման մարդկանց եթե փողոցում կամ որևէ միջավայրում հանդիպես, երբեք չես էլ մտածի, որ նա մարմնավաճառների է այցելում։ 

Մինչև այս բիզնեսում հայտնվելը ինքս էլ մտածում էի, որ սեքս աշխատողների հաճախորդները կա՛մ այլասերված են, կա՛մ այնքան անճար, որ ստիպված վճարում են սեքսի համար։ Պարզվեց, ոչ միայն հասարակությունը կարծրատիպեր ունի մեր նկատմամբ, այլև մենք՝ մեր հաճախորդների։ Իրականում այլասերվածներ էլ են պատահում, բայց իմ բախտը բերել է, նորմալ մարդիկ ավելի շատ են եղել»,– ասում է Դիվան, որը սեքս ծառայությունների ոլորտում հայտնվել է 24 տարեկանում։ 

Խոստովանում է՝ մի քանի տարի առաջ մտքով էլ չէր անցնի, որ կհայտնվի այս ոլորտում։ Բարձրագույն կրթություն ու ապագայի մեծ նպատակներ ուներ, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին:

«Իմ պատմության մեջ դրամա չկա․ ո՛չ վիրահատության գումար էի աշխատում, ո՛չ էլ պարտքեր ունեի։ Ամեն ինչ ավելի պարզ էր․ ծնողներս մարզում են ապրում։ Ես հասկանում էի, որ չեմ ուզում հետ գնալ, ես այնտեղ անելիք չունեմ։ Հիմա շատ հստակ ծրագիր ունեմ՝ որքան գումար է ինձ անհրաժեշտ, և ինչ եմ ուզում անել։ Ես ինձ ժամանակ եմ տվել՝ ևս երկու տարի և վերջ։ Իրականում, եթե ինտերնետը չլիներ, ես երբեք սրանով չէի զբաղվի: Փողոցային մարմնավաճառությունը բոլորովին այլ է, դրանից դուրս չեն գալիս ոչ միայն այն պատճառով, որ դա սարսափելի վտանգավոր աշխատանք է, այլև այն պատճառով, որ դա խարան է ամբողջ կյանքիդ համար»,– ասում է Դիվան։

Ըստ նրա՝ սոցցանցերը զգալիորեն փոխել են այս ոլորտը․ վտանգները նվազել են, անանունությունն ու ռիսկերը՝ շատացել։ Բայց, ամենակարևորը, ըստ Դիվայի, այն է, որ այստեղ յուրաքանչյուրն «իր գլխի տերն է»:

«Այստեղ չկան կավատներ, քեզ որևէ մեկը որևէ բան չի ստիպում անել, չի ծեծում, չի բռնանում, չի կողոպտում։ Վերածվում ես, այսպես կոչված, «ինքնազբաղ» մարդու։ Համացանցում նաև կարող ես անանուն մնալ, ինչը ձեռնտու է ոչ միայն քեզ, այլև հաճախորդին։ 

Իհարկե, ռիսկերն էլ շատ են․ չեք պատկերացնի՝ ինչ նամակներ եմ ստանում, ամեն օր՝ անեծքներ, հայհոյանք, անպարկեշտ, լկտի խոսքեր․ հարյուրներով։ 

Այդ պատճառով էլ երբեք չեմ կարդում այդ էջին գրված նամակները։ Պայմանավորվում եմ միայն զանգով, որովհետև մի քան բառ փոխանակելուց էլ մարդու մասին որոշակի կարծիք ես կազմում։ Եթե զգում եմ, որ անհարգալից վերաբերմունք կա, միանգամից մերժում եմ»,– ասում է նա։

Ոստիկանությունը կենտրոնացված հաշվառում չի իրականացնում

«ՄեդիաԼաբի» հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ պոռնկության նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում պարբերաբար կազմակերպվում են ստուգայցեր՝ պոռնկությամբ զբաղվող անձանց հնարավոր հավաքատեղիներում․

«Նշված անձանց հաշվառելու հիմք է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 179.1-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելը) հատկանիշներով կազմված վարչական արձանագրությունը։ 2021 թ․ ընթացքում նշյալ հոդվածով պատասխանատվության են ենթարկվել 4 անձինք։

2021 թ․ ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Սեռական շահագործման) հատկանիշներով 4, 261-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հատկանիշներով 1 և 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հատկանիշներով 10 դեպք։

2022-ի արձանագրված դեպքերի մասով ամփոփված տվյալներ դեռևս չկան։ 

Սոցցանցերում սեռական բնույթի ծառայություններ մատուցող անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կենտրոնացած հաշվառում ՀՀ ոստիկանությունում չի իրականացվում»,– ասված է գրության մեջ։ 

Լոլայի ֆենոմենը կամ սեքս ծառայությունների «թափանցիկությունը»

Այն մասին, որ սեքս ծառայությունների բիզնեսը տեղափոխվել է ցանցային տիրույթ, առավել ակտիվ սկսեցին խոսել նախ ֆեյսբուքյան, ապա տելեգրամյան հայտնի «Լոլայի օրագիրը» օգտատիրոջ շնորհիվ։ Այս անվան տակ հանդես եկող օգտատերը 1 տարուց ավել է, ինչ յուրաքանչյուր ամիս «հանրային հաշվետվություն» է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ՝ նշելով բոլոր մանրամասները, այդ թվում՝ ամսական եկամուտն ու այն տեղերը, որտեղ հանդիպել է հաճախորդների հետ։ 

Համացանցում նման թափանցիկությունը մի կողմից խոցելի է դարձնում օգտատիրոջը, քանի որ ներկայացվում են կոնտակտային և նույնականացվող տվյալներ, մյուս կողմից՝ համացանցն այն տիրույթն է, որը որևէ կերպ չի կարգավորվում գործող իրավական մեխանիզմներով։

Անվտանգությունը

Ըստ Դիվայի՝ այսօր էլ սեքս աշխատողների հիմնական խնդիրը մնում է անվտանգությունը, այդ թվում՝ ֆիզիկական։ Հատկապես համացանցում նման ծառայություններ մատուցողները գրեթե անպաշտպան են ֆիզիկական բռնության, հետապնդումների կամ շանտաժի դեպքում․

«Իմ դեպքում գործը չի հասել ֆիզիկական բռնության, բայց ունեցել եմ պատմություն, որն ինձ սարսափեցնում էր։ Մի տղամարդ, տարիքով ինձանից բավականին մեծ, զանգահարեց, հանդիպեցինք։ Հաջորդ օրը նորից զանգեց, առաջարկեց հանդիպել, բայց այդ օրը չէի կարող, ասացի, որ ժամանակ չունեմ։ 

Արձագանքը մի տեսակ շատ սուր էր․ հարցրեց՝ ո՞ւմ հետ եմ հանդիպելու։ Հասկացա, որ մի բան այն չէ, խնդրեցի այլևս չզանգել ինձ։ Թվում էր՝ այդքանով պատմությունը կավարտվի, բայց ոչ։ Հաջորդ 2 շաբաթներին այդ տղամարդը հետապնդում էր ինձ, մի համարն արգելափակում էի, մյուսով էր զանգում։ 

Առաջարկում էր գալ, ծանոթանալ ծնողներիս հետ, ամուսնանալ։ Ասում էր՝ ուզում է ինձ հետ պահել այս գործից։ Հետո արդեն նկատեցի, որ մեքենայում նստած սպասում է շենքի մոտ, որտեղ այդ ժամանակ ապրում էի։ Նամակներն ու զանգերն արդեն հիվանդագին բնույթ էին կրում, սպառնալիքներ էին պարունակում, ասում էր՝ կսպանեմ քեզ էլ, հաճախորդներիդ էլ։ Հասկացա, որ այլ ելք չունեմ։ Փակեցի սոցցանցերի էջերս, փոխեցի հեռախոսահամարս, անգամ վարձով նոր բնակարան գտա՝ այդ հետապնդումներից խուսափելու համար։ 

Այս գործում պետք է հասկանաս, որ քեզ ոչ ոք չի պաշտպանելու։ Բնական է, չէ՞, որ ոստիկանություն չես դիմի, եթե հանկարծ որևէ մեկը որոշի քեզ հարվածել կամ ստորացնել։ Այդ պատճառով էլ աշխատում եմ շփում պահել հիմնականում մշտական հաճախորդների հետ, որոնց կարող եմ վստահել»,– ասում է նա։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am