«Ռուսաստանի նոր վարկն ուղղված է Հայաստանի ռազմական ու պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դեմ». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանի նոր վարկն ուղղված է Հայաստանի ռազմական ու պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դեմ». Ստյոպա Սաֆարյան
«Ռուսաստանի նոր վարկն ուղղված է Հայաստանի ռազմական ու պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դեմ». Ստյոպա Սաֆարյան

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող պետական արտահանման նոր վարկը, որով Հայաստանին պետք է մատակարարվի ժամանակակից սպառազինություն, պայմանավորված է այն մտավախությամբ, որ Չինաստանը կարող է ավելի էժան զենք տրամադրել Հայաստանին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Խնդիրը կապ ունի Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի և տեղեկատվության հետ, որ Հայաստանը Չինաստանից սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն ունի: Եթե հիշում եք, ռուսական կողմը բավական ագրեսիվ վերաբերվեց, որ Հայաստանը սպառազինության այլ շուկաներ է փնտրում: Եվ հաճախորդ չկորցնելու համար առաջին հերթին շանտաժ արվեց, որ մենք անհավատարիմ ենք որպես դաշնակից: Այնուհետև փորձ է արվում կանխել դա, և սա կանխման ուղղությամբ քայլ է»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի չի ցանկանում, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները որևէ ուղղությամբ, այդ թվում՝ ռազմական: «Այդ երկիրը լավ է գիտակցում, որ որոշ սպառազինությունների առումով, եթե չասեմ` այլք ավելի մրցունակ սպառազինություն են առաջարկում, այլ նաև կարող են ավելի շահավետ պայմաններով զենք տալ Հայաստանին: Եվ որպեսզի Ռուսաստանը դա թույլ չտա, մի կողմից վարկ է տալիս, մյուս կողմից` իր հաճախորդներին պահում է իր դաշտում»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է երկխոսություն սկսել զենք մատակարարող այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ: Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել էին այս հայտարարությանը, կարծիք հայտնելով, թե հայկական կողմն այսկերպ շանտաժ է անում Մոսկվային:
Սաֆարյանի դիտարկմամբ՝ զենքի շուկան Ռուսաստանի համար մնում է կարևոր շուկաներից մեկը, հաճախորդներն էլ այդքան շատ չեն: Հետևաբար, այդ երկիրը փորձում է իր հաճախորդներին թույլ չտալ այլ երկրներից զենք ձեռք բերել: «Եվ, բնականաբար, ինքն ամեն ինչ անելու է, որ և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, և´ այլ երկրների զենք վաճառի»,- հավելեց Սաֆարյանը:

Փորձագետը նաև նկատում է, որ սպառազինության վաճառքը միայն տեխնիկա ձեռք բերել չէ: Դա ենթադրում է նաև այդ զենքն օգտագործող անձնակազմի ուսուցանում, դրանց սպասարկում, այսինքն ՝ տևական պրոցես է դառնում, որն ունենում է և´ տնտեսական կողմ, և´ քաղաքական:

«Մի բան էլ է հատկանշանական. միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով սա նաև կապ ունի ընդհանուր վիճակի հետ, որն ստեղծվել է Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով: Ի վերջո, պատժամիջոցների տակ այն ոլորտներն են, որոնք գումար էին բերում: Ռուսական գազի իրացման խնդիրները գնալով ավելի են լրջանում, Եվրոպան և աշխարհը դիվերսիֆիկացնում են իրենց սպառումը: Հետևաբար, Ռուսաստանը գիտակցում է, որ պատժամիջոցների պահպանման դեպքում տարիների ընթացքում ինքն ավելի շատ է գումարի խնդիր ունենում: Թվում է, թե ինքն այդ գումարը մեզ վարկով է տալիս, այնուամենայնիվ, տարիների ընթացքում դա վերադարձվելու է և Ռուսաստանի համար մեղմելու է ֆինանսական խնդիրները»,- ասում է քաղաքագետը:

2016 թվականի փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվել էր արտահանման առաջին վարկը՝ 200 մլն դոլար արժողությամբ: Այդ պայմանագրով ռուսական կողմը պետք է Հայաստանին մատակարարեր նորագույն սպառազինություն: Սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ զենքի մատակարարումն ուշացել էր: Եվ միայն Հայաստանում բարձրացված աղմուկից հետո ռուսական կողմն արագացրեց գործընթացը:

Հարցին, թե հնարավո՞ր է այս պայմանագրով էլ Ռուսաստանը ձգձգի մատակարարումը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:
«Բայց կարծում եմ, որ ռուսական կողմի համար նախորդ դեպքը չափազանց դառը դաս եղավ: Դրա հետևանքով, իհարկե, հայկական կողմը տուժեց, բայց Ռուսաստանն ավելի շատ տուժեց, որովհետև այդ ամենը դարձավ մեծ քննարկումների առարկա, և Հայաստանում փոխվեց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ որպես բարեկամ ու դաշնակից երկրի»,- ասում է նա: Բայց դժվար է ասել՝ այդ ամենից ռուսական կողմը հետևություններ արե՞ց, թե՞ ոչ:

«Բայց մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանի այս քայլն առավելապես ուղղված է Հայաստանի կողմից ռազմական ու պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դեմ»,- եզրափակեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am