Վերին Շորժայի սարերում ադրբեջանական ԶՈՒ-ն դիրքից դիրք անարգել անցնելու համար տեխնիկա է կիրառում․ համայնքապետ․ Factor.am

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գրում է Factor.am-ը։

Վերին Շորժա համայնքի սարերում ադրբեջանական շարժ է նկատվել․ նրանք սկսել են տեխնիկա կիրառել, որպեսզի դիրքից դիրք կարողանան անարգել անցնել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

«Այն դիրքերը, որտեղ հիմա ադրբեջանցիներն են, նախկինում արոտավայրեր են եղել։ Սարի լանջին աշխատող տեխնիկա է երևում, որոնք, իմ կարծիքով, ադրբեջանական ԶՈՒ-ի շարժը ավելի հեշտ կազմակերպելու համար են»,- նշեց համայնքապետը։

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ-ն արձանագրել է՝ «ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի քանի տասնյակի հասնող անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով, իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը և որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին:

Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղին առավել մոտ վայրերում և դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը»։

Վերին Շորժայի համայնքապետը նշեց՝ ադրբեջանական ԶՈՒ-ն որևէ իրավունք չունի այդ հատվածում ճանապարհ բացելու՝ սարի լանջով մեքենաներով տեղաշարժվելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում