Էրդողան այս զորավարժություններով փորձում է ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ չդիմի ԵԱՀԿ եռանախագահող մյուս երկրներին. Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, Կարսում հունվարի 18-ին տասը օր անցկացվելու են Թուրքիայի զորավարժությունները, որին մասնակցելու են նաև ադրբեջանական ստորաբաժանումներ։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք Հայաստանի համար մտահոգվելու առիթ կա այստեղ։

-Վտանգ չկա։ Հայաստանն էլ չի կարող միջամտել, և Կարսը Թուրքիայի տարածքում է, և նա կարող է այնտեղ զորավարժություններ անցկացնել։ Խնդիրը զորավարժությունը չէ, դա, իմ կարծիքով, Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման պատասխանն է, ավելի ճիշտ՝ ձայնակցումն է: 

Ես այդպես էլ զարմացած եմ, թե ինչու էր այդ հանդիպումը Պուտինը կազմակերպել, քանի որ բացարձակապես որևէ հարց չի լուծել։ Պուտինի ելույթն էլ լսեցի, Ալիևինն էլ, Փաշինյանինն էլ: 

Առաջին երկուսի ելույթները անիմաստ ու դատարկ էին, միայն Փաշինյանի ելույթն էր տարբեր, որտեղ նշվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրներին խնդրի կարգավորմանը ներգրավելու մասին։ Սա կարևոր էր։ 

Նաև ափսոսանք հայտնեց, որ մինչև հիմա լուծված չէ գերիների և պատանդների հարցը։ Պուտինը հավանաբար այդ հանդիպումը կազմակերպել էր նրա համար, որ ցույց տա, որ նախաձեռնությունը Հարավային Կովկասում պատկանում է իրեն՝ Բայդենին ընդառաջ։ 

Էրդողանն էլ այս զորավարժություններով փորձում է սպառնալիքներ հնչեցնել, որը ռեալ սպառնալիք չէ, պարզապես այս զորավարժություններով Փաշինյանի վրա հավանաբար ճնշում է գործադրում, որ չդիմի ԵԱՀԿ եռանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային և  Միացյալ Նահանգներին: 

Այսինքն՝ փորձում է զսպաշապիկ հագցնել և քաղաքական գործունեությունը սահմանափակել։ Այդ իմաստը կարող են ունենալ զորավարժությունները:

-Այսինքն՝ Թուրքիան չունի՞ Հայաստանին ուժ ցուցադրելու անհրաժեշտություն։

-Չէ, չունի, ուժեղ է, բայց միջազգային դիվանագիտության մեջ ընդունված է ժամանակ առ ժամանակ ուժ ցուցադրել։ Եվ քանի որ հուլիսից՝ այս պատերազմի նախապատրաստական փուլից ի վեր, ամբողջ պատերազմի ընթացքում, նաև եռակողմ հայտարարությունը ստորագրելու, ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու օրերին Պուտինը սերտորեն համագործակցել է Էրդողանի հետ, իսկ Էրդողանն էլ զորավարժությունները պետք է համաձայնեցրած լինի Պուտինի հետ։ 

Այսինքն՝ մեր ոխերիմ թշնամին և մեր դաշնակիցը Հայաստանի վրա համատեղ ճնշում են գործադրում։ Այսինքն՝ Թուրքիան` Հայաստանի վրա, Պուտինն էլ` Փաշինյանի վարչակարգի վրա: 

-Տեսակետ կա, որ պատահական չէ, որ Կարսում են զորավարժությունները տեղի ունենում, որի դիմաց Գյումրին է, որտեղ ռուսական ռազմաբազան է գտնվում, իսկ քանի որ մարտին լրանում է ռուս-թուրքական պայմանագրի 101-րդ տարելիցը, ուստի քաղաքական այսպիսի ակնարկ են արել թուրքերը: 

-Դա ստորագրվել է 1920 թվականի մարտի 16-ին, Մոսկվայում: Իսկ այս տարի դեկտեմբերին կլրանա Կարսի պայմանագրի 100-ամյակը: Կարսի պայմանագիրը Մոսկվայի պայմանագրի հավելվածն է: Թեև տեքստում չկա, բայց այդ պայմանագիրը, ըստ երևույթին, ունեցել է գաղտնի հոդվածներ, որոնց հիման վրա էլ ձևավորվել է Կարսի պայմանագիրը: 

Այդ հարցը շատ է արծարծվում, կարծես Արցախում տեղի ունեցող անարդարությունից, իրավունքների ոտնահարումից, այդ թվում` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու անդամ երկրներին խաղաղ կարգավորման գործընթացից դուրս մղելու Պուտինի նկրտումներից ուշադրությունը շեղելու միջոց է այդ 100-ամյակը: 

Կարսի պայմանագրի 100-ամյակը որպեսզի մեզ ինչ-որ բան տա, իսկ այն ստորագրել են քեմալականների ազգային ժողովը, բոլշևիկյան Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, և եթե կողմերից մեկնումեկը դեմ լինի, վերանայել չեն կարող: 

Վրաստանն այդ պայմանագրով Օսմանյան կայսրությունից ստացել է Բաթումը: Հավանաբար, Վրաստանը դեմ կլինի վերանայմանը: Ադրբեջանն այդ պայմանագրի հիման վրա է, որ բոլշևիկյան Ռուսաստանից ստացավ Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը: 

Ի դեպ, մեղադրում են Ստալինին, բայց վերջերս Պատմության ինստիտուտը մի գիրք էր հրատարակել «Հայկական հողերի բռնակցումը Թուրքիային և Ադրբեջանին», Ստալինը Ռուսաստանի կոմունիստական բանվորական կուսակցության կովկասյան բյուրոյի նիստում Նարիմանովին ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Հայաստանի կազմում: 

Նրա այդ առաջարկին հավանություն էին տվել Օրջոնիկիձեն և Կիրովը: Նարիմանովը ստորագրում է, գնում է Բաքու, հետո դիմում է Մոսկվայի կոմունիստական բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոյին, օրակարգ են մտցնում, որ քննարկեն, հանկարծ Լենինն ու Տրոցկին առանց քննարկման հրամանագիր են ստորագրում, որ մնում է Ադրբեջանի կազմում: Նման բան կարող էին անել միայն այն դեպքում, երբ վստահ չլինեին, որ կենտկոմի բյուրոն կհանձներ Ադրբեջանին: 

Այսինքն` Մուստաֆա Քեմալին, որ դեռ Աթաթուրք չէր դարձել, սրանք խոսք էին տվել, որ պետք է Ղարաբաղն ու Նախիջևանը միացնեն Ադրբեջանին: Ոնց որ Պուտինն էր Էրդողանին հավանաբար խոսք տվել, որ Շուշին ու Հադրութը կմիացնի, կհանձնի Ադրբեջանին: 

Որովհետև այդ եռակողմ չարաբաստիկ հայտարարության մեջ Շուշիի և Հադրութի անունը չկար: Բացի այդ, երբ Պուտինը խոսում էր այդ 7 շրջանների մասին, Մինսկի փաստաթուղթը վկայակոչելով, այդ փաստաթղթում նույնպես չկա Շուշին ու Հադրութը Ադրբեջանին հանձնելու մասին: 

Ոչ էլ կա շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայելու մասին հոդված: Կա միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին կետ: Փաստորեն ռուս խաղաղապահները պատուհաս են դարձել, նրանց տեղակայումից հետո 9 զինվոր չպարզաբանված հանգամանքներում սպանվել են, ավելի քան 10 քաղաքացու առևանգել են: 

Այսինքն խաղաղապահներն այնտեղ են, բայց հանկարծ ադրբեջանցի հրոսակները խաղաղապահների թիկունքում մտնում են, հասնում են խաղաղ բնակավայրեր, հայ քաղաքացիներին առևանգում, տանում: 

Գերի են վերցնում հայ զինվորներին ու տանում: Հարց է ծագում. հիմա ռուս խաղաղապահները խաղաղությո՞ւն են պահպանում, թե՞ ադրբեջանցի հրոսակին հնարավորություն են տալիս ճեղքելու պաշտպանական գիծը, գնալու հայ զինվորներին գերեվարելու, հայ քաղաքացիներին պատանդ վերցնելու համար: 

Փաստերը լրիվ այլ բան են ցույց տալիս: Ռուսաստանն իբր մեր բարեկամն է, եթե թշնամական երկրի խաղաղապահ լիներ Ղարաբաղում, ի՞նչ պետք է աներ: Կարծում եմ՝ նույնն էր անելու: 

– Այս իրավիճակում, երբ տեսնում ենք ռուս-թուրքական տանդեմը, ինչի՞ պետք է պատրաստ լինի հայկական կողմը, ի՞նչ պետք է անենք:

– Առհասարակ, ռեալ պոլիտիկից են շատերը խոսում, բայց ոչ մեկը դրա սահմանումը չի տալիս: Ես տամ դրա սահմանումը. դա այն քաղաքականությունն է, որը տվյալ պետությունը վարում է` ելնելով երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական կարողություններից, անպայման հաշվի առնելով միջազգային իրավիճակի առանձնահատկությունները: 

Այսինքն` Հայաստանի հնարավորությունները այդ առումով խիստ սահմանափակ են, Պուտինին սաստելու հնարավորություն մենք չունենք: 

Բայց միջազգային իրավիճակի առանձնահատկություններից կարող ենք օգտվել, որովհետև նախքան ԱՄՆ-ում ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումը ասել էր, որ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը լինելու է հետևյալը. վաղ վերականգնել ԵՄ-ի հետ տակնուվրա եղած հարաբերությունները և պայքարել աշխարհում բռնատիրական վարչակարգերի դեմ: 

Բռնատիրական վարչակարգերից առաջինը Պուտինի վարչակարգն է, մանավանդ Պոմպեոն էլ Ռուսաստանին անվանեց գլխավոր թշնամի: Մինչ այդ հակառակորդ էին անվանում, նույնիսկ Խորհրդային Միությանը թշնամի չէին համարում: Երկրորդը Էրդողանն է: 

Երկուսն էլ մտահոգված են: Էրդողանի անձի, նրա ընտանիքի անդամների, վարչակազմի անդամների ունեցվածքը սառեցնելու, այսինքն պատժամիջոցներ կիրառելու բանաձև կա արդեն Սենատում: Ներկայացուցիչների պալատը հաստատել է: 

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ԱՄՆ-ը վերջերս հաճախակի է հոլովում «ռուսական տրիլիոն» արտահայտությունը: Դա էլ Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ունեցվածքը սառեցնելու մասին բանաձևի մասին է: 

Եթե դա ուժի մեջ դրվի, գուցե մեր կորցրածը հետ չի վերադարձնի, այնուամենայնիվ զսպաշապիկ կհագցնի Պուտինին, որ Հայաստանը նոր փորձությունների առջև չկանգնի: Եթե Ալիևը գերիներին չի հանձնում, կարծում եմ՝ հենց Պուտինի հրահանգով չի հանձնում: 

Հայաստանի իշխանություններին կաթվածահար վիճակում պահելու համար դա որպես լրացուցիչ գործոն է օգտագործում: Պուտինն ինչ ստորություն ասես անում է. այսպիսի դաշնակից, որ միայն չարագործություն կանի, ես չէի պատկերացնում: 

Քանի որ այս եռակողմ հայտարարությունը հակասում է Մինսկի խմբի փաստաթղթերին, հետևաբար ապօրինի է, որքան էլ Պուտինը փորձի ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս մղել խաղաղ կարգավորման գործընթացից և փաստի առջև կանգնեցնի, կարծում եմ՝ պաշտոնն ստանձնելուց հետո Բայդենն ամենևին կուլ չի տա, և այդ հարցը անպայման կբարձրացնեն: 

Ֆրանսիան ևս կուլ չի տվել դա: Միայն թե այստեղ իշխանությունները տեղի-անտեղի հավատարմություն չհայտնեն ռազմավարական դաշնակցին կամ երախտագիտություն հայտնեն մի տականքի, որը Ղարաբաղը բզկտել է, այդքան զոհերի պատճառ է դարձել, դեռ մի բան էլ լկտիաբար ինչ դավեր է նյութում Հայաստանի դեմ: 

Նկատի ունեմ այդ գերիների և պատանդների հանձնումը հետաձգելը: Ես համոզված եմ, որ հենց Պուտինն է հուշում Ալիևին, թե չէ 2 ամիս է անցել եռակողմ հայտարարության կնքումից, մինչև հիմա չենք կարողանում մեր գերիներին ու պատանդներին հետ ստանալ: 

Հայտարարության մեջ Շուշի, Հադրութ չկա, բայց Ալիևը դրանք ստանում է, և ավելի քան 100 բնակավայր, որ հայտարարության պահին ռազմական գոտուց դուրս էին գտնվում: Ամեն ինչ ստանում է, իսկ մենք ոչինչ չենք ստանում: 

Ընդամենը մեկ հեռախոսազանգ Պուտինի օգնականներից մեկնումեկից որ լիներ, նա բաց կթողներ բոլորին: Այնպես որ, դաշնակից ունենք ի դեմս Պուտինի, որ թշնամուց ավելի վտանգավոր է, որովհետև թշնամուց զգուշանում ես, իսկ դաշնակիցը զգոնությունը թուլացնում է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am