Համագործակցության նոր մակարդակ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև

Համագործակցության նոր մակարդակ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև
Համագործակցության նոր մակարդակ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև
Հեղինակ MediaLab

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, որ սրանով Հայաստանը և ԱՄՆ-ն կթևակոխեն համագործակցության նոր փուլ:

Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Հայաստանի կառավարության հետ կնքել ժողովրդավարության և կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր համաձայնագիր, որն իր տեսակի մեջ բացառիկ կլինի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման ոլորտում նախատեսվող օժանդակության նպատակն է խթանել ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ավելացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Նախատեսվող համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության և կառավարման բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել 32 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն:

«Սա մեր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության նոր մակարդակ է, որը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ որևէ այլ երկրի հետ դեռևս նման ծրագիր չենք իրականացնում», – ասել է Քարեն Հիլիարդը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչ մարտի 31-ը: