Հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն»-ի հատկությունները բացահայտելու ուղղությամբ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին:

Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ: Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը:

Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով: COVID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող «Դելտա»-ն, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ «Օմիկրոնը» կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ, պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:

Պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմիկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում’ ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը: Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ:

Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:https://www.who.int/…/item/28-11-2021-update-on-omicron…:

Առողջապահության նախարարությունը հետամուտ է առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա: Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթական են փոփոխման` պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով: