«Հայաստանում գործողությունները մինչև այս պահը զարգանում են Թուրքիայի ու Ադրբեջանի ուզածով». Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, թուրք-ադրբեջանական տանդեմն իսկապե՞ս պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման, ինչպես այդ պատրաստակամությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

– Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները կարող ենք համարել ձեր հարցի պատասխան, իսկ Ադրբեջանի մոտեցումը պարզ է՝ անընդհատ խոսում են խաղաղության մասին իրենց ունեցած պատկերացումների մասին: Թուրքիան սպասում է, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի կողմից վերջերս ներկայացված հինգ կետից բաղկացած առաջարկությունը, և «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի:

Այսինքն՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես 25 տարուց ավելի արել է, կրկին պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Նրանց այս պայմաններով հաստատվող «խաղաղությունը», այո՛, ձեռնտու է իրենց: Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակը Արցախն ադրբեջանական ճանաչելն է, և երկուսն էլ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ:

– Իսկ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ Հայաստանից հնչող հայտարարություններն ինչպե՞ս են ընդունվում հարևան պետություններում:

– Քանի որ Հայաստանի իշխանության արձագանքները, հայտարարությունները իրենց հանդեպ դրական են, շատ նորմալ են ընդունում: Հիմա ավելի քան հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքի անգամ ամենամանր դետալներին, շատ ուշադիր հետևում են տեղի ներքաղաքական զարգացումներին: Կարող ենք արձանագրել, որ գործողությունները մինչև այս պահը Հայաստանում զարգանում են Թուրքիայի ու Ադրբեջանի ուզածով:

– Պարո՛ն Իսպիրյան, իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցից հետո Թուրքիայում ի՞նչ տրամադրություններ են նկատելի:

– Բնականաբար, իրենք ցանկանում էին, որ Հայաստանի արտգործնախարարը մեկնի Թուրքիա, որովհետև դա պետք էր իրենց, որ աշխարհին ցույց տան ու հասկացնեն, որ արտգործնախարարների մակարդակով կարող են շարունակել հարաբերությունները:

Բայց հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը կրկին նշեց, որ իրենք սպասում են, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի ներկայացրած այդ հինգ կետը: 

– Իսկ թուրքական կողմը գո՞հ է Հայաստանի պատասխանից, որ տրվել է այդ առաջարկներին:

– Անկեղծ ասած, ես նման արձագանքի չեմ հանդիպել: Թուրքական կողմում դրա վերաբերյալ արձագանքներ չկան:

– Այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի կնքումը:

– Դա կախված է Ադրբեջանի, այսպես ասած, վերաբերմունքից՝ եթե Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս չճանաչի, իսկ ադրբեջանցիների հիմնական նպատակն ու պնդումը հենց դա է, որ Արցախը Ադրբեջանի մաս է:

– Պարո՛ն Իսպիրյան, կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե Հայաստանը հրաժարվի ադրբեջանական կողմի առաջարկած այդ հինգ կետը կատարելուց, ապա ոչ միայն անհնար կլինի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, այլ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց տեղի չի ունենա:

– Այո՛, ես կարծում եմ, Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ համաձայնության չգա:

Չնայած փաստին, որ այս պահին Թուրքիային միանշանակ ձեռնտու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

– Իսկ ձեր գնահատմամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրա՞ստ է իր առաջ դրված նպատակներից որոշակի զիջումներ անել, թե՞ մինչև վերջ կշարունակի պնդել դրանք:

– Կախված է տարածաշրջանային գործընթացներից: Եթե Ռուսաստանի դիրքերը թուլանան այստեղ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան ավելի կոշտ են լինելու իրենց պահանջներում:

Եթե Ռուսաստանին հաջողի Ուկրաինայի հետ պատերազմն օր առաջ ավարտել և իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, հնարավոր է, որ Ադրբեջանն ինչ-որ զիջումների գնա: Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունն է, որ Ռուսաստանը պարտվի, տարածաշրջանում նրա դիրքերը թուլանան, որպեսզի իրենք առանց պայմանագրի էլ կարողանան Հայաստանից կորզել այն, ինչ ցանկանում են շատ երկար ժամանակ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am