Արցախի փխրուն խաղաղությունը տարիներ շարունակ ուղեկցվում էր մարդկային կյանքեր արժեցող սողացող պատերազմներով։ 2020 թվականի լայնածավալ պատերազմը, դրան հաջորդող շրջափակումը, մեկօրյա պատերազմն ու պայթյունը շարունակում էին կյանքեր խլել։ Կյանքի ու մահվան սահմանագծին Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ամեն օր գնում էին վտանգին ընդառաջ` մահվան ճիրաներից ողջ մնացած մարդկանց դուրս բերելու, նորից կյանք վերադարձնելու համար։ Տարիներ շարունակ, ամենատարբեր իրավիճակներում նրանք փրկօղակ էին, հույս, սպասում, լավ լուր․․․
Փրկարար Սեմյոն Ծատրյանը
Արցախի փրկարար ծառայությունում աշխատանքի անցած 30-ամյա Սեմյոն Ծատրյանը երբեք չէր պատկերացնի, որ մասնագիտական փորձառությունը պատերազմների և ծանր որոշումների միջով է անցնելու` ամեն անգամ սեփական կյանքից առավել դիմացինի փրկությունը կարևորելով․ «որովհետև համազգեստն ու արժեհամակարգն են այդպես թելադրում»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան քնած էր, երբ լսվեցին առաջին պայթյունների ձայները: Անմիջապես հագավ համազգեստն ու շտապեց փրկարարների մշտական տեղակայման վայր։

Սեմյոն Ծատրյանը դժվարությամբ է պատմում ծառայությունից։ «Անբացատրելի, բառերով չբացատրվող ցավ է, երբ գնում ես ու տեսնում զոհված զինվորի մարմինը: Բոլորն էլ քո եղբայրն են, քո զինվորներն են»:
Ալեքս անունով զինվորը
2023-ի երկօրյա պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 22-ին, բանակցությունների ավարտից հետո, փրկարարներին թույլ տվեցին անցնել գրավյալ տարածքներ։ Ալեքս անունով մի զինվորի կոորդինատներ ունեին։ Գնացել են նրա հետևից։ Գտել են, դուրս բերել ու հասցրել հիվանդանոց։
Տղաներին ողջ գտնելը մի ուրիշ զգացողություն էր․․․
«Ես իր մամային որ տեսել էի, ասել էր՝ անպայման տղայիս բեր: Ես էլ մտքիս մեջ ասել էի՝ ինչ գնով էլ լինի պիտի փնտրենք, գտնենք էդ մարդուն ու դուրս հանենք, չմնա գրավված տարածքում։ Ալեքսի մաման ինձ մի շիշ ջուր էր տվել, ասել էր՝ տղաս ծարավ է, հենց գտնես տղայիս, անպայման ջուրը կտաս իրեն: Ասացի՝ ես ունեմ ջուր, ես կտամ իրեն, ասաց՝ չէ, սա մամայի ուղարկած ջուրն ա, սա կտաս:
Սկզբից խնդիրներ կային, դժվար անցանք այդ ճանապարհը: Տեղ հասնելուն պես ես Ալեքսին ռուպորով կանչեցի: Ասեցի, որ ես փրկարար եմ, անունս Սյոմա է, իր մամայի անունը տվեցի, և ինքը պատասխանեց ինձ: Առանց զենքի էր, բայց ձեռքին նռնակ կար, մտադրություն ուներ ձգանը քաշել, եթե հանկարծ թուրքերը մոտենան, ու գերի ընկնի: Արդեն որ մոտեցա, ասել, բացատրեմ եմ, որ ձեռքի նռնակը դեն նետի, ինձ հետ գա՝ դուրս գանք: Ձեռքից էլ էր վիրավոր, ոտքից էլ հրազենային վիրավորում ուներ՝ ինչքան հիշում եմ, մի խոսքով՝ արյունաքամ վիճակում էր: Ուժեղ տղա ա Ալեքսը՝ մարզիկ: Օգնեցի՝ իջանք ներքև, ու ես մտքումս աղոթում էի, որ Ալեքսի հետ կարողանանք այդտեղից ողջ դուրս գալ։ Դա մի ուրախություն ու հպարտություն էր, որ ողջ գտնվեցին տղաները»:
Արցախի փրկարարը
Փրկարարի աշխատանքը Սեմյոնի համար երազանք էր դեռ դպրոցական տարիներից։ Պարտադիր զինծառայությունից հետո միանգամից դիմել է ԱԻՆ, սակայն թափուր հաստիք չի եղել։ 2017 թվականին հագել է շատ սպասված փրկարարի համազգեստը: Բռնի տեղահանության ժամանակ փաստաթղթերի ու ծառայողական պարգևների հետ համազգեստն էլ է վերցրել իր հետ:
«Մրցումներ էին մեր փրկարար ծառայությունում։ 1-ին տեղ էինք գրավել, ու այս մեդալն էին տվել: Նմանատիպ շատերը կան, բայց մեծ մասը երևի մնացել են հիմնարկում։ Մեդալների հետ գավաթ էլ էին տալիս: Գավաթները պահում էինք հրամանատարի աշխատասենյակում՝ շարում էինք վերևում»։
Ստացած բոլոր մեդալների միջից Սեմյոնը ցույց է տալիս մեկը, որ հատկապես թանկ է իր համար՝ «Արցախի անվեհեր փրկարարը»։
Փրկարարի իր համազգեստը նորից է հագնելու
Բռնի տեղահանությունից հետո Սեմյոնը իր ծառայակից ընկերների մեծ մասի պես՝ այլ ժամանակավոր գործեր է անում, բայց չի կորցնում հույսը, որ Արցախից բերած համազգեստն իրեն դեռ պետք է գալու: Ցանկանում է ծառայությունը շարունակել հենց փրկարարական ստորաբաժանումում։
Իր ապագան հիմա Հայաստանում է տեսնում։ Արցախում ամեն ինչ ստեղծել էր՝ տուն էր կառուցել, ընտանիք կազմել։ Ասում է, որ այստեղ էլ տուն կկառուցի:
«Կաշխատենք, տունն էլ կստեղծենք, ամեն ինչ, ինձ թվում է՝ լավ կլինի: Ուղղակի դժվար պահեր կան, որոնց հետ չես կարողանում համակերպվել։ Հետ ես նայում ու հիշում ես՝ ինչ ես թողել. գերեզմաններ, եղբայրական գերեզմանատուն․․․»
Ծառայակից ընկերներով Հայաստանում հիմա ավելի հաճախ են հանդիպում, քան Արցախում։ Կարոտում են իրար ու իրենց ընդհանուր հիշողություններին։
«Հիմնական մեր հիշողություններից ենք խոսում: Ուրիշ ի՞նչ ունենք, դա է: Մեկ էլ խոսում ենք, թե ինչպես ենք իրար թիկունք լինելու, որ մի բան անենք: Կապը պիտի պահենք, որ գուցե մի օր նույն խմբով գնալու ենք Ստեփանակերտում աշխատենք»:
Տաթևիկ Խաչատրյան



















