Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հակառուսական երկրորդ բանաձևին

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հակառուսական երկրորդ բանաձևին։ Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը հակառուսական երկրորդ բանաձևն է ընդունել Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։

Բանաձևի համահեղինակներ են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Լիտվան, Լատվիան։ Փաստաթուղթը պատրաստվել է այն բանից հետո, երբ Մեքսիկան ու Ֆրանսիան չկարողացան հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց բանաձեւի ընդունմանը։ Բանաձևին կողմ է քվեարկել 140, ձեռնպահ՝ 38, դեմ են եղել Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը և Սիրիան։

Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կուբան, Եթովպիան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Հարավային Աֆրիկան, Սուդանը, Տաջիկստանը և մի շարք այլ երկրներ։

Հիշեցնենք , որ ՀՀ-ն ձեռնպահ էր քվեարկել նաև ՄԱԿ-ի հակառուսական առաջին բանաձևին, որով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը պահանջում էր Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում սկսած ռազմական գործողությունը և դուրս բերել զորքը։

Աղբյուր՝ Factor.am