Խարդախությունների շարքը կասեցվեց, իսկ արդեն տուժածները կարող են դիմել ոստիկանություն․ Տեսանյութ

Փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգաձորի բաժնում հաղորդում էր տվել մի ձեռնարկատեր: Ըստ նրա` պետռեգիստրի աշխատակից Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդը խաբեությամբ, վճարային տերմինալի միջոցով իրենից հափշտակել է 130 հազար դրամ: Տղամարդը հայտնել է, թե իբր իր որդին զինվոր է, և նրան օգնելու համար խիստ շտապ հարկավոր է գումար, ինչը պարտավորվում է վերադարձնել շուտով:

Ընդունելով հաղորդումը` Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ: Շուտով պարզվեց, որ եղեգնաձորցին ձեռնարկատիրությամբ զբաղվող միակ խաբվածը չէ: Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդը, մեկ իբրև լրագրող, մեկ` իբրև առաքիչ, զանգահարել է հանրապետության տարբեր վայրերում գործունեություն ծավալած անձանց և գրեթե նույն պատրվակով հափշտակել գումարներ:

Ավելին, իրավապահները պարզել են նրա իսկական տվյալները, նաև ճշտել, որ 31-ամյա երիտասարդը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից 2020 թվականից արդեն իսկ հետախուզվում էր խարդախություններ կատարելու մեղադրանքով:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին հետախուզվողին հայտնաբերել են Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցում և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդու հանցավոր արարքներից կարող են տուժած լինել այլ քաղաքացիներ ևս: Նրանք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։