ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերով տնտեսվարողների մոտ արձանագրվում են մի շարք հիմնական խնդիրներ

Հեղինակ MediaLab

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երեւանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երեւանի եւ մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաեւ կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններիս թվում են նաեւ այնպիսիք, որոնց մոտ առկա խնդիրների մասին տեսչական մարմինն ահազանգեր է ստացել թեժ գծով։

Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնոց չկրելուն, աշխատողների ջերմաչափմանն ու դրա գրանցամատյանի վարմանը․ հաճախ խախտվում է օրական երկու անգամ պարտադիր ջերմաչափելու եւ արդյունքները գրանցելու կանոնը։

Առկա են նաեւ հաճախակի շփման մակերեսներն օրական առնվազն երկու անգամ ախտահանելու կամ դրա վերաբերյալ տվյալների վարման խնդիրներ։ Որոշ տնտեսվարողների մոտ բացակայում են փակվող (ոտնակով) աղբամանները, վիրուսի եւ ամեն օր ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկներն ու պաստառները։

Հաճախակի են սոցիալական հեռավորությունը չպահպանելու եւ դրա համար անհրաժեշտ նշագրումներ ունենալու խախտումները։ Աշխատավայրում ձեռքերն ախտահանելու, լվանալու եւ չորացնելու պայմաններ պետք է ապահովված լինեն՝ բացառելով սրբիչների առկայությունը։

Պարետի հաստատած անվտանգության կանոնների խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Այդ կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումներն ուղղված են այդ խախտումների արձանագրմանն ու դրանց վերացմանը՝ կանխարգելելու կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը։

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։

ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերով տնտեսվարողների մոտ արձանագրվում են մի շարք հիմնական խնդիրներՀՀ առողջապահական եւ աշխատանքի…

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Freitag, 29. Mai 2020