Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին և շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, մաղթել է նույն կառուցողական հունով շարունակել բեղմնավոր աշխատանքը և համատեղ ծրագրերի իրականացումը 2020 թվականին: Փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման հաջող գործընթացը՝ անդրադառնալով 2019 թվականի վերջին կայացած Գործընկերության կոմիտեի արդյունքներով համատեղ հայտարարությանը: Փոխվարչապետը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների մշակման ու հաստատման գործընթացը և Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման տրամաբանությունը՝ առանձնացնելով հիմնական մեգանպատակներն ու դրանց կապը ՀԸԳՀ-ի և Կայուն զարգացման նպատակների հետ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունը ռազմավարությունների մշակման գործընթացում՝ անդրադառնալով առանձին ռազմավարությունների քննարկման ընթացքում դոնոր համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տարեսկզբյան հանդիպումը լավ առիթ է համարել համատեղ կատարված աշխատանքը գնահատելու և առաջիկա անելիքները ուրվագծելու համար: ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ ավելացել է նաև Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Ընդգծելով, որ կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության շնորհիվ իրականացված աշխատանքն ու իրական արդյունքները՝ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և լինելու նրա վստահելի գործընկերը՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերում: 

Զրուցակիցները երկուստեք կարևորել են արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումների իրականացումը: Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել այս ոլորտներում կառավարության արդեն իսկ իրականացված բարեփոխումները և նախանշած անելիքները: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք առաջնահերթություններին և 2020 թվականից հետո համատեղ ծրագրավորման ուղղություններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։