ԿԳՄՍՆ-ի երեք տարբեր կառույցների միավորման նախագիծը ոչ միայն անհիմն է, այլ նաև ռիսկեր է պարունակում. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառում է մի նախագիծ, որով ստեղծվելու է բարձրագույն կրթության և գիտության նոր կոմիտե, որն իր մեջ ներառելու է այսօր գործող գիտական երկու առանձին կառույցներ՝ ԲՈԿ-ն ու Գիտության կոմիտեն և նախարարության հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը։ Որո՞նք են այս նախագծի ռիսկային կողմերը, ինչպե՞ս եք գնահատում միավորման այս գաղափարը։

– Նախ նշեմ, որ այդ նախագիծը, ճիշտ է, դրված է հանրային քննարկման, բայց եթե ինչ-որ մեկը վերցնի ու դրա հիմնավորումը կարդա, կտեսնի, որ անհիմն հիմնավորում է, որովհետև, ըստ էության, այդ նախագծի հիմքում դրված որևէ հիմնավորում չկա, դրա համար ասում եմ, որ դա, թերևս, ինչ-որ մեկի կամայականությունն է՝ ինչքան հնարավոր է ոլորտը շատ կենտրոնացնել ու կախվածության տակ դնել ուղիղ կառավարությունից կամ նախարարի միջոցով կառավարությունից։ 

Սա ակնհայտ է, որովհետև, իսկապես, այնտեղ ինչ փոփոխություն առաջարկում են, հիմնավորումը գրված է նույն բանը, ինչ գրված է այս նախագծում, ասենք՝ միավորել այս կոմիտեն և այն կոմիտեն, այսինքն՝ իրականում որևէ հիմնավորում չկա։ 

Գործառույթները, որոնք նախատեսվում է տալ նոր կազմավորվող կոմիտեին, ըստ էության այնքան խորն են ու համապարփակ, որ բնութագրական են մի ողջ նախարարության գործառույթների։ Ոչ շատ ուշ ժամանակներում Հայաստանում եղել է բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, այս դեպքում կարելի էր ուղղակի նոր նախարարություն ստեղծել, եթե իհարկե ունեն կադր, որին կարելի է նախարար նշանակել։ 

Ռիսկեր, իհարկե, կան, որովհետև, եթե նայում ենք՝ ստացվում է, որ մարդը ընդունվում է բուհ, ու այդ պահից սկսած՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, պաշտպանություն և այլն, այդ ողջ գործընթացը կենտրոնացվում է մեկ կառույցի կամ մեկ մարդու ձեռքին, ստացվում է, որ կոռուպցիան ուղղակի կենտրոնանում է, ու հարյուր մարդու հետ գործ ունենալու փոխարեն գործ կունենաս մեկի հետ։ 

Չի կարող, որ նույն կառույցը մշակի և՛ ոլորտի քաղաքականությունը, և՛ վերահսկի այդ քաղաքականությունը, և՛ գործառույթներն այնքան ընդլայնված լինեն, որ ամեն ինչ կախված լինի մեկ կառույցից։ Այս առումով խիստ անցանկալի է այս որոշումը, եթե, իհարկե, դա օրենքի ուժ ստանա, որովհետև Կառավարության հավանությունը ստանալուց հետո դեռ պետք է խորհրդարանի հաստատումը ստանա։ 

– Լիահո՞ւյս եք, որ խորհրդարանը չի հաստատելու։

– Մինչ այդ, վստահ եմ, որ ինչ-որ լսումներ կլինեն, քննարկումներ, մարդիկ էլի իրենց կարծիքը կբարձրաձայնեն։ Մենք ունենք նաև վերջին տարվա պատմությունից դրական փորձ, երբ մշակվեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագիծը, նույնիսկ ընդունվեց խորհրդարանի կողմից, բայց մասնագետների, լայն հասարակության, մտավորականության ճնշման ներքո այն ՍԴ-ի կողմից որոշ կետերով ճանաչվեց հակասահմանադրական ու ընդհանրապես դուրս եկավ քննարկումից։ 

Հիմա կարծես թե մոռացել են այդ օրենքի նախագծի մասին, ու հապշտապ ձևով ցանկություն կա էլի ինչ-որ բան անել, որը, բնականաբար, ցանկալի չէ։ Այդ նախագծում կա նաև Գիտությունների ակադեմիային վերաբերող կետ, կարծես անընդհատ ընկած լինեն այդ կառույցի հետևից, հիմա էլ անունն են ուզում փոխել՝ «գիտությունների» ու «ազգային» բառերը հանել ու թողնել միայն «ակադեմիա» բառը, ըստ էության հեղինակազրկելով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող Գիտությունների ակադեմիան։ Պետք է նկատել նաև, որ այս նախագիծն ընդհանրապես չի քննարկվել մասնագետների հետ՝ մինչև էլեկտրոնային հարթակում տեղադրվելը։ 

– Պարո՛ն Մխիթարյան, հիշյալ կառույցների գործառույթներն այդքան ընդհանրակա՞ն են, որ որոշվել է դրանք մեկ ընդհանուր կառույց դարձնել։

– Դեռևս 93 թվականից գործում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, որը հետո դարձավ կոմիտե, այսինքն՝ սա արդեն իսկ կայացած կառույց է, որն իր գործառույթները շատ լավ իրականացրել է հետխորհրդային ժամանակաշրջանում, հետո նորացվել ու հիմա որոշակի առումով նաև վերահսկիչ դեր է կատարում։ Բնականաբար, այս կառույցի գործառույթը նման չէ Գիտության կոմիտեի գործառույթներին, էլ ինչ մնաց՝ բարձրագույն կրթության վարչության, որը հիմա գործում է նախարարության կազմում։ 

Երեք տարբեր ոլորտներ են, իհարկե, իրարից շատ հեռու չեն, բայց այնպես էլ չէ, որ կարելի է միաձուլել։ Նույնիսկ եթե կա նման մտադրություն, դա պետք է ժամանակի ընթացքում կազմակերպվի ու բնական ճանապարհով, այլ ոչ թե՝ վարչական, հրամայական մեթոդներով ու հապշտապ։ 

– Բովանդակային առումով փոփոխություն չի՞ լինելու։

– Ո՛չ, սա լինելու է մեխանիկական միաձուլում, եթե լինի։ Բովանդակային առումով որևէ բան չի փոխվի, որովհետև բովանդակության փոփոխությունը մեծ մասամբ կախված է կադրերից, իսկ եթե կադրերը նույնն են մնում, պարզ է, որ բովանդակային առումով կլինի զրո փոփոխություն, եթե չասենք, որ դեպի վատը կլինի, որովհետև դա իրենից ենթադրում է նաև աշխատատեղերի կրճատում։ Բնական է, որ երեք կառույց միավորելիս կրկնվող գործառույթները դուրս են գալու, ու դա լրացուցիչ խնդիրներ հաստատ կառաջացնի։

– Եթե այս փոփոխությունը բովանդակային փոփոխություն չի տալու, ապա ո՞րն է տրամաբանությունը, որ նախարարությունը պատրաստվում է նման քայլի գնալ։

– Ձեր հարցը շատ տրամաբանական է ու արժի, որ տրամաբանություն ունեցող գործընթացների շրջանակներում նման հարց հնչի, բայց եթե գործընթացներն այնտեղ կազմակերպվում են այնպես, որ դրա մեջ որևէ տրամաբանություն չի դրվում, իսկ դա ակնհայտ երևում է այս նախագծի «հիմնավորումից», ապա նման հարցը չի կարող պատասխան ունենալ։

– Եթե, այնուամենայնիվ, այս նախագիծը խորհրդարանն ընդունի, մասնագիտական հանրություն, ըստ ձեզ՝ կընդվզի՞։

– Այո՛, արդեն իսկ կան դրան դեմ արտահայտվողներ, որ չի կարելի առանց մասնագիտական կարծիքը հաշվի առնելու նման հապճեպ որոշումներ կայացնել։ Այս նախագիծը նպաստել է նաև նրան, որ այդ կառույցների աշխատակիցների մոտ մտավախություն է առաջացել՝ աշխատանք կորցնելու մասով, ինչը բերում է նրան, որ այդ կառույցներում աշխատանքի արդյունավետությունն արդեն իսկ ընկել է։ Հաստատ լսելի կլինի նաև մտավորականության, այն մարդկանց, որոնք նախանձախնդիր են և ուզում են, որ ոլորտը զարգանա, բողոքի ձայնը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am