ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է իշխանությունների ներկայացուցիչների հետ` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցության և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց. «Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ տվյալ հարցով։ Ինչպես գիտեք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որպես չեզոք միջնորդի, իրավասությունների շրջանակում է այցելությունը հակամարտության առնչությամբ ձերբակալված անձանց` նրանց հանդեպ վերաբերմունքը, պահման պայմանները վերահսկելու նպատակով և հնարավորություն տալու կապ հաստատել ընտանիքի հետ»։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները։