«Ես եզդի աղջիկ հարս չեմ բերի»

«Ես եզդի աղջիկ հարս չեմ բերի»
«Ես եզդի աղջիկ հարս չեմ բերի»

Ազգությամբ եզդի կինը վատ վերաբերմունքի է արժանացել թե՛ հասարակությունում, թե՛ ընտանիքում:

Ազգությամբ եզդի Շաքեն (անունը փոխված է) Արագածոտնի մարզի համայնքներից մեկից շաբաթը մի քանի անգամ մայրաքաղաք է գալիս՝ կաթ, մածուն, պանիր վաճառելու: Շաքեն տրանսպորտ նստելուց առաջ ամեն անգամ մտքում Աստված է կանչում՝ հանկարծ ուղեւորներից մեկն իրեն չկոպտի: 35-ամյա Շաքեն ասում է՝ կաթնամթերքը ապակյա տարաներով է տեղափոխում՝ երկու մեծ տոպրակների մեջ դասավորած, ու դրանք փորձում է տրանսպորտում այնպես տեղավորել, որպեսզի որեւէ մեկին չխանգարի: Սակայն մի քանի անգամ պատահել է, երբ ուղեւորներից մեկի ոտքը հպվելով մածունի տարաներին, ասել է՝ «ուֆ, էս եզդու բանկեքն արդեն զզվացնում են»: Շաքեի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են որոշ հայեր ընդգծում ծագումը՝ եզդի լինելը. «Եթե իրենց անհանգստացնում էր իմ մածունի բանկաները, կարան ուղղակի ասեն՝ էս բանկեքը զզվացրին, ոչ թե ընդգծեն իմ ազգությունը: Եզդին հային ի՞նչ վատություն է արել: Համ էլ, նույն բանկեքով հայն էլ է նստում տրանսպորտ, բայց չեն ասում, չէ՞, էս հայի բանկեքը զզվացրին»:

Շաքեն պատմում է, որ ինքը խնդիրներ չի ունեցել հայ հարեւանների ու ծանոթների հետ, բայց երբեմն հանդիպում է այնպիսի խտրական վերաբերմունքի, որից շատ է նեղսրտում. «Ես քաղաք որ գալիս եմ, մի հատ թաղամաս կա, հենց էդտեղ էլ վաճառում եմ ապրանքս, համարյա բոլորը գոհ են, բայց մի քանիսը կան՝ արհամարհական են նայում ինձ: Մի անգամ հաճախորդներիցս մեկը հենց փողոցում իր ծանոթի մոտ շատ գովեց իմ սարքած մածունը, դե, ուզում ա ինձ համար շատ հաճախորդ հավաքի: Մեկ էլ ականջի պոչով լսեցի, որ էդ ծանոթն ասեց՝ «ես եզդուց մածուն չեմ առնի»: Էս տիպի բաներ շատ եմ լսում ու չեմ հասկանում՝ ի՞նչն է պատճառը: Եթե մտածում են՝ մաքուր չի լինի՝ հա, բայց հայերն էլ կարան վատ մածուն սարքեն կամ մաքուր չլինեն: Ազգությունը ստեղ ի՞նչ կապ ունի»: Շաքեն ասում է, որ երբեմն այնպիսի արտահայտություններ է լսում, որոնք հնչեցրած մարդիկ կարծես փորձում են հատուկ ցուցադրել իրենց բացասական վերաբերմունքը եզդիների նկատմամբ. այդ խոսքերը Շաքեի համար ցավոտ են ու վիրավորական: «Մի անգամ խանութում լսեցի, որ մի հատ հայ տարիքով կին կողքինին ասեց՝ էս մեռած եզդուն չես տեսնում, լավ էլ սիրուն ա, հեչ կասե՞ս, որ եզդի ա»,- ասում է Շաքեն ու հավելում. «Ախր ինչի՞ են սենց տարբերություն դնում, ինչի՞, հայերն ամենասիրո՞ւնն են, բոլոր ազգերի մեջ էլ համ սիրուններ կան, համ գեշեր»:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին մեզ հետ զրույցում նկատում է, որ Հայաստանում եզդի ազգի նկամամբ պաշտոնական մակարդակով խտրական վերաբերմունք չկա, իսկ կենցաղային մակարդակում երբեմն նման դրսեւորումներ լինում են: Բորիս Մուրազին ասում է, որ եզդի ազգի նկատմամբ երբեմն խտրական վերաբերմունք է արտահայտվում պետական միջին օղակի չինովնիկի մակարդակով. «Բայց պետական մակարդակով ուղղորդված խտրական քաղաքականություն չկա»:

Հ/կ նախագահի ներկայացմամբ՝ նման խտրականության տարրերը հիմնականում արտահայտվում են զարգացող հասարակություններում. «Օրինակ՝ խտրականություն է դրվում գյումրեցիների, ղարաբաղցիների միջեւ եւ այլն: Այսինքն՝ հենց հայերի ներսում էլ կա խտրականություն»:

Բորիս Մուրազին հիշեցնում է հայ որոշ պաշտոնյաների վերաբերմունքը եզդիների նկատմամբ, որը բնութագրում է ինչ-որ չափով կենցաղային, ինչ-որ չափով պաշտոնական դրսեւորում. «2013-ին պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԺ-ում հայտարարեց՝ «հո դուք եզդի չե՞ք», մյուսը՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցներն են, այս դեպքը մեծ աղմուկ է հանել, հիմա դատական գործընթաց է, ԴԱՀԿ-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել եզդի կնոջն ու նրա տղային ու ասել՝ գնա քո եզդի…»:

Շաքեն, բացի այն, որ մի քանի հայերի կողմից խտրականության է հանդիպել, նաեւ իր համայնքում, իր ազգականների կողմից է խտրականության հանդիպել: Թեեւ ինքը՝ Շաքեն, դժվարանում է իր հանդեպ վերաբերմունքը խտրականություն որակել, բայց գտնում է, որ այնպես, ինչպես վարվել են իր նկատմամբ, արդար չէ, ստորացուցիչ է:

Շաքեն պատմում է, որ երբ դեռ դպրոցում էր սովորում՝ վերջին դասարաններում, իրենց գյուղի հարեւան տղան սիրահարվել էր իրեն. սերն արտահայտել էր միջնորդների միջոցով, բայց ոչ մի անգամ Շաքեի հետ ոչ հանդիպել էր, ոչ էլ անձամբ պատմել իր սիրո մասին. «Վայ, ես որ հիշում եմ էդ պատմությունը, մեջովս դող ա անցնում, թե ինչերի միջով եմ անցել, էդ մենակ ես ու Աստված գիտենք: Էդ տղու մաման տատուս ասել էր՝ ես եզդի աղջիկ հարս չեմ բերի, ձեր աղջկան հեռու պահեք, մերոնք էլ ասեցին՝ մենք ձեզ աղջիկ տվող չենք: Օրերով չէին թողում տնից, սենյակից դուրս գայի: Հերս հենց հետս խոսում էր՝ վախից դողում էի: Դպրոցը չավարտած՝ ինձ պսակեցին, բնականաբար, մեր ազգի տղու հետ: Ես ոչ կարայի ասեի՝ չեմ սիրում՝ չեմ պսակվի, ոչ էլ կարայի իմ կյանքն իմ ուզածով դասավորեի: Մեր մոտ տենց ա՝ մեծերը մեր փոխարեն մեր ճակատագիրը որոշում են»: Շաքեն բնութագրում է իր ամուսնուն՝ «հեչ հաջող մարդ չէր, դաժան էր, կոպիտ էր»: Այս կինը պատմում է, որ ամուսինը ժամանակ առ ժամանակ մեկնում էր արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան, ու ամեն անգամ վերադառնալիս, ինչպես Շաքեն է ասում՝ «դաժանությունը կրկնապատկվում էր». «Ինձ ծեծում էր, իմ սարքած ճաշերին, լվացքին, ամեն ինչին անուն էր դնում: Ասում էր՝ խելոք չպահես քեզ՝ ուղարկելու եմ քո հայ սիրածի մոտ: Բայց ի՞նչ սիրած, ի՞նչ բան, ինչ է թե՝ լսել էր, որ դպրոցական ժամանակ մեր հայ հարեւանի տղեն ինձ հավանել ա, էդ էր, երեսով էր տալիս: Ես ի՞նչ պիտի անեի, ճակատագիրս էր, պիտի սուսուփուս ենթարկվեի: Մի անգամ աղջկաս մոտ նենց խփեց ինձ, խեղճ էրեխեն վախից փաթաթվել էր ոտերիցս, ողբում էր, լացելով հորը խնդրում էր՝ ինձ չծեծի: Էդ ծեծի տեսարանների պատճառով էրեխս սկսել էր գիշերը չիշիկ անել տակը»: «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին ասում է, որ եզդիական համայնքում այլ ազգի ներկայացուցչի հետ ամուսնությունը ոչ միայն եզդի կանանց, այլեւ եզդի տղամարդկանց համար է արգելված. այն կինը, որը կամուսնանա ոչ եզդիի հետ, համայնքում այլեւս ընդունելի չի լինի, եզդիական հավատքի հետեւորդ չի լինի, հարգանք չի վայելի: Բորիս Մուրազին ասում է, որ իրենց համայնքում կանանց վաղ ամուսնությունն ու կրթության իրավունքը լուրջ խնդիր է:

Հիմա Շաքեն միայնակ է մեծացնում իր միակ դստերը, ամուսինը 2 տարի առաջ մահացել է դժբախտ պատահարից: Շաքեն երջանկության, նորից ամուսնանալու մասին անգամ չի համարձակվում մտածել, ասում է՝ իր դստեր համար լավ կյանք է երազում, ու ամեն ինչ կանի, որպեսզի նրան ուսման տա. «Ում սիրի՝ նրա հետ էլ կամուսնանա, երբ ուզի՝ այն ժամանակ էլ կամուսնանա: Ես որ իմ վրա զգացել եմ էդ դժբախտությունը, կյանքիս գնով էլ լինի՝ չեմ թողնի նույն ճակատագիրը էրեխես ունենա»:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ

Լուսանկարը`Փիրուզա Խալափյանի © Medialab.am