«Պուտինը երեկ ակնարկեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում պարտվել այս պատերազմում ինչ գնով էլ լինի». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ուղերձում հնչած մտքերը, կխնդրեմ գնահատեք, թե ի՞նչ փուլում է ռուս-ուկրաինական, իսկ ավելի ճիշտ՝ ռուս-արևմտյան առճակատումը, ու ի՞նչ զարգացում է սպասվում։

– Ինչպես այդ ուղերձում հնչած որոշ բովանդակային տարրեր, այնպես էլ արևմտյան մի շարք երկրների և Ուկրաինայի իշխանությունների միջև առկա վերջին բանակցությունները թույլ են տալիս կանխատեսել, որ ուկրաինական ճգնաժամը դեռ բավականաչափ հեռու է հանգուցալուծումից։

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները թույլ են տալիս կանխատեսել, որ կողմերը պատրաստվում են շատ ավելի տևական ճգնաժամի՝ յուրաքանչյուրը, բնականաբար, իր շահը հետապնդելով։ Եթե Ռուսաստանի համար ձեռնտու է պատերազմի արագ դադարեցումն և Ուկրաինայի հետ որոշակի հանգուցալուծումը, ապա ներկա իրողությունների պայմաններում թե՛ Ուկրաինային, թե՛ իր արևմտյան հովանավորներին ձեռնտու է այլ սցենար՝ հնարավորինս ձգել պատերազմը ու հյուծել ու թուլացնել Ռուսաստանը, մեծ հաշվով նրան դուրս թողնելով միջազգային քաղաքական ասպարեզում որոշիչ դեր ու ձայն ունենալու հնարավորությունից։

Պուտինի հայտարարությունն այն մասին, որ «Մոսկվան սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին», ակնարկ էր իր արևմտյան հակառակորդներին, որ Ռուսաստանը չի պատրաստվում պարտվել այս պատերազմում ու իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, դիտարկում է որպես այս հակամարտությունում իր շահերից բխող արդյունքի հասնելու հնարավորություն։

Այսինքն՝ և՛ Պուտինի հայտարարությունները, և՛ նույն Բայդենի այցը Ուկրաինա, և՛ Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած տարբեր բանակցություններ ու հայտարարություններ խոսում են այն մասին, որ ուկրաինական ճգնաժամը դեռևս ունենալու է տևական ընթացք՝ իր տարբեր դրսևորումներով, այդ թվում նաև՝ մեր տարածաշրջանում հնարավոր հետևանքներով։

– Ըստ ձեզ՝ Պուտինը իսկապե՞ս կգնա միջուկային զենքի կիրառմանը, թե՞ դա ուղղակի Արևմուտքի աչքը վախեցնելու համար արված հայտարարություն էր։

– Այս պահին գործ ունենք հակառակորդին զսպելու կամ նրա վարքն ավելի կանխատեսելի դարձնելու իրողությունների հետ, այսինքն՝ յուրաքանչյուր կողմից հնչող հայտարարություն ավելի շատ քարոզչական հարթությունում է։

– Իսկ կողմերից ո՞ր մեկն է ի վերջո զիջելու, պարո՛ն Պետրոսյան։

– Միանշանակ զիջման կգնա այն կողմը, որը կպարտվի պատերազմի դաշտում, բայց սա շատ ավելի երկարատև հակամարտության սցենարի պարագայում, այսինքն՝ հանգուցալուծումը հնարավոր է բացառապես փոխզիջման արդյունքում, պարզապես ներկայում այդ փոխզիջման հնարավորությունները չեն երևում։

– Շարունակվող ու, ըստ էության, ավելի խորացող այս հակամարտությունը կոնկրետ մեր տարածաշրջանում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Մեր տարածաշրջանում այս հակամարտության դրսևորումը նկատվեց 2022 թվականի կեսերից, երբ արևմտյան խաղացողներն ակտիվացան մեր տարածաշրջանում եղած խնդիրների կարգավորման հարցում, հատկապես՝ արցախյան հիմնախնդրում, ու, ցավոք սրտի, մեր տարածաշրջանը սկսեց այդ աշխարհաքաղաքական դիմակայության հետևանքների ուղիղ ազդեցություն կրել։

Իսկ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն արդեն որոշակի տեսանկյունից Արևմուտքի ձեռքբերումն ու հաջողությունն է այս աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում՝ ավանդաբար Ռուսաստանի ազդեցության գոտի հանդիսացող տարածքում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը ու, ընդհանրապես, այն բոլոր տարածաշրջանները, որտեղ կան Ռուսաստանի կենսական շահ ու ռազմական ներկայություն, չեն կարող շրջանցել այս հակամարտության հետևանքներն ու ազդեցությունը։

Աշխարհաքաղաքական այս դիմակայությունը տեղափոխվելու է նաև այդ տարածաշրջաններ, այդ թվում նաև՝ մեր տարածաշրջան։ Այս համատեքստում մեր տարածաշրջանում շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը, քան Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, որովհետև այս կոնֆլիկտը քիչ թե շատ ավելի վերահսկելի է, քան Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտը։

Չի բացառվում Ռուսաստանի կողմից ուկրաինական պատերազմի նման ինչ-որ գործողություն այլ տարածաշրջանում, որտեղ նա ունի կենսական շահեր, բայց իր հակառակորդները փորձում են թուլացնել այդ ազդեցությունը։ Ու այս համատեքստում լրջագույն անվտանգային մարտահրավերներ կարող են առաջանալ նաև Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանն այստեղ ունի ուղիղ քաղաքական, ռազմական ու այլ ազդեցություն, ինչին զուգահեռ նկատվում է նաև այստեղ ակտիվանալուն միտված Արևմուտքի ցանկությունը։

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ մեր տարածաշրջանը ևս տեղափոխվելու է անկանխատեսելի գործընթացների հորձանուտ, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու Հայաստանի ու Արցախի համար, ու այդ իմաստով ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայվել է Հայաստանում, չի կարող խաղաղություն ապահովել, որովհետև հակամարտության բնույթն է փոխվելու, քանի որ տարածաշրջանում արդեն դոմինանտ է լինելու ռուս-արևմտյան հակամարտությունը, այլ ոչ թե՝ հայ-ադրբեջանական։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am