«Արկադի Փելեշյանը Վանաձորում խոշոր գծատեր է, կա շահերի բախում». ըստ Քոթանջյանի՝ կառավարությունը ձախողելու է Վանաձորում

Վանաձոր խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում Արկադի Փելեշյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել: Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիուտների ամրապնդման հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ քաղաքում վարչապետի որոշումը դժգոհություններ է առաջացրել:

«Ես այսօր քաղաքի կենտրոնում զբոսնել եմ, խոսել մարդկանց հետ, նրանք բոլորը դժգոհ են»,- «Մեդիալաբին» ասում է կազմակերպության նախագահը:

Ակա մականունով Արկադի Փելեշյանի անունը մի քանի անգամ հայտնվել է քրեական քրոնիկոնում: Նա 2008-ին մեղադրվել է խուլիգանության համար, ընդունել մեղքը ու տուգանք վճարելով ազատ արձակվել: 2016-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ծեծի է ենթարկել ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկին, սակայն հարուցված քրեական գործը կարճվել էր, քանի որ տուժող ճանաչված հոգևորականը ներել էր Ակային և հետ վերցրել բողոքը:

2016-ին կայացած Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո նա նշանակվեց Վանաձորի փոխքաղաքապետ: Փելեշյանը Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում բախտը փորձել է նաև 2021-ին, և արդյունքում նրա ղեկավարած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով 4810 ձայն։

Հիշեցնենք՝ 2021-ի վերջին հանրապետության երրորդ քաղաքում անցկացված ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր ամենաշատ ձայները՝ 12814 ձայն։ Արդյունքում այդ դաշինքը Վանաձորի ավագանիում ստացել է 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Արկադի Փելեշյանը ՀԱՍԿ-ով՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Սպասվում էր, որ Վանաձորի ղեկավար էր ընտրվելու Մամիկոն Ասլանյանը, սակայն իրավապահ մարմինները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորեցին Ասլանյանին:

Հաշվի Առնելով Փելեշյանի քրեական անցյալը՝ Քոթանջյանն ասում է՝ քաղաքում նաև վախի մթնոլորտ կա: «Եթե կա վախի մթնոլորտ, ուրեմն քաղաքացին չի կարող իր ձայնը լսելի դարձնել քաղաքի կառավարման գործում: Կրիմինալը ազդում է մարդկանց ազատ արտահայտման վրա: Քրեական անցյալ ունեցող մարդուն վարչապետի որոշմամբ բերել դարձնել խոշորացված համայնքի ղեկավար, առնվազն ոչ կոմպետենտ ու տարակուսելի քայլ է»,- նշում է Քոթանջյանը:

Նրա խոսքով՝ Փելեշյանն իր թաղամասում ընդունելի մարդ է համարվել, ով մոտեցել գումար է խնդրել՝ տվել է, ինչի արդյունքում էլ ՏԻՄ ընտրություններում ստացել է կայուն ընտրազանգվածի ձայները: Բայց, ըստ կազմակերպության ղեկավարի, դա չի նշանակում, թե ամբողջ համայնքը կողմ է նրան:

Բացի այդ, ըստ Քոթանջյանի, Արկադի Փելեշյանը Վանաձորում բազմաթիվ բիզնես ունի, ինչը համայնքի կառավարման գործի հետ մեկտեղ կարող է շահերի բախում առաջացնել: «Օրինակ՝ քաղաքի տրանսպորտի մեծ մասի շահագործողը Արկադի Փելեշյանի ընկերությունն է, այսինքն՝ նա քաղաքում խոշոր գծատեր է, պարեկների մեքենաների լվացման մրցույթում է շահել: Նրա բիզնեսը բավականին փոխկապակցված է համայնքային ենթակառուցվածքների հետ, ինչը կարող է շահերի բախում առաջացնել համայնքի կառավարման հետ մեկտեղ: Կառավարությունը դրան պետք է ուշադրություն դարձներ: Այս որոշումը նպաստելու է, որ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձայների զգալի կորուստ ունենա, կառավարությունը ձախողելու է Վանաձորում»,- ներկայացնում է Քոթանջյանը:

Այդուհանդերձ, դեկտեմբերյան ընտրություններից հետո համայնքում ղեկավար չլինելը խնդիրներ է առաջացրել կառավարման հարցում: Գևորգ Քոթանջյանն ասում է՝ որոշումներ չեն կայացվել, քաղաքացիների դիմումները չեն ընդունվել, նրանց մտահոգող հարցերը չեն լուծվել:

Ստեղծված իրավիճակը, նրա ներկայացմամբ, պետք է լուծվեր, բայց ոչ թե Արկադի Փելեշյանին այդ պաշտոնին նշանակելով:

«Մենք ձգտում ենք իրավական պետություն ստեղծել, և 2018-ի հեղափոխությունն էլ այդ արժեքներով էր իրականացվել, հետևաբար պետք էր նշանակել մի մարդու, որը կրում է այդ արժեքները, ոչ թե խոցելի անցյալ ունեցող մարդու պետք էր նշանակել»,-նշում է Քոթանջյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am