«Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը». ՀՔԾ պետը խոսել է Մարտի 1-ի գործի և Քոչարյանի մասին

«Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը». ՀՔԾ պետը խոսել է Մարտի 1-ի գործի և Քոչարյանի մասին
«Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը». ՀՔԾ պետը խոսել է Մարտի 1-ի գործի և Քոչարյանի մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վերահաստատել է իր կարծիքը, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, և անդրադառնալով իր այդ բնորոշման առնչությամբ Քոչարյանի փաստաբանների հնչեցրած քննադատությանը՝ ասել. «Պատկերացրեք, որ այդ բնորոշումը շատ մեղմ է»:

«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչվում են այս գործին, բոլորն առանց բացառության, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- ասել է Խաչատրյանը, իսկ ճշտող հարցին, թե երբ է դա տեղի ունենալու, ասել է. «Դա արդեն որոշում է քննիչը՝ ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»:

Սասուն Խաչատրյանը նաև հույս է հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի, ինչի արդյունքում Քոչարյանը կրկին կհայտնվի անազատության մեջ, «որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»:

ՀՔԾ պետի խոսքով՝ այս պահին Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, և նրան չի արգելվում լքել երկիրը: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Քոչարյանը չի լքի երկիրը: «Եթե նա փորձի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»:

Անդրադառնալով փաստին, որ Քոչարյանի գործը քննած՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ժամանակին աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, Սասուն Խաչատրյանն ասել է, որ միայն այդ փաստը չի կարող վկայել նրա կողմնակալության մասին, այնումենայնիվ, կարծիք է հայտնել, որ Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով, քանի որ նա Մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ, և չէր կարող անկողմնակալ լինել:

Խաչատրյանը նաև զարմանք է հայտնել, որ որոշման հրապարակումից մի քանի օր անց Վերաքննիչ դատարանն իրենց դեռ չի ուղարկել որոշման տեքստը:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝  2008թ․ Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և բեկանեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանն ազատ արձակվեց։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը։