Փոստային բաժանմունքների առաջ խնդիր է դրվել վերահսկել հերթերը. կատարվում են գծանշումներ

Փոստային բոլոր բաժանմունքների առաջ խնդիր է դրվել, որպեսզի դրսում գոյացած հերթը վերահսկեն։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

«Հայփոստի մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների առումով սպասարկման ծավալներ կային, մենք երեկ խնդիրներ ենք ունեցել կուտակումների և դրսում հերթերի հետ կապված։ Փոստային բոլոր բաժանմունքների վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ օրվա կեսին մենք արդեն դրական տեղաշարժ ունեինք այս առումով։ Երեկվա ընթացքում նաև գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները։

Այսօր շարունակվում են աշխատանքները, և օրվա վերջում արդեն մեծամասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամն, նշեց Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ պարետի երեկվա որոշմամբ այս ամիս ևս թոշակները փոստատարների միջոցով կառաքվեն տներ։ «Այստեղ շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կենսաթոշակառուներն ունեն հնարավորություն ստանալ բանկային քարտեր և իրենց քարտային հաշիվների վրա ստանալ կենսաթոշակները։ Դա պարտադիր բնույթ չի կրում, և հարյուր հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը։ Ես կոչ կանեմ մեր թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ իրենց կենսաթոշակները և այդպիսի կուտակումներից խուսափել»,- նշեց Արշակյանը։ 

Նախարարի խոսքով՝ քննարկում է եղել, որպեսզի թոշակառուների կողմից ստորագրվող ցուցակների թվայնացումը կտրուկ արագացվի, որպեսզի զուգահեռ թե փոստային բաժանմունքում, թե փոստատարի կողմից հնարավոր լինի իրականացնել թոշակների բաշխումը՝ այդպիսով նույնպես քչացնել կուտակումները։ Ներկայում այդ ցուցակները կամ փոստային բաժանմունքում են, կամ էլ փոստատարի մոտ։