«Աղջիկ լինի` կհանես, մինչև տղա ունենանք». Սելեկտիվ աբորտների նվազման միտումները հուսադրող, բայց դեռևս մտահոգիչ են

«Երբ ծնվել եմ, հարազատներս լքել են մորս ու թողել են միայնակ հիվանդանոցում, քանի որ ընտանիքում երրորդ աղջիկն էի։ Մինչև վերջին պահը բժիշկը հավատացրել է ծնողներիս, թե տղա են ունենալու։ Հայրս շատ անտրամադիր դուրս է եկել հիվանդանոցից, գնացել տուն ու երկար փակվել իր սենյակում։ Ոչ մեկի հետ խոսել չէր ուզում, ոչ մեկի երեսը չէր ուզում տեսնել։ Մայրս շփոթահար սկսել է վիճել բժշկուհու հետ, թե փոխել են իր երեխային, ինքը տղա պետք է ունենար»,- պատմում է 37-ամյա Անահիտ Պետրոսյանը։ 

Անահիտն այժմ թեև ժպիտով է հիշում իր ծնվելու պատմությունը, բայց ասում է, որ շատ տարիներ են իրեն պետք եղել՝ հաղթահարելու մանկությունից եկած բարդույթները: Ասում է, որ հիմա զգացողություններն այլ են, անցել են տարիներ, փոխվել են ժամանակները, և նույնիսկ իրենից կրտսեր եղբոր ծնունդը  չի նվազեցրել իր նկատմամբ ծնողների սերը։ 

«Մայրս ինձ համարում է իր կյանքի բոնուսը, իսկ հայրս ասում է, որ ես մեր տան արքայադուստրն եմ։ Ես յոթ տարեկան էի, երբ մեր տանը ծնվեց եղբայրս»,- մտքերով անցյալի գիրկն է ընկնում Անահիտը։

Չնայած բազմաթիվ մտահոգություններին և ծրագրերին ու միջոցառումներին՝ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշը շարունակում է մտահոգիչ մնալ:  

«Ես կայացած, լավ կարիերա ունեցող կին եմ: Ուշ եմ մայրացել: Երբ ծնվեց աղջիկս, ես գրեթե 40 տարեկան էի, սկեսուրս ասեց, որ պիտի անպայման տղա ունենամ: Երբ հումորով հարցրեցի, բա եթե հանկարծ էլի՞ աղջիկ լինի, ինչ պիտի ասես, պատասխանեց՝ աղջիկ լինի՝ կհանես, մինչև տղա ունենանք, էլ ի՞նչ ընտանիք առանց տղայի: Ես ապշահար էի»,- «Մեդիալաբին» պատմում է մայրաքաղաքի բնակչուհի Մարինե Հայրապետյանը:

Գայանե Մարտիրոսյանի դեպքում հենց այդպես էլ եղել է: Երկու աղջիկների ծնունդից հետո Գայանեն չորս անգամ գինեկոլոգիական սեղանին է բարձրացել՝ աղջիկ երեխաներից ազատվելու համար: 

«Նախավերջին աբորտը երկվորյակ էր,- հիշում է նա,- բայց ի՞նչ անեի, պիտի տղա ունենայի, դրանից հետո մեկ տարի տարբերությամբ երկու տղա ունեցա, ու բոլորը գոհ էին»,- պատմում է նա:

Մասնագետները նշում են, որ շատ ընտանիքները նախապատվությունը շարունակում են տալ տղա երեխաներին՝ չնայած տարաբնույթ իրազեկման արշավներին և կանանց դերը կարևորող ծրագրերին: Տղա երեխաների հանդեպ ունեցած սերը Հայաստանում վաղ արմատներ ունի:

Հայկական բանահյուսության մեջ նույնիսկ մի քանի ասացվածքներ կան, որոնք պատկերավոր մեծարում են տղա ունեցողներին: Այդպիսի խոսույթներ են, օրինակ՝  «Տղա ունեցողին` հալվա, գաթա, իսկ աղջիկ ունեցողին` մկան ծերտ», «Յոթ որդով սեղան նստես», «Օջախի ծուխը կհանգչի առանց արու զավակների»: 

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը նշում է, որ նախկինում մարդիկ Հայաստանում ցանկացել են տղա երեխա ունենալ, քանի որ ընտանիքում աշխատուժ էր պետք:

«Տղա երեխաների ծնունդը համարել են կարևոր, որովհետև ինչքան շատ տղամարդ լիներ ընտանիքում, այնքան բարեկեցիկ ապրելու հույս էին ունենում: Այս մոտեցումը շատ հին արմատներ ունի,- «Մեդիալաբին» ասում է Թադևոսյանը,- կինը, որը ունեցել է տղա երեխա, ընտանիքում կայունության երաշխիք է ձեռք բերել, իսկ աղջիկ ծնվելու դեպքում փոխվում են շնորհավորանքների բովանդակությունը և ձևը. «Ոչինչ, կարևորը առողջ լինի, աղջիկ բերողը տղա էլ կբերի»։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման շնորհավորանքներ ստացողների թիվը շարունակում է բարձր մնալ: Հայաստանում տղաների թիվը շարունակում է գերազանցել նորածին աղջիկների թվին:

2008-2012 թվականներին ծնված երեխաների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100-115, 2014-ին` 100-113.4, 2015-ին` 100-112.7, 2016-ին` 100-111.9, 2017-ին` 100-109.8: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-ին ցուցանիշը մեկ նիշով աճել է՝ 100 աղջկա դիմաց 111 տղա, սակայն 2019-ին այդ ցուցանիշը դարձյալ նվազել է՝ 100-110։

Ըստ ՄԱԿ-ի հաստատած չափորոշիչների՝ առանց միջամտությունների, բնականոն է համարվում 100 աղջիկ երեխայի հաշվով 105 տղա երեխայի ծնունդը։ 

«Միջազգային փորձագետներն ասում են, որ նման տատանումները նորմալ երևույթ են և չպետք է անընդհատ նվազում ակնկալել։ Մենք, ի վերջո, մարդու վարքագծային փոփոխության հետ գործ ունենք, և դրա համար ժամանակ է պահանջվում»,- «Մեդիալաբին» ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA/ՄԱԲՀ) գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։

Հայաստանում երեխայի սեռը գործնականում հնարավոր է պարզել 12 շաբաթական հղիությունից հետո միայն, և նաև այդ պատճառով է, որ աբորտները օրենքով թույլատրված են մինչև 12 շաբաթական ժամկետը։

2016 թվականին ընդունած օրենքի փոփոխությունների համաձայն`«բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»։ 

Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն-2019» վիճակագրական տարեգրքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2018-ին Հայաստանում հղիության արհեստական ընդհատման 10647 դեպք է գրանցվել, այն դեպքում, երբ 2017-ին հղիության արհեստական ընդհատման դեպքերը եղել են 10228։ 

Նույն հետազոտության համաձայն՝ Հայաստանում 2018-ին մինչև 12 շաբաթական հղիության փուլում արհեստական ընդհատումների  9207 դեպք  է գրանցվել, իսկ 1197-ը՝ 12-22 շաբաթականում արված ընդհատումներն են։ 

Այս վիճակագրությունից կարելի է որոշ ենթադրություններ անել, սակայն գործնականում թե  ընդհատումներից քանի՞սն են պայմանավորված եղել պտղի սեռով՝ հստակ դժվար է ասել. արգելքի առկայության պայմաններում նման վիճակագրություն չի տարվում: 

Այդուհանդերձ, բազմաթիվ մասնագետներ պնդում են՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները մնում են թաքնված և անվերահսկելի։ Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ Հայաստանում արվում են, սակայն դրանք ինչպես եղել են թաքնված, այդպես էլ շարունակում են մնալ փակ դռների հետևում: 

Գեղարքունիքն «առաջատարն է»

«Մեդիալաբի» սթրիթ արտը մարզերում՝ սելեկտիվ աբորտների մասին:

Գեղարքունիքի մարզը երկար տարիներ համարվել է առաջատարը սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով․ այստեղ ծնունդների մեջ գերակշռողը մշտապես եղել են տղաները։

«Մարդիկ  մտածում են՝ եթե տղա չեղավ, խոտը կմնա դաշտում, հողը կմնա անմշակ: Մեզ մոտ աշխատունակ տղամարդկանց 65 տոկոսը աշխատանքի է մեկնում արտերկիր, գնում է խոպան: Ընտանիքներում տղայի գերապատվությունը կապված է այս հանգամանքի հետ»,- «Մեդիալաբին» ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը:

Նրա ղեկավարած կազմակերպությունը նախորդող տարիներին մարզի տարբեր համայնքներում հանդիպումներ է կազմակերպել բնակիչների հետ, աղջիկ երեխայի կարևորության, ծնունդների հավասարակշռության և այլ թեմաներով իրազեկման աշխատանքներ իրականացրել։

«Ծանոթներիցս մեկի հարսը հղի է, երրորդ երեխային են սպասում, իմացել են՝ աղջիկ է: Եկան ինձ մոտ՝ շատ տխուր, բայց ասաց՝ Անահիտ ջան, ինչ ուզում է լինի, պետք ա ունենա, Աստծո տված ա, ես ո՞նց իմ հարսին ասեմ՝ գնա հանի,- պատմում է Անահիտ Գևորգյանը ու հավելում,- մեր ծրագրի ընթացքում նաև այսպիսի արդյունք ենք գրանցել»:

Մարզում երեխաների սեռի նախապատվության խնդրին վերջերս  անդրադարձել էր նաև մարզպետ Գնել Սանոսյանն՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով․

«Վերջին օրերի եզակի լավ լուրերից։ Վերջապես նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցեցին տղաներին։ Փետրվարին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ․ 59 աղջիկ, 49 տղա»։ 

Սակայն, նման լուրերը հաճախակի չեն այս մարզում: 

Գեղարքունիքի մարզի փոքր գյուղերից մեկի՝ Ծովագյուղի օրինակով «Մեդիալաբը» փորձել է հասկանալ իրավիճակը․ այստեղ միակ դպրոցում տղաների թիվը 40 տոկոսով գերազանցում է աղջիկների թվին։ Դպրոցի առաջին դասարանում, օրինակ՝ 53 աշակերտներից 31-ը տղա են, 22-ը՝ աղջիկ, 2-րդ դասարանում՝ 29 տղա, 16 աղջիկ, 9-րդ դասարանում՝ 23 տղա, 18 աղջիկ և այդպես շարունակ։

«Գյուղում  աղջիկ չեն ուզել ունենալ, դրա համար տղաների թիվը շատ է»,- «Մեդիալաբին» բացատրում է դպրոցի աշխատակից Նինա Մինասյանը։ 

Սակայն ժամանակի ընթացքում, ըստ ծովագյուղցի կնոջ, տրամադրությունները փոխվել են, և հիմա դա շատ ակնհայտ է։ 

«Հիմա հիմնականում մտածում են՝ ինչ երեխա կլինի՝ կլինի, աղջիկ էլ են ուզում, տղա էլ են ուզում։ Օրինակ՝ ես աղջիկ թոռ ունեմ, շատ ուրախ եմ։ Ժամանակները փոխվել են, աղջիկը շատ կարևոր է»,- ասում է Նինա Մինասյանը։

Խնդիրն ավելի սոցիալական է, քան առողջապահական

«Պետք է հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ մարդիկ տղա երեխային են նախապատվություն տալիս։  Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հղիության արհեստական ընդհատումների կարևոր, եթե ոչ հիմնական պատճառը կնոջ թերարժևորումն է։ Իսկ դա սոցիալական խնդիր է, ոչ թե առողջապահական, հետևաբար, ծրագրեր իրականացնելիս շեշտը պետք է դրվի աղջիկների դերի բարձրացման, կնոջ արժևորման խնդրի վրա»,- նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։

Նա նշում է, որ 2000-ականների սկզբից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, հայաստանյան շատ կազմակերպությունների հետ, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Երևանում և տարբեր մարզերում՝ հղիության արհեստական ընդհատումների դեմ։ Աղջիկ երեխայի կարևորության մասին քարոզարշավը, ըստ Հարությունյանի, արդյունքներ տվել է։ 

Մասնավորապես, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) 2017-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ զգալիորեն փոխել են իրենց վարքագիծը տղա երեխայի նախընտրության հարցում։ 

Այսպես, ըստ հետազոտության՝ արու զավակ ունենալու ցանկություն հայտնած ընտանիքների տեսակարար կշիռը 45,3%-ից նվազել է մինչև 12,9%։ 

Դրական է նաև ընտանիքում տղային և աղջկան տրվող հավասար նախապատվության աճը՝ 47,3%-ից (2011 թ.) մինչև 82% (2016 թ.)։ Սա, ըստ մասնագետների, կարող է տղաների և աղջիկների համար հավասար հնարավորությունների խթան դառնալ։ 

Ծովինար Հարությունյանը նշում է՝ կառավարությունը գիտակցում է ժողովրդագրությանը սպառնացող այդ վտանգը և ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։ Խնդիրը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել. Հայաստանում հանրության վարքագծի փոփոխության հերթական ուսումնասիրությունը սպասվում է առաջիկայում՝ առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ մշակած  ու արդեն հաստատված «Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի շրջանակներում։

«Հայաստանի Հանրապետությունում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ` 1990-ականներից և 2018 թ. տվյալներով կազմում է 111.1 տղա` 100 աղջկա դիմաց: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում` մինչև 2060 թվականը, չի ծնվի գրեթե 93.000 աղջիկ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի կրճատման և, որպես հետևանք, բնակչության թվի նվազման»,- նշված է ծրագրում։

Ռազմավարության գերակայություններից մեկը «Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023 թթ. ծրագրի» իրականացումն է։ Կառավարությունը նպատակ ունի կրճատել հանրապետությունում նորածինների սեռերի անհամամասնությունը, նվազեցնել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվն այնպիսի միջոցառումներով, որոնք կօգնեն  արժևորել աղջիկ երեխաների դերը հանրության շրջանում։ Եվ հենց այս հարցում Կառավարությանն աջակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։

«Պետք է քարոզարշավներ իրականացնել, կարծրատիպերը փոխել։ Դրա համար մեծ գումարներ պետք չեն, պետք է բացատրել մարդկանց, որ երեխաների միջև տարբերություն չկա։ Եվ ամենակարևորը՝ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ կանայք իրենց արժևորված զգան»,- «Մեդիալաբին» ասում  է Ծովինար Հարությունյանը։

Հոդվածում հերոսների անունները փոխված են: 

Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյանի

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: