Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին 1,5 տարում 20 մլրդ դրամից ավելի դրամաշնորհ է ներգրավել. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության մոտ 13 տոկոսն ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված է հատուկ ռեժիմ: Պետությունն ընդունել է հատուկ կարգավորումներ վերջիններիս պահպանման եւ օգտագործման նպատակով: Մեր երկրի ինքնատիպ կենսաբազմազանությամբ հարուստ նման մեծ տարածքների հսկողությունը պահանջում է համապատասխան տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներ՝ հատկապես հաշվի առնելով մեզանում դեռ առկա բնության հանդեպ կատարվող օրինախախտումների բարձր տոկոսը:

Բազմաթիվ  վարչական եւ քրեական գործերով անցնում են նաեւ ԲՀՊՏ-ների աշխատակիցները: Պետական բյուջեով հատկացված միջոցները, հատկապես հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակի պայմաններում, չնայած վերջին տարիներին արձանագրված աճին չեն վերացնում ոլորտում առկա ռիսկերը:  Պետության կողմից հատկացվող հիմնական միջոցներից բացի ոլորտի լիազոր գերատեսչությունը էական քայլեր է ձեռնարկում նաեւ դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Վերջին 1.5 տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունը միջազգային համագործակցության շրջանակներում կարողացել է հաստատել 23, 2 մլն եվրոյի, 16.2 մլն ԱՄՆ դոլարի եւ մոտ 11.2 մլն դրամի դրամաշնորհային միջոցներ, որոնց հիմնական մասն ուղղվելու են ԲՀՊՏ-ների պահպանությանը եւ կարողությունների մեծացմանը, իսկ մնացած մասը՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը: Այդ միջոցներով հաստատված 14 դրամաշնորհային ծրագրերն ընթացքի մեջ են եւ գումարային կազմում են մոտ 20.3 մլրդ ՀՀ դրամ»: