«Հայաստանի քաղաքացիություն ստանալու հայտ ենք ներկայացրել, որ կարողանանք ՀՀ անձնագրով մեր գործարքները կատարել». ինչո՞ւ են մարդիկ հեռանում ՌԴ-ից

35-ամյա Գայանե Ավդալյանը, որը մասնագիտությամբ լուսանկարիչ է և բնակվում է Ռուսաստանի Դաշնության Պենզա քաղաքում, այժմ ելքեր է փնտրում Հայաստան գալու համար:

«Ռուսաստանի Դաշնությունում ապրելն այս պահին շատ վտանգավոր եմ համարում, եթե անգամ պատերազմն էլ չխորանա, ես վախենում եմ, որ քաղաքացիական պատերազմ կսկսվի, շատ բարդ իրավիճակում ենք»,- «Մեդիալաբին» ասում է Գայանեն: Նա երբևէ Հայաստանում չի ապրել ու այստեղ պայմանների մասին շատ հարցեր ունի: Փորձում է հասկանալ՝ Հայաստանում մարդիկ ինչպե՞ս են ապրում, ի՞նչ աշխատանք կկարողանան ինքն ու ամուսինն անել այստեղ, որպեսզի տեղափոխվեն, բայց որ ՌԴ-ից պետք է տեղափոխվել, Գայանեն նույնիսկ չի երկմտում:

Երբ փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողություն սկսեց Դոնեցկում, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի բնակիչներից շատերը սկսեցին այլընտրանք փնտրել՝ տեղափոխվելով տարբեր երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Այս օրերին Երևանի փողոցներում, սրճարաններում, խանութներում սլավոնական արտաքինով շատ անձանց կարելի է տեսնել. նրանք ընկերներով են, ընտանիքներով՝ փոքրիկ երեխաների հետ: Սոցիալական ցանցերում նույնիսկ կատակում են՝ Ереван не резиновый: Տարբեր տեղեկություններով՝ նույնիսկ ռուսական ընկերություններ են տեղափոխվում Հայաստան, քանի որ այստեղից օտարերկրացիների հետ ֆինանսական գործարքները կարող են անխոչընդոտ կատարվել:

40-ամյա Մելինե Պետրոսյանը, որը բնակվում է Մոսկվայում, իրավիճակն այնքան էլ սարսափելի չի համարում ու չի պատրաստվում լքել Ռուսաստանը: «Մոսկվայում հիմա նորմալ վիճակ է, ընդհանուր ինֆորմացիոն հոսքն է փակված, ինտերնետի վիճակն է վատ, մի քանի խանութներ կան, որոնք փակվել են, բայց վիճակն այնպիսին չէ, որ ասեմ՝ մարդկանց մոտ համատարած երկիրը լքելու տրամադրություններ են»,- «Մեդիալաբին» ասում է Մելինեն: Նրա խոսքով՝ երկիրը լքում են հիմնականում տեղացիները, որոնք բիզնեսներ ունեն:

«Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հիմնականում կապիտալ ունեցողների համար են խնդիրներ ստեղծել: Ռուսների մեծ մասը գնում է Եվրոպա, որտեղ իրենց կապիտալն է»,- ասում է Մելինեն:

Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող ֆինանսական ու տնտեսական բնույթի պատժամիջոցներն են նպաստել նաև, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող մի շարք մարդիկ ՀՀ քաղաքացիություն ստանալու հայցադիմումներ ներկայացնեն:

«Մեդիալաբի» հետ զրույցում ազգությամբ հայ, բայց Հայաստանում երբևէ չապրած ու ՀՀ քաղաքացիություն չունեցող մի քաղաքացի, որը նախընտրեց չներկայանալ, որոշել է ՀՀ քաղաքացիություն ստանալ, որ իր բիզնեսը չտուժի:

«Բիզնեսներ ունեմ, ֆինանսական խնդիրներ եմ ունենալու, որովհետև սահմանված պատժամիջոցների հետևանքով չեմ կարողանա գործարքներ կատարել: Ասեմ ձեզ, որ իմ նման շատերը կան, որոնք խնդիրների առաջ են կանգնել: ՀՀ քաղաքացիություն ստանալու հայտ ենք ներկայացրել, որ կարողանանք ՀՀ անձնագրով մեր գործարքները կատարել»,- «Մեդիալաբին» ասում է Մոսկվայում բնակվող բիզնեսմենը: Նա չի բացառում՝ Հայաստանում տուն կգնի ու կտեղափոխվի այստեղ:

«Մեկ բան, որ կարող ենք հստակ փաստել, այն է, որ վերջին օրերին բավականին մեծացել է հայ համայնքներից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը, հետաքրքրությունը բավականին ակտիվացել է: Դիմում են և՛ ազգությամբ հայեր, և՛ օտարերկրացիներ, բայց վիճակագրություն այս պահին ասել չեմ կարող, ԱԳՆ-ն ավելի հստակ տվյալներ կհաղորդի ձեզ»,- այս մասին «Մեդիալաբին» փոխանցեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Վերջին շրջանում ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց կոնկրետ թիվ «Մեդիալաբին» ստանալ չհաջողվեց. ՀՀ ԱԳՆ-ում մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Այդ տվյալը չգիտեր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որ Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան պատգամավորի հարցի՝ չկարողացավ հստակ թիվ նշել:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ ստացվող ամենաշատ դիմումները ուկրաինահայերից են, որոնք այժմ գտնվում են երկրորդ երկրի տարածքում՝ նշելով, որ հնարավորություն լինելուն պես պատրաստ են տեղափոխվել Հայաստան:

«Մի կերպ եմ կարողացել Ուկրաինայից դուրս գալ երկու անչափահաս տղաներիս հետ, ամուսնուս չթողեցին սահմանը հատել: Հիմա Մոլդովայում ենք, հայ համայնքը մեզ դիմավորել, տուն է տվել, որտեղ մեզ հետ են նաև երեք այլ ընտանիք ևս: Սպասում ենք՝ ելք լինի, գանք Հայաստան, կամ իրավիճակը հանդարտվի, հետ գնանք մեր տները»,- «Մեդիալաբին» ասում է Օդեսա քաղաքի բնակիչ Արմինե Պետրոսյանը:

Արմինեի խոսքով՝ Ուկրաինայում անվտանգության հետ կապված աննկարագրելի ծանր է՝ թալանում են տներ ու խանութներ: Վիճակն ավելի է վատացել, երբ երկրի ղեկավարի որոշմամբ ազատ են արձակվել բանտարկյալները, ու նրանց զենք է բաժանվել:

«Ուկրաինայի քաղաքացիներից 4 ապաստանի դիմում ունենք, իսկ աշխատանքի թույլտվության համար ՌԴ-ից միշտ էլ ամենաշատն են դիմել: Հայաստանում օտարերկրացի աշխատողների շարքում ամենաշատը միշտ էլ ՌԴ-ից են եղել դիմողները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատ աշխուժություն է նկատվում, խորհրդատվություն հատկապես շատ ենք մատուցում ՌԴ քաղաքացիներին»,-«Մեդիալաբին» ասացին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից:

Պետական այս մարմնից նշում են, որ Ռուսաստանից ապաստանի համար դիմումների հատուկ աշխուժություն չկա: «Ապաստանի հայցումը նույնն է, ինչ փախստականի կարգավիճակ հայցելը, իսկ փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիները, որոնք փախել են իրենց երկրից, օրինակ՝ պատերազմի հետևանքով: ՀՀ քաղաքացին չի կարող ապաստան հայցել Հայաստանից»,- հայտնեցին Միգրացիոն ծառայությունից: Նաև ընդգծեցին՝ փախստականների ու ապաստան հայցողների տվյալները խիստ գաղտնի են՝ որպես կանոն, չի թույլատրվում լուսաբանել, իսկ ՌԴ քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան շատ-շատ է:

Այն, որ Ռուսաստանից դեպի Հայաստան ժամանողների հոսքը կտրուկ ավելացել է, փաստում են նաև Մոսկվա-Երևան ավիատոմսերի գների աննախադեպ բարձրացումն ու օրական չվերթերի քանակը: «Բնականաբար, Ուկրաինա-Երևան չվերթերը փակ են, իսկ ՌԴ-ից եկող հոսքն աննախադեպ է, ինչի հետևանքով էլ ավիատոմսերի արժեքն է կտրուկ բարձրացել: Եթե նախկինում Սոչի-Երևան չվերթն արժեր 45-50 հազար դրամ, ապա հիմա 238 հազար դրամ է, Մոսկվա-Երևան չվերթն արժի 400-500 հազար, ավիատոմսերը շատ արագ են սպառվում»,- «Մեդիալաբին» ասացին Globus tours տուրիստական գործակալությունից:

Նշենք նաև, որ այս պահին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը որևէ հայ համայնքի համար աջակցության ծրագիր չունի, օգնում են միայն խորհրդատվությամբ, բայց ֆինանսական աջակցության միտված որևէ կոնկրետ փաթեթ չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am