Արարատ Միրզոյանը օրենք չի խախտել՝ կիրառելով կարգապահական տույժ ԲՀԿ խմբակցության չորս պատգամավորի նկատմամբ. Fip.am

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 22-ի համարում, անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հունվարի 21-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չորս պատգամավորների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուն, գրել է.  «ԱԺ նախագահը երեկ խախտեց օրենքը»։ 

Թերթը, մասնավորապես, գրել է. «Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների՝ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենևին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը և, առավել ևս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում հստակ սահմանված են պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները, և ընդգծված է, որ պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը: Սակայն ԱԺ նախագահը միանգամից նախավերջին կարգապահական միջոցը կիրառեց»:

Հրապարկումը տարածել են 7or.amYerevan.today.amzham.am կայքերը։   

Ի՞նչ է եղել Ազգային ժողովում 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին վիճաբանություն, ապա քաշքշուկ էր եղել ԱԺ նիստերի դահլիճում՝ ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաշքշուկից հետո հայտարարել էր, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ 

Թեժ վիճաբանության և քաշքշուկի պատճառը եղել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի անդրադարձը ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, որով նա դահլիճում ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, թե քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ «Գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեք»,— մասնավորապես ասել էր Պետրոսյանը, իսկ Արման Բաբաջանյանը նշել էր, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի այդ պահվածքի համար: 

Արարատ Միրզոյանը օրենք չի խախտել 

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պնդում է, որ Արարատ Միրզոյան պետք է առավել մեղմ կարգապահական միջոց կիրառեր ԲՀԿ պատգամավորների նկատմամբ։ 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 52-րդ հոդվածում սահմանվում են Ազգային ժողովի նիստը նախագահողի լիազորությունները։

52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները՝

  1. նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով
  2. խոսափողի անջատում
  3. մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում
  4. հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից
  5. Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:

Իսկ հոդվածի 4-րդ մասում նշվում է, որ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը:

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ օրենքի 4-րդ մասում ընդգծված է, որ «պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը»։ Մինչդեռ, ուսումնասիրելով  թերթի մեջբերած հոդվածը, պարզ է դառնում, որ այնտեղ նշված է՝ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը։ Այսինքն՝ «որպես կանոն» չի նշանակում «պարտավոր է», իսկ «համաչափ լինի արարքին» պատիժը ենթադրում է, որ այն պետք է սահմանվի կոնկրետ դեպքում կոնկրետ արարքից կախված։

Անվիճելի է, որ ԱԺ նախագահը նկատողություն էր անում պատգամավորներին, բայց իրավիճակը չէր հանդարտվում։ Նա նաև Գևորգ Պետրոսյանի անուն-ազգանունն է տալիս՝ հարցնելով, թե «ռազբորկա՞ է ուզում անել», եթե ոչ, ապա թող նստի իր տեղը և չմոտենա նախորդ ելույթ ունեցողին։

Այսինքն, եթե ԱԺ նախագահն առաջնորդվեր մեղմից խիստ տարբերակով, ապա վերոնշյալ 3 կետերը՝ 1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով, 2) խոսափողի անջատում, 3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, այլևս տեղին չէին լինի, քանի որ պատգամավորները երկար ժամանակ չէին հանդարտվում, չէին վերադառնում իրենց տեղերի մոտ, և անհնար էր վերականգնել նիստի բնականոն ընթացքը։ 

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը, չի համապատասխանում իրականությանը։ 

Նելլի Լազարյան 

www.Fip.am