«ՍԴ որոշումը խնդրահարույց էր ոչ այնքան Քոչարյանի հետ կապված լինելով, այլ որ շուրջ 20-22 տարի ունեցել ենք նման հոդված»․ քաղաքագետ

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը

– Պարո՛ն Մարգարյան, օրերս հանդիպել էին Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները։ Դրանից հետո Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այն հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

– Անկեղծ ասած, այս փուլում դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ որոշակի ակտիվ գործընթացներ են նկատվում ներքաղաքական դաշտում։ Չեմ ուզում գնահատել լավ կամ բացասական, որովհետև գործընթացի կեսից նպատակահարմար էլ չէ ենթադրությունների հիման վրա գնահատականներ ու կարծիքներ հնչեցնելը։

Միևնույն ժամանակ, չցանկանալով կապել միմյանց հետ ՍԴ որոշումն ու նախկին նախագահների հանդիպումները, բայց ակնհայտ է, որ մենք քաղաքական դաշտում կարծես տեսնում ենք լարվածության թուլացման գործընթաց։ 

Մանրամասների մեջ չեմ ուզում մտնել, դեռ վաղ է, բայց ակնհայտ է, որ որոշակի կայունություն է հաստատվում, և քաղաքական առումով դա թերևս պետք է գնահատենք որպես դրական գործընթաց, որովհետև, ճիշտ է, հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, բայց ակնհայտ է, որ օդում կախված լարվածությունը պարզապես հոգնեցնում էր մեր քաղաքացիներին։

Գիտեք՝ վերջին հարցումների արդյունքներով՝ 40-42 տոկոս չկողմնորոշված կամ հիասթափված քաղաքացիներ ունենք, իսկ դա վտանգ է ընդհանրապես մեր պետության համար։ Այդ ապատիայի չափաքանակն ինքնին շատ վտանգավոր է։

Եվ հիմա, հուսանք, որ լիցքաթափման գործընթացները որոշակի հանդարտություն կբերեն։

Դրսից ազդեցություն տեսնո՞ւմ եք տեղի ունեցող գործընթացների վրա։ Մասնավորապես, նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, Քոչարյանի վրայից կարծես մեղադրանքը հանելու գործընթաց է տեղի ունենում։

– Չեմ ուզում բացառել, բայց չեմ էլ կարող պնդել։ Ինչ-որ անուղղակի աղերսներ կարող ենք գտնել, բայց ես չեմ համարձակվի դրսի ազդեցությունների մասին միանշանակ խոսել։

ՍԴ որոշումը խնդրահարույց էր ոչ այնքան Քոչարյանի հետ կապված լինելով, այլ նրանով, որ շուրջ 20-22 տարի մենք ունեցել ենք նման հոդված։ Եթե այդտեղ հակասահմանադրականության խնդիր կա, ինձ համար շատ ավելի կարևոր է մեր արդարադատության և իրավապահ համակարգի կայացումը, քան Քոչարյանի դատվել-չդատվելը։

Այդ նույն Հրայր Թովմասյանը, որը հիմա ՍԴ դատավոր է, այն ժամանակ ՍԴ նախագահ էր, գրում էր Սահմանադրություն, բայց ամեն առիթով պարզվում է, որ մեր օրենսդրության այս կամ այն հոդվածը հակասում է Սահմանադրությանը։ Սա ավելի մեծ խնդիր է, քան զուտ Քոչարյանի անձը կամ Քոչարյանի դատավարությունը։ Ավելի խորքային խնդիրների հետ ենք մենք աղերսվում։ Եվ ես վստահ չեմ, որ ապագայում նման բազմաթիվ դեպքերի ականատես չենք լինի։ 

Այսինքն՝ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ արմատական ու բովանդակային լուրջ փոփոխություններ ու բարեփոխումներ պետք է կատարվեն և՛ մեր օրենսդրության, և՛ Սահմանադրության մեջ։ Սա է գլխավոր խնդիրը, իսկ մնացածի մասով թերևս զերծ մնամ մեկնաբանությունից։

Կա տեսակետ, որ, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունները չանցկացվեն, մինչ այդ քաղաքական դաշտում առանց ընտրությունների փոփոխություններ կարո՞ղ են լինել, նման սցենարն իրատեսակա՞ն է։

– Անկեղծ ասած, հանդիպել եմ այդ տեսակետին, բայց, կարծում եմ՝ դա այնքան էլ հիմք չունի։ Ես չեմ պատկերացնում որևէ մասշտաբի փոփոխություն, որը կբացառի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Արտահերթ ընտրությունների հրատապությունն առկա է՝ երկրում ներքաղաքական ճգնաժամով պայմանավորված։

Որևէ տիպի փոփոխություն չի կարող այդ ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծել։

Ավելին ասեմ, նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող ամբողջովին լուծել այդ ներքաղաքական ճգնաժամը, որը շատ ավելի մասշտաբային իրողություն է, էլ ուր մնաց այդ ընտրությունները չանցկացնելու պարագայում ենթադրյալ ինչ-որ փոփոխության արդյունքում վերանա դրանց անհրաժեշտությունը։ Դա բացառվում է, որովհետև այս ճգնաժամը երկար ժամանակ է տևում ու խորանում։

Համենայնդեպս, իմ պատկերացմամբ՝ միակ գործիքակազմը քաղաքական լայնամասշտաբ գործընթացն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am