«Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղությանը». ի՞նչ սպասել Արդարադատության միջազգային դատարան դիմելու գործընթացից

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը անխուսափելի է համարում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով Արդարադատության միջազգային դատարան դիմելու հանգամանքը:

«Հայաստանը, բնականաբար, ճիշտ է անում, որ դիմում է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Ղազարյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության հայտարարությունը Արդարադատության միջազգային դատարան դիմելու մասին:

Նկատենք՝ ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հայտարարության՝ Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքում դրվել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը:

Արա Ղազարյանն ասում է՝ Ադրբեջանի կողմից այս օրերին Հայաստանի սահմանին և ՀՀ տարածքում իրականացվողը պատերազմական հանցագործություններ են, որոնք վաղեմության ժամկետ չունեն:

«Այս դատարանում հարուցվելու է քրեական հետապնդում, հետո միջազգային հետախուզում է հայտարարվելու կոնկրետ անձանց նկատմամբ: Միջազգային դատավարությունները կօգնեն այդ գործընթացներին»,- նշում է նա:

Որքանո՞վ կարող է այս գործընթացը արդյունավետ լինել հայկական կողմի համար հարցին՝ Ղազարյանն արձագանքում է. «Արդյունավետությունը կարող է երևալ ժամանակի մեջ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը երկար է տևելու, այնպես որ, նման գործընթացները պետք է համբերատար, անընդհատ, անընդհատ առաջ տանել»:

Մյուս հարցին, թե այս գործընթացը կարո՞ղ է որոշակիորեն զսպել ագրեսոր կողմին, Արա Ղազարյանը դրական է պատասխանում և հավելում. «Այո՛, մենք ագրեսորի հետ գործ ունենք: Հասարակական, իրավական, քաղաքական, դիվանագիտական դաշտում ամեն մի քայլը ագրեսոր կողմի վրա զսպող ազդեցություն կարող է ունենալ»:

Նա ասում է, որ ամեն կերպ և բոլոր միջոցները գործի դնելով պետք է ցույց տալ միջազգային հանրությանը, որ այդ երկիրը սպառնալիք ու վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղությանը:

«Առաջին ծիլերը կան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «ագրեսոր» եզրույթը մտավ շրջանառության մեջ՝ ագրեսիվ ակտ, ագրեսոր, և գնալով դա պետք է շատանա ու բոլոր հնարավոր հարթակներով պետք է ներկայացվի՝ նախկինում ինչ է եղել, այսօր ինչ է կատարվում:

Անընդհատ պետք է իրազեկել, որ այս երկիրը վտանգ է Հարավային Կովկասի ու միջազգային խաղաղության, անվտանգության համար, հարցը պետք է անընդհատ բարձրացնել տարբեր հարթակներում, մանավանդ այն երկրների, որոնք Ադրբեջանի հետ առևտուր են անում: ԵՄ այդ երկրները կաշկանդված կլինեն լայնորեն առևտուր անել Ադրբեջանի հետ, որովհետև մարդու իրավունքների բաղադրիչը ցանկացած միջազգային առևտրային բաղադրիչում միշտ էլ կա»,- նշում է Արա Ղազարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am