«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել օգոստոսի 8-ի հանդիպումից՝ կից գրառմամբ, որին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի վերհրապարակումը՝ նույն նկարը, կից այլ գրառմամբ՝ «Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ գրառումները:
– Գնահատականս մեկ տողով՝ երկուստեք դեմագոգիայի, պաթոսապոպուլիզմի ու շողոքորթաքծնանքի մարաթոնի դեմոնստրացիա է: Դրան կից՝ հույսի ու դրական էմոցիաների վաճառքի ցուցադրություն է, էմոցիոնալ սպեկուլյացիա է, ուրիշ ոչինչ: Հեգեմոն գերտերության նախագահ, որը թույլ է տալիս իրեն նմանատիպ հայտարարություններ, որ ինքը վերացրել է յոթ հակամարտություն, խոստովանելով նաև, որ մի փոքր սխալվել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, նույն տրամաբանությամբ էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է խոսում: Նիկոլ Փաշինյանն էլ փողոցում անհոգ շրջում է, հայտարարում են, թե խաղաղություն է եկել, բայց հասկանում ենք, որ այս ամենը ընդամենը փուչիկ է: Սա Փաշինյանի համար ընդամենը սեփական ժողովրդին մանիպուլացնելու լավ հնարավորություն է:
– Իսկ ձեր գնահատմամբ՝ օգոստոսի 8-ից այս կողմ ի՞նչ գործնական քայլեր են արվել, որպեսզի այդ խաղաղությունն ավելի իրատեսական լինի:
– Էմոցիոնալ սպեկուլյացիաներից անդին՝ հողի վրա ոչինչ չի արվում, որպեսզի խաղաղությունն իրատեսական դառնա: Ուշի ուշով հետևում եմ գործընթացներին, բայց դեռևս չեմ տեսել այդ Թրամփի ուղու կամ այլ խոսույթների շուրջ գործնական քայլեր: Դրանք հնարավոր էլ չէ տեսնել առաջիկա ամիսների, անգամ տարիների ընթացքում, որովհետև դա խրթին աշխատանք է, ու իրագործումը բավականին ջանք ու ժամանակ է պահանջում:
-Պարո՛ն Կարապետյան, վերջին օրերին Փաշինյանը առիթը բաց չէր թողնում կրկնելու, որ խաղաղություն այլևս կա։ Սակայն, միևնույն ժամանակ, չեն դադարում քննարկումները Ադրբեջանի ծավալապաշտական հավակնությունների և նոր նախապայմանների շուրջ։ Այս իրավիճակում ռազմական գործողությունների հավանականությունը ո՞րքան եք գնահատում։
– Ես երբեք չեմ բացառել ռազմական գործողությունների հավանականությունը, ասեմ ավելին, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ պաշտոնական տեղեկագրերում հայտարարություն են տարածել, թե որքան է դա հավաստի՝ ժամանակը ցույց կտա, բայց իրենց քաղաքացիներին հորդորում են չգնալ Հայաստանի սահմանամերձ շրջաններ, իսկ նման հայտարարությունները հենց այնպես չեն հնչում:
-Նույնիսկ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո՞, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե ապրում ենք խաղաղության մեջ և պատերազմը բացառված է։
– Ասում են, որովհետև առաջիկայում ընտրություններ են, իսկ իրենք հույս ու հավատ են վաճառում սեփական ժողովրդին՝ ձեռք բերելով ԱՄՆ աջակցությունը: Սա լավագույն ալիբին է, որ իրենք հրամցնում են ժողովրդին:
Լայնածավալ պատերազմի իմաստ չկա էլ, որովհետև ալիևյան ճնշման տակ ամեն բան տրվում է Ադրբեջանին: Այս պահին ես կանաչ լույս չեմ տեսնում դրա համար, որ տրվել է Ալիևին, իհարկե, նա կարող է գնալ ագրեսիայի, նա ուղիղ տեքստով անգամ ասում է այդ մասին:
Այս պահին ուղղակի նպատակահարմար չէ նրան, որովհետև, նորից եմ կրկնում, ալիևյան բոլոր ծավալապաշտական նկրտումներն այսօր հողի վրա կատարվում են, մարդն ասել է՝ հաջորդը Սահմանադրության փոփոխությունն է, դա էլ կարվի, խորհրդանշանների դուրսբերումը տեսնում ենք արդեն, Արարատի դուրսբերումը սահմանային կնիքից:
Չի բացառվում, որ այդ տրամաբանությամբ վաղը հանեն զինանշանից, դասագրքերից: Այսինքն՝ ամեն բան արվում է ինքնության ճգնաժամ ստեղծելու համար, հայի տեսակը, հայի ինքնությունը դնում են կասկածի տակ հանուն «խաղաղության»:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















