«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում յուրացում կատարելու գործով երկու պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում յուրացում կատարելու գործով երկու պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի հափշտակությունը:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի թվով չորս աշխատակիցներ, հանդիսանալով ժամանակավորապես վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ գնահատման հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրենի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տեխնիկական վիճակի գնահատման համար հանձնաժողովին վստահված՝ «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղին պատկանող «Վանաձոր 1» ենթակայանի Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի գազային ռելեի գործի ընկնելու պատճառը պարզելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 04-ին կազմել և հաստատել են փաստացի գործող տրանսֆորմատորի տեխնիկական անսարքության, շահագործումից հանելու և այն դուրս գրելու ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեխնիկական ակտ:

Այնուհետև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի կարգադրության համաձայն՝ տրանսֆորմատորը հանվել է շահագործումից, իսկ 2014 թվականի հունիսին դուրս է գրվել և ՀՀ կառավարության՝ 18.07.2013 թ. որոշման համաձայն՝ օտարվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ որպես մետաղի ջարդոն 19.346.400 դրամով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տրանսֆորմատորը հետագայում  օտարվել և տեղադրվել  է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող ՓԲ ընկերությանը պատկանող ենթակայանում ու առանց վերանորոգման աշխատանքների կատարման՝ 2018թ. ամռանը դրվել լարման տակ:

Արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորը հափշտակվել է վատնման եղանակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետին և նախկին գլխավոր ճարտարագետի տեղակալ, ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։