Հաշվեքննության արդյունքները վերաբերում են 2017թ. հունվարից մինչև 2018-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին. «Հայանտառի»պարզաբանումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ այսօր մամուլում տեղ գտած՝ «Հայանտառի» 83 աշխատակից մի քանի տարի երկրում չի եղել, բայց աշխատավարձ է դուրս գրվել» վերտառությամբ նյութը տարընթերցման առիթ է տվել՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին, ուստի, ելնելով վերը նշվածից, նպատակահարմար ենք համարում հարցի վերաբերյալ տալ որոշակի պարզաբանում։

 Տեղեկացնում ենք, որ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննությունն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար և վերաբերում է բացառապես այդ ժամանակահատվածին։ Հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ակտը ՀՀ հաշվեքննիչ պալատի կայքում հրապարակվել է 2021 թվականի մարտի 2-ին։

Իսկ հաշվեքննության արդյունքներով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննության ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն արդեն իսկ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն»։