Ապատեղեկատվության հերքման պահանջ «168 ժամ» կայքին․ Հանրային խորհուրդ

Ապրիլի 8-ին ժամը 00:01-ին 168 ժամ թերթի կայքէջում տեղադրվել է «Հանրային խորհուրդը կդառնա վարչապետին ենթակա կառույց ու կֆինանսավորվի» ապատեղեկատվություն պարունակող վերնագրով և իրականության հետ կապ չունեցող հետևություններով լի մի հոդված, որի հեղինակը լրագրող Գոհար Սավզյանն է:

Այն վերաբերում է Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքում կատարվող տեխնիկական բնույթի փոփոխություններին, որով կառավարությունը փորձ է կատարում «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքին՝ այդպիսով ՀԽ աշխատակազմի համար Հանրային խորհրդի մասին օրենքով սահմանված «գրասենյակ» կարգավիճակը դարձնելով կամ վերանվանելով «քարտուղարություն»:

Հանրությանը տեղեկացնեմ, որ Հանրային խորհրդի աշխատակազմն իր աշխատակիցներով՝ «քարտուղարությունը» կամ «գրասենյակը» (ինչպես էլ կոչենք) նախկինում՝ մինչև 2018թ. նոր Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը, դե յուրե հանդիսացել է ՀՀ նախագահի աշխատակազմի, իսկ դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ստորաբաժանում, սակայն փաստացի որևէ գործառութային ենթակայություն չի ունեցել ու չունի վարչապետի աշխատակազմին: Հանրային խորհրդի աշխատակազմը՝ քարտուղարությունը, կատարել և կատարում է Հանրային խորհրդի նախագահի հանձնարարությունները, առաջադրանքները, կազմակերպում ՀԽ հանձնաժողովների ու կառույցի բնականոն գործունեությանը վերաբերող գործառույթներ:

Արհեստավարժ լրագրողը նախքան նման սխալական հետևություններ անելը կարող էր Կառավարության կադրերի վարչությունից պահանջել ու ստանալ Հանրային խորհրդի աշխատակազմի բոլոր անդամների պաշտոնների անձնագրերն ու կհամոզվեր, որ իրավաբանորեն ու գործանականում նրանցից ոչ մեկն առնչություն չունի ՀՀ վարչապետի աշխատակազմի որևէ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ, չի առնչվում նրանց հետ և բացարձակապես ենթարկվում է Հանրային խորհրդի ղեկավարությանը: Սակայն լրագրողը դա չի արել իրեն հայտնի պատճառներով, ինչի համար ցավում ենք:

Ավելին, տեխնիկական բնույթի համաձայնեցում ենթադրող օրենսդրական փոփոխության իմաստը չըմբռնելով՝ կատարել է հետևություն, թե «երբ ուսումնասիրում ենք այս նախագծի հիմնավորումները, պարզ է դառնում, որ փոփոխությունները կատարվում են Հանրային խորհուրդը ֆինանսավորելու համար, քանի որ այս կարգավիճակով նրան ֆինանսավորում չի տրամադրվում», ինչը կեղծիք է, անգամ օրենսդրական նախաձեռնության հեղինակը ՀՀ կառավարությունն է հիմնավորման մեջ նշել, որ նպատակը երկու նորմատիվ ակտերի հակասությունների վերացումն է:

Թերթը և իր լրագրողը կարող էին դիմել ՀԽ քարտուղարության նախկին ու ներկա աշխատակիցներին, նրանցից հետաքրքրվել և տեղեկանալ, որ իրենք, ի տարբերություն ՀԽ նախագահի ու անդամների, մշտապես վարձատրվել են որպես կանոնավոր աշխատող փորձագետներ և նման անտեղյակություն չհրամցներ հանրությանը, թե «այս կարգավիճակով նրան ֆինանսավորում չի տրամադրվում»:

Թերթը և յուր լրագրողը փորձ էլ չեն կատարել Հանրային խորհրդի հանրության ու լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու աշխատակցի՝ Լուսինե Մանուկյանի միջոցով կապ հաստատել ՀԽ նախագահի հետ՝ պարզելու նման տարրական բաները, որպեսզի խուսափեին բազմակողմանի լրատվությանը պատիվ չբերող այդպիսի խեղաթյուրումներից:

Ավելին, բացարձակ անտեղյակության ու կեղծիքների հիմքի վրա կատարել են այնպիսի եզրակացություններ, թե «Հանրային խորհուրդն այսպիսով կդառնա վարչապետին ենթակա կառույց` դրանից բխող բոլոր հետևանքներով», ինչն ուղղակի զավեշտ է: Ի վերջո, Հանրային խորհուրդը ոչ թե ֆորմալ առումով վարչապետի աշխատակազմի մասը համարվող քարտուղարությունն է, այլ նրա՝ հասարակական հիմունքներով աշխատող և գործող 45 անդամներն ու հանձնաժողովների հարյուրավոր անդամներն են, որոնք առավել ևս ենթակա չեն ՀՀ կառավարության աշխատակազմին: Այստեղ կրկին լրագրողն ուղղակի փայլատակել է Հանրային խորհրդի կառուցվածքի ու գործառույթների մասին անտեղյակությամբ:

Հանրային Խորհուրդը, համաձայն ՀՀ Սահմանադրության 161-րդ հոդվածի և Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ Կառավարության խորհրդակցական մարմին է: Խորհրդատվական մարմինները լինում են ոչ թե կառավարությանը ենթակա կամ ընդդիմադիր, այլ առընթեր, և նրանց նպատակն է ռազմավարական կարևորության փաստաթղթերի ու հանրային հնչեղություն ունեցող խնդիրների վերաբերյալ նրան խորհրդատվություն մատուցելը:

Սույնով պահանջում ենք հանդես գալ ընթերցողների ու հանրության առջև ներողությամբ և 168.ամ կայքում տեղադրել սույն հերքումը:

Ինչպես նաև առիթն օգտագործելով՝ դիմում եմ ՀՀ կառավարությանը կոչով՝ չշտապել սույն տեխնիկական բնույթի փոփոխության ընդունման հարցում, քանի որ շուտով Հանրային խորհրդի կողմից կառավարությանը կներկայացվի ավելի ծավալուն ու բովանդակային փոփոխությունների առաջարկություն, որը մշակվել է Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ գործառնության ու զարգացման ռազմավարության հիմքի վրա: Ցավոք այդ հիմնարար փաստաթղթի և ՀԽ 2020թ. գործողությունների ծրագրի ընդունումը հետաձգվեց նոր կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով, և հուսով եմ՝ դրա ավարտից հետո այդ ամենն արագ ձևակերպում կստանա ու կներկայացվի ՀՀ կառավարությանը:

Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ