Հայ զինվորը տե՛ր կկանգնի անտերության մատնված սրբավայրերին

«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների և պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունն առաջարկել է տարին մի քանի անգամ Հայաստանի բոլոր զորամասերում ծառայող զինվորների ուժերով իրականացնել անտերության մատնված մեր սրբավայրերի շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ: Վ. Գասպարյանը դրական է արձագանքել այդ մտքին` խոստանալով կազմակերպել այդ պրոցեսը ամենաբարձր մակարդակով: Նա հայտնեց, որ կառաջարկի պաշտպանության նախարարին համապատասխան հրաման արձակել:

Նշենք, որ «Չենք լռելու»-ն և մի շարք այլ երիտասարդական նախաձեռնություններ պարբերաբար անաղմուկ կազմակերպում են խոնարհված եկեղեցիների և վանքերի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով սրբավայրերի քանակը, երիտասարդների ուժերը կաթիլ են ծովում:

Նախաձեռնությունն էլեկտրոնային տարբերակով այսօր պաշտպանության նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի որոշմամբ սահմանված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը:

Medialab.am