Ի՞նչ է նշանակում ԱԺ շենք չթողնեն մտնենք, դեռ ավելին՝ մյուս շենքեր էլ ենք մտնելու, մեր դեմ արգելք չկա. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը այսօր առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ թեպետ 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, բայց ամեն ինչ հրաշալի է:

«Մարդիկ իրոք, ոտքի են կանգնել: Ամեն ինչ շատ հստակ իրականացվում է, իսկ իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ: Սա կուսակցականներով ակցիա չէ: Այնպիսի իրավիճակ է, որ մենք ենք միացել քաղաքացիներին և ոչ թե քաղաքացիները՝ մեզ», -հայտարարել է Սաղաթելյանը:

Նա նաև նշել է, որ «հետաքրքիր, բազմաթիվ սիրուն ու գեղեցիկ, նաև՝ կրեատիվ ակցիաներ» են այսօր տեղի ունենալու: «Ամեն ինչ, իրոք շատ լավ է: Դուք տեսնում եք՝ երիտասարդ աղջիկների նկատմամբ ինչ ուժ է կիրառվում: Մեր հայրենակիցները գիտեն՝ ինչի համար են պայքարում: Ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դիմելով հայտարարել եմ՝ դուք պատմական շանս ունեք ինքնամաքրվելու, որովհետև այդ խմբակցությունում շատերը կապ չունեն այն ամենի հետ, ինչ արել է Նիկոլը: Դրանք ի՞նչ դուխով են, մենակ էս ժողովրդին են խաբել, ասել դուխով են», -նշել է Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է վաղը Ազգային ժողովի մեկնարկելիք նիստին, Սաղաթելյանն ասել է, որ հնարավոր է օգտագործվի նաև այդ ամբիոնը: «Ինչ ասես, հնարավոր է, մենք գեղեցիկ դրվագներ ունենալու ենք», նշել է նա:

Հարցին, թե մտավախություն չունի՞ որ թույլ չեն տա մտնել խորհրդարան, Սաղաթելյանը պատասխանել է. «Ո՞վ չթողնի, էդ հո իրանց հոր խորհրդարանը չի՞, դա պետության բարձրագույն օրենսդիր մարմինն է, որտեղ ընդդիմությունը 30 մանդատ ունի: Ի՞նչ է նշանակում ԱԺ շենք չթողնեն մտնենք, դեռ ավելին՝ մյուս շենքեր էլ ենք մտնելու: Մեր դեմ արգելք չկա, պարզապես պայքարը պետք է ճիշտ, հետևողական առաջ տանենք ի շնորհիվ մեր քաղաքացիների: Պարզապես պետք է թիվը առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում ավելացնենք, որ ամեն ինչ լինի արագ, անցնցում»: