Հանրությունն անվերջ չի կարող փակ վիճակում լինել, մի կողմից երկրները տնտեսական կոլապսի մեջ են ընկնում, մյուս կողմից՝ հասարակությունը՝ դեպրեսիայի. Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է նկատվում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս միտումը լուրջ հետևանքների հանգեցնի՝ հաշվի առնելով, որ շատերն այլևս դիմակ չեն կրում, տրանսպորտն աշխատում է գերբեռնված: 

– Եթե փակ տարածքներում դիմակ կրելու կանոնները խախտվեն, վարակակիրների թվի որոշակի ավելացում երևի թե տեղի ունենա: Բայց որ բանը կհասնի նոր սահմանափակումների, դա չեմ կարող ասել, որովհետև այդ խնդիրը համաշխարհային է, միայն Հայաստանում չի:

Արդեն դիմակներ կրելու հետ կապված տարբեր երկրներում հանրային անհնազանդության միջոցառումներ են անցկացվում: Կարծեք թե հասարակությունը հոգնել է, բայց մյուս կողմից էլ՝ կա համավարակը: Երևի թե պետք է ոսկե միջինը գտնել:

Տրանսպորտային միջոցները պետք է նախկինի նման վերահսկման ներքո լինեն և նստատեղերին համապատասխան թվով ուղևորներ տեղափոխեն:

Դա շատ դյուրին է, կարող են մեկ օրում այդ խնդիրը լուծել, ուղղակի դրա համար պետք է տրանսպորտային միջոցների ավելացման հարցը լուծել: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հունիսի թվերի նման թվեր դժվար թե ունենանք, երբ վարակակիրների մինչև 35-40 տոկոս հայտնաբերում ունեինք, թեստավորվածների 35-40 տոկոսը վարակակիր էր:

Վերջին շրջանում երկար ժամանակ մենք ունեինք 5-7 տոկոսի սահմաններում վարակվածների թիվ, և դա նվազում էր: Բայց վերջին մի քանի օրերին ունենք տատանումներ՝ 8-9 տոկոսի սահմաններում:

Ես չէի ասի, որ դրանք շատ բարձր թվեր են: Վարակը, բնականաբար, տարածվելու է: Եթե հիշում եք, ես ասում էի, որ դեռ վաղ է Վրաստանի վերաբերյալ մեկնաբանություններ անելու համար:

Ահավասիկ, փակ վիճակից, երբ բացվում են երկրները, վարակն արագ սկսում է տարածվել: Երկրները չեն կարող անվերջ փակ լինել, անվերջ սահմանափակումներով ապրել:

Դրա համար երևի պետք է ոսկե միջինը գտնել: Տրանսպորտը պետք է գործի, մարդիկ պետք է աշխատանքի գնան, բայց փակ վայրերում, սահմանափակ տարածքներում դիմակ կրելը պետք է վերահսկել:

Նորից կրկնեմ՝ կորագծի կտրուկ բարձրացում չեմ կանխատեսում:

– Եվրոպական երկրներում կորոնավիրուսը կրկին գլուխ է բարձրացրել, Ֆրանսիայում, օրինակ՝ օրական 20 հազար դեպք է գրանցվում, բայց մարդիկ արդեն հոգնել են ու այլևս լուրջ չեն վերաբերվում հիվանդությանը: Կարո՞ղ ենք ասել, որ աշխարհը գնում է այս վիրուսի բոյկոտի ճանապարհով:

– Այո՛, այդպես է, Իսպանիայում նույնպես, տարբեր երկրներում նույն վիճակն է: Հանրությունն անվերջ չի կարող փակ վիճակում լինել: Մի կողմից երկրները տնտեսական կոլապսի մեջ են ընկնում, մյուս կողմից՝ հասարակությունը ազատության մաքուր օդը շնչել է, և մոտ 7-8 ամիս մարդկանց սահմանափակումները բավականին բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն անձնային, այլ նաև հանրային մակարդակով:

Դեպրեսիայի իրավիճակ է առաջացել, և մարդիկ փորձում են արդեն հանրային կերպով ըմբոստանալ և ազատվել դրանից: Այստեղ կառավարությունների հմտության խնդիր է, որ հասարակության հետ ընդհանուր մոտեցում ցուցաբերեն:

Եթե մենք սեզոնային գրիպ հասկացության մասին ենք խոսում, ամեն տարի ունենում ենք վերին շնչուղիների վարակների սեզոնայնություն, որը հիմնականում արտահայտվում է աշնանից դեպի ձմռան ամիսներին:

Եթե փորձում ենք մտաբերել, թե մենք ի՛նչ ենք անում, գրեթե ոչինչ: Մարդիկ վարակվում են, լավանում: Ինձ թվում է, որ կորոնավիրուսի դեպքում ևս մենք աստիճանաբար գնալու ենք այդ ուղղությամբ:

Սահմանափակումները աստիճանաբար նվազեցվելու են, իսկ սա ընկալվելու է որպես շնչառական օրգանների հիվանդություն, և այս վարակի հետ փորձելու ենք ապրել:

Մարդը պետք է իր առողջության մասին մտածի ու պաշտպանվի: Օրինակ՝ ասիական երկրներում՝ Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, արդեն տասնամյակներով դիմակ կրելու մշակույթ է ձևավորված:

Երբ գալիս է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների աճ, նրանք սկսում են դիմակ կրել: Երևի թե այդ սովորությունը հանրության մոտ ձևավորվի ոչ թե սահմանափակումներով, ոչ թե մտրակելով, այլ գիտակցության բարձրացման ճանապարհով գնանք: 

– Ըստ էության, ամբողջ աշխարհը գնում է բացվելու ճանապարհով, և մի կետից հասկանալու են, որ իզո՞ւր էր այս ամենը:

– Իզուր չէր: Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ. բոլոր երկրները շատ լուրջ պրոբլեմ ունեցան՝ առողջապահական ծառայությունների հետ կապված: Նախ՝ անծանոթ էին հարուցիչը, հիվանդությունը, և առողջապահական համակարգերը պատրաստ չէին նման թվով հիվանդների բուժօգնություն տրամադրելու:

Այս համաճարակով անցնելով՝ առողջապահական ծառայություններն ավելի հմտացան, գիտելիք ձեռք բերեցին, լրացուցիչ հզորություններ ձևավորեցին, նաև պահեստային հնարավորություններ, որոնք ցանկացած պահի երկրները կարող են նորից կիրառության մեջ դնել:

Իսկ սահմանափակումների մասով ոսկե միջինը պետք է գտնել: Կտրուկ սահմանափակումները համաճարակին ոչինչ չեն տալիս: Սահմանափակումներն ընդամենը հետաձգում են այս կամ այն երկրում հիվանդության արտահայտվելը, որը մենք ամբողջ աշխարհում տեսանք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am