Նավալնիի փաստաբանները կալանավորվել են. նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում

«Ամերիկայի Ձայն» – Պաշտպանները մեղադրվում են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հանցագործության՝ ծայրահեղական գործունեությանը մասնակցելու մեջ։

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին պաշտպանող փաստաբանները բերման են ենթարկվել՝ նրանց բնակարանների խուզարկությունից հետո։ Հղում կատարելով Նավալնիի թիմի իրավաբանական բաժնի ղեկավար Վյաչեսլավ Գիմադիին՝ այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։ Ձերբակալվածները՝ Վադիմ Կոբզևը, Իգոր Սերգունինը և Ալեքսեյ Լիպցերը մեղադրվում են ծայրահեղականությանը մասնակցելու մեջ։

Նավալնիի կոմնակից Գեորգի Ալբուրովի համոզմամբ, Ռուսաստանի իրավապահների գործողությունների նպատակը ընդդիմադիր քաղաքական գործչին իրավական օգնությունից և աշխարհի հետ հաղորդակցվելուց զրկելն է։

Զուգահեռաբար՝ գաղութում, ուր այժմ Ալեքսեյ Նավալնին է, շարունակվում է քրեակատարողական հիմնարկի դեմ ընդդիմադիր գործչի ներկայացրած դատական հայցի քննությունը։ Նավալնիի խոսքով, ներկայում Ռուսաստանում տեղի ունեցողը հիշեցնում է Խորհրդային Միության ժամանակները, երբ «ոչ միայն քաղաքական ակտիվիստներին էին հետապնդում և վերածում քաղբանտարկյալների, այլև՝ նրանց փաստաբաններին»։

Ընդդիմադիր գործիչը խնդրել է դատարանին հետաձգել նիստը, քանզի պարզ չէ, թե ներկա պայմաններում ինչպես կարելի է պաշտպանել սեփական իրավունքները։ Դատարանը ընդառաջ է գնացել, և նիստը հետաձգվել է:

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում փաստաբան և իրավապաշտպան Իլյա Շաբլինսկին կարծիք է հայտնել, որ Նավալնիի հետ տեղի ունեցողը ընդհանուր միտումի մի մասն է, երբ իշխանությունը վրեժխնդիր է լինում անկախ իրավաբաններից, և նման իրավիճակը բնորոշ է տոտալիտար ռեժիմներին․ «Նման բան եղել է, մասնավորապես, ստալինյան և ուշ խորհրդային ժամանակաշրջաններում։ Այնուհետև, այլևս այլ հակառակորդներ չգտնելով, քանի որ նրանք բոլորը բանտարկված էին, իշխանությունները սկսեցին հետապնդել փաստաբաններին։ Խորհրդային իշխանության օրոք իրավաբանները, ինչպես նաև այլախոհները մեծ ճնշման ներքո էին։ Օրինակ, քրեական գործեր են հարուցվել նաև Դինա Կամինսկայայի (հայտնի է 1960-ականներին և 1970-ականների սկզբին խորհրդային այլախոհների դատավարություններին իր մասնակցությամբ – Վ.Վ.) և նրա գործընկերների նկատմամբ»։

Նավալնիի փաստաբաններին, ովքեր մեղադրվում են ծայրահեղական գործունեությանը մասնակցելու մեջ, սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում