«Գրադ ընկավ մեր հայաթը ու տան ապակիները փշուր-փշուր եղան». Թալիշից տեղահանվածները փորձում են հաղթահարել պատերազմի սարսափները

«Գրադ ընկավ մեր հայաթը  ու տան ապակիները փշուր-փշուր եղան». Թալիշից տեղահանվածները փորձում են հաղթահարել պատերազմի սարսափները
«Գրադ ընկավ մեր հայաթը ու տան ապակիները փշուր-փշուր եղան». Թալիշից տեղահանվածները փորձում են հաղթահարել պատերազմի սարսափները

«Ես մեր շենն եմ ուզում, մեր տունն եմ ուզում, իմ պապային եմ ուզում»,- ամեն օր մորն ասում է 8-ամյա Սլավա Խաչատրյանը, որն ապրիլի 1-ի գիշերը թողել է հայրենի գյուղ Թալիշն ու ապաստանել մորական պապիկի տանը` Բյուրեղավան քաղաքում:

6

Կիսաքուն երեխաների աչքին գիշերվա 3-ին գյուղի վրա թափվող արկերը կարկուտ էին թվում, որ ավերեցին ոչ միայն գարնանացանն ու դաշտերը, այլև տներն ու ամբողջ գյուղը:

«Երեխեքը սկզբում հարցնում էին` էս ինչա, էս կարկուտա, ուր ենք գնում,- պատմում է Սլավայի ու Էդգարի մայրը` 32-ամյա Վարդուհի Մանուչարյանը,- հերն էլ ասում էր` հա կարկուտ ա, շուտ արեք հագնվեք, ձեզ տանում եմ Երևան»:

«Հա, պապան ասում էր` կարկուտա,- մայրիկի խոսքերն է հաստատում փոքր տղան 6-ամյա Էդգարը,- ու հերթով հիշում, թե ինչեր է թողել գյուղում,- խոզ ունեինք, մե խիլլա շուն, ղշեր… պապան ասումա, Ջեկոն սենյակումնա ծնել, հիմա ովա կեր տալիս իմ շներին»:

Անընդհատ հնչող կրակոցները արդեն վաղուց սովորական էին դարձել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչների համար, երեխաներն էլ  հարցեր չէին տալիս, արդեն ստացել էին պատասխանը` «թուրքերը կռիվ-կռիվ են խաղում».

«12տարի է` ապրում ենք գյուղում, աշխատում, մեր տունն ենք ստեղծել, սենց բան չէինք տեսել ու չէինք էլ պատկերացնում, որ քնած տեղներս պատերազմա սկսվում,- հիշում է Թալիշ հարս գնացած Վարդուհին,- ու հենց երեխեքն էին ասում, բայց այս անգամ թուրքերը ուրիշ էին, մամա»:

Ապրիլյան առաջին գիշերը թալիշեցիները դեռ երկար կհիշեն. Մեծահասակները` սարսուռով ու ափսոսանքով, փոքրերը` զարմանքով ու վախով:

«Երբ առաջին գմբոցը լսվեց, վեր թռանք, ինձ թվաց`հերթական կրակոցներն են, կանցնի, բայց ամուսնինս ասաց`չէ, սա ուրիշ է, ու վազեց երեխաներին կողքի սենյակից մեր մոտ բերելու,- պատմում է թալիշեցի կինը,- հենց էդ պահին մի հատ գրադ ընկավ մեր հայաթը` ամուսնուս վայեննի ավտոյի վրա ու դրա ալիքից փշուր-փշուր եղան տան ապակիները»:

Վարդուհիենց տունը գտնվում է գյուղի զորամասի դիմաց, և, ըստ նրա, իրենց բակում տրաքած ականը նախատեսված էր հենց կարևոր նշանակության օբյեկտի համար:  

10

«Ոչ կարողանում ենք դուրս գալ, ոչ էլ մնալն ա հնարավոր,- մղձավանջային պահերը նորից վերապրում է Վարդուհին,- կանգնել ենք տան մի անկյունում, չգիտենք դուրս գանք` հաջորդը որտեղ կընկնի կանգնած տեղներս, թե գնացած: Երեխաները ղժժում են, արագ-արագ հագցնում եմ, Սլավան լացումա, դողումա»:

Հարմար պահ ընտրելովՙ ընտանիքը կարողանում է դուրս գալ տանից ու բակում կայանած ու պայթյունից վնասված մյուս մեքենայով հասնել հարևան գյուղ` Մատաղիս. «Տեսնում էինք բոլորն էլ տներից դուրս էին գալիս, բայց սպասել հնարավոր չէր, բոլորը բոլորին մոռացած` միայն մտածում էին երեխեքին գյուղից հանելու մասին, անգամ ամուսնուս քրոջը չենք կարողացել վերցնել, որ մեր հարևանն էր»,- ասում է Վարդուհին:

Գյուղացիների հանդիպման վայրը դարձել էր «դրմբոնը»` հարևան գյուղի գազալցակայանը, իրարից հարցուփորձ էին անում, հետաքրքրվում մնացածների ու դուրս եկածների մասին.

«Երևի մենակ ծերերը դուրս չէին եկել, որ մեքենա չունեին ու տանը ջահել չկար, բայց իրանց էլ գյուղապետն էր տարել իրա կանտորը, էնտեղից էլ ճանապարհել»,- շարունակում է պատմությունը Վարդուհին:

9

Իրար գտնելով, մեկտեղ հավաքվելով Խաչատրյանների մեծ ընտանիքը`տատն ու պապը,երեք հարսների, աղջկա ու թոռների հետ շարժվում են Հայաստան, իսկ երեք տղաներն ու փեսան զինվորականներ են ու առ այսօր գտնվում են հայրենի գյուղում:

Սկզբում թալիշցիները գալիս-հանգրվանում են Բյուրեղավան քաղաքի բնակիչների լեզվով ասած բաքվաշեն կոչվող թաղամասում ապրող մեծ հարսի հայրական տանը.

«Առավոտյան ժամը 10-ն էր, մի ավտոբուս մարդ, որ չեկան, պիտի տեսնեիք,- պատմում է Վարդուհու մայրը,- երեխեքը` առանց շոր ու կոշիկ, պիժամոյով, տապչկեքով, բայց դե դրան ով էր նայում, հրաշքով ողջ-առողջ հասել են էստեղ երեխեքս»:

7

Հետո մեծ ընտանիքը բաժանվում ու տեղավորվում է նաև ուրիշ ազգականների տներում: Սլավան ու Էդգարը արդեն քաղաքում դպրոց են գնում.

«Շատ ջերմ ու սիրով ընդունեցին, ոչինչ չթողեցին առնենք, ամեն ինչն էլ իրանք տվեցին երեխեքն էլ, որ հետ են ընկնում, արտաժամյա պարապում են հետները` էլի առանց գումար,- ասում է Վարդուհին,- հիմա ամեն ինչ անում ենք, որ իրանք սովորական կյանքով ապրեն, չենք խոսում, չենք հիշացնում, որ էս վախերն էլ անցնեն-գնան»:

Բայց հիշողությունն ու իրականությունը ջնջել օրերի ընթացքում անհնար է.

«Հենց տեսնում են գյուղը, ասում են` վայ մամա, մեր շեննա, տես ինչ են ըրալ, վայ թաղեմ ձեզ թուրքեր, ասումա»:

Վարդուհին էլ, բոլոր ազգականներն էլ միայն մի բան են երազում` խաղաղություն.

«Աստված տա խաղաղ լինի, մենք էլ հետ գնանք մեր տուն, մեր ամուսիններով, մեր ընտանիքով միասնական ապրենք»:  

Անի Եղիազարյան

Լուսանկարները` Ֆոտոլուր

© Medialab.am