«Ունենալու ենք վախի մթնոլորտից դրդված՝ հայհոյախոսություն խոհանոցներում, ոչ թե հասարակության բառապաշարի փոփոխություն»․ իրավապաշտպան

«Վիրավորանքի, զրպարտության, հայհոյանքի դեմ պայքարի միջոցները կարող էին շատ տարբեր լինել, մինչև քրեականացմանը հասնելը։ Օրինակ՝ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի տեսքով, որը կարգավորում է պատգամավորների հանրային խոսքը, լրատվամիջոցների էթիկական հանձնաժողովները, որոնք ևս բավական արդյունավետ գործիքներ են»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր ընդունված աղմկահարույց օրենքին։

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստում հրատապ կարգով ու ամբողջությամբ ընդունեց իշխող «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը որով այսուհետև հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է հանդիսանալու։

Նախագծով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում կիրառել տուգանք ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար դրամ)։

Այն դեպքում, երբ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութերը տարածվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 մլն դրամ)։

Իսկ եթե նույն արարքը միևնույն անձի նկատմամբ կատարվի պարբերաբար, տուգանքը կկազմի 1-3 միլիոն դրամ կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

Իրավապաշտպանի խոսքով՝ գոյություն ունեցող մեխանիզմներն ու ինքնակարգավորվող գործիքներն անտեսել ու միանգամից քրեականացնել որևէ երևույթ, ո՛չ այդքան արդյունավետ, ո՛չ էլ մարդասիրական մոտեցում է։

«Հոդվածում ամենակարևորը ծանրացնող հանգամանք դիտարկվող երևույթն է, որը վերաբերում է հանրային գործչին ուղղված ծանր վիրավորանքին կամ հայհոյանքին, ինչը կարող է գործիք հանդիսանալ տարբեր տիպի հետապնդումների համար»,-ասում է Զառա Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է, որ իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ հոդվածները շատ խտրական կարող են գործել, և հիշեցնում է մեկ տարի առաջ ընդունված մեկ այլ աղմկահարույց օրենքի մասին, որը վերաբերում էր բռնության կոչեր հնչեցնելուն։

«Այդ հոդվածի որակումներով բազմաթիվ դիմողներ եղան, այդ թվում՝ ես, սակայն քրեական գործը, ի վերջո, կարճվում է, և այդպիսվ մենք նույնիսկ մեկ նախադեպ չունենք, որ այդ օրենքը կարող է գործել»,- ասում է Զառա Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ունենք երկու խնդիր. առաջինը՝ կանխարգելման գործառույթը չիրականացրած, միանգամից քրեականացվում է մի երևույթ, որը, ըստ Հովհաննիսյանի, բավական մշակութային է, երկրորդ՝ իրավակիրառ պրակտիկայում չկա որևէ դեպք, որին կկարողանանք հղում կատարել ու ասել, որ այս հոդվածը գործել է և ունեցել թե՛ կանխարգելիչ, թե՛ պատժիչ նշանակություն։

«Այս օրենքն ունի շատ հստակ ծուղակ։ Հնարավոր է, որ պետական գործիչների հետ կապված ավելի խիստ մոտեցում լինի․ եթե պետական որևէ պաշտոնյայի հասցեին հնչի հայհոյանք, դա դիտարկվի որպես հիմք, իսկ այլ հանրային գործիչների, իրավապաշտպանների կամ շարքային քաղաքացիների պարագայում հոդվածն ուղղակի չգործի»,- ասում է Զառա Հովհաննիսյանը՝ նշելով, որ արդյունքում կունենանք խտրական մոտեցում, ինչը, ըստ նրա, այս հոդվածի պարագայում որպես խութ կարելի է դիտարկել։

Իրավապաշտպանն ընդգծում է, որ կարևոր է հասարակության հանդեպ հոգատար վերաբերմունքը, կրթելը, կանխարգելելը, բայց ոչ պատժիչ քաղաքականությամբ որևէ հարց լուծելը։

«Այս դեպքում մենք նորից գնում ենք դեպի պատժիչ քաղաքականություն՝ մինչ այդ չկիրառելով որևէ ինքնակառավարող, ինքնազսպող գործիք, որոնք շատ են և կարող էին կիրառվել։ Ունենալու ենք ոչ թե հասարակության գիտակցության ու բառապաշարի փոփոխություն, այլ վախի մթնոլորտից դրդված հայհոյախոսություն խոհանոցներում կամ ոչ լսելի վայրերում»,- ասում է Զառա Հովհաննիսյանն ու ընդգծում՝ սա այն ճանապարհը չէ, որ իսկապես կստիպեր հանրությանը փոխել իր բառապաշարը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am