Աննախադեպ արդյունք. Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) այս ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել. կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեքը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Այդ մասին տեղեկացնում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը:

Այս երեք արջերը 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց վայրի արջերին բնորոշ բնազդները։

Ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։

Կենտրոնից ընդգծում են, որ փրկված արջերից որևէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբևիցե երկարատև քուն չի մտել, ինչը կրկնվելով ամեն տարի կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ: Ձմեռային քունը որջում, որին արջերը սկսում են նախապատրաստվել արդեն ուշ աշնանը, օգնում է բրդոտներին գոյատևել ցուրտ ամիսներին ու վերականգնել բնազդները: Մասնագետները լիահույս են, որ 2021թ.-ի ձմռանը երկարատև քուն կմտնեն բոլոր արջերը:

Ներկայումս բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են Կենտրոնի մասնագետների խիստ վերահսկողության ներքո, իսկ կենդանիների սննդակարգն ու զբաղվածությունը կազմվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին:

Ըստ աղբյուրի, այժմ նրանք սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում են պրոտեինի հստակ չափաքանակ և ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով, այնպես ինչպես վայրի բնության մեջ: