«Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ». Արցախի նախագահը բաց նամակը՝ Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նամակը ներկայացնում ենք ստորեւ։

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:

Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:

Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ:

Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:

Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ: Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։

Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:

ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։

Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:

Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:

Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ:

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում:

ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն:

Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»:

Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում:

Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։