«Ակցիային Ուկրաինայի դրոշը ծածանելը Հայաստանի իշխանությանը բավականին բարդ խնդրի առաջ կանգնեցրեց». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Երևանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին զուգահեռ ընթանում էր նաև բողոքի ակցիա կազմակերպության ու, մասնավորապես, Ռուսաստանի դեմ, մի խումբ մարդիկ էլ պաստառներով էին դիմավորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հաջակցություն նրա։ Այս ակցիաներն ինչպե՞ս եք գնահատում։

– Բողոքի ակցիաները դրական եմ գնահատում։ Խնդիրն այն է, որ Հայաստանում կա բավական մեծ հատված, որը դժգոհ է Հայաստանի դաշնակցի պահվածքից և՛ ուղղակի հարաբերությունների իմաստով, և՛ կոնկրետ ՀԱՊԿ-ի իմաստով։ Նորմալ է, որ դժգոհող հատվածը ժողովրդավար երկրում իրավունք ունի արտահայտելու իր դժգոհությունը նման ակցիաներով։

ՀԱՊԿ-ի հետ կապված ավելի լուրջ են մտահոգությունները, քանի որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ անդամ երկրները ունեն պարտավորություններ, որոնք չեն կատարվում, իսկ Ռուսաստանի դեմ ակցիաներն ավելի շատ կապված են հենց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ունեցած դերի հետ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նախկինում կնքված պայմանավորվածությունների չկատարման հետ։ Սպասելի էին, որ կլինեն ակցիաներ, որոնք ուղղված կլինեին հենց գլխավոր պատասխանատուի՝ Ռուսաստանի դեմ։

– Իսկ այդ ակցիաների միջոցով, կարծում եք, ինչ-որ բան փոխել հնարավո՞ր է։

– Այստեղ երկու գործոն կա․ առաջինն այն է, որ դրանք հնարավորություն են տալիս Հայաստանի իշխանություններին որոշակիորեն ավելի կոշտ դիրքերից պահանջներ ու առաջարկներ ներկայացնել և ավելի սուր հարցեր դնել։ Բայց, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ կան երևույթներ, որոնք որոշակի առումով, ընդհակառակը, խանգարում են այդ գործընթացին, ինչպես, օրինակ՝ Ուկրաինայի դրոշներ ծածանելն է, ինչը խնդիրը տեղափոխում է այլ հարթություն։

Ռուսաստանը ստանում է հնարավորություն Հայաստանի բարձրացրած հարցերին  ի պատասխան փոխել հարթությունը, այսինքն՝ ցույց տալ, որ խնդիրները ոչ թե մեր ու ձեր հարաբերությունների հարթությունում են, այլ՝ մեր ու Արևմուտքի կամ Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների հարթությունում, ու հայ ժողովուրդը պահանջում է, որ մենք կատարենք ոչ թե մեր միջև եղած համաձայնությունները, այլ հայ ժողովուրդն ուղղակի պաշտպանում է մեր թշնամիների շահերը։ Այսինքն՝ այստեղ երկակի խնդիր կա, ու Հայաստանի իշխանությունը բավական բարդ խնդրի առաջ է կանգնում՝ փորձել այս իրավիճակից օգուտներ քաղել և դիմակայել վնասներին, որոնք կարող են դրանից առաջանալ։

– Այսինքն՝ այսօրվա ակցիային ուկրաինական դրոշներ ծածանելը սխա՞լ եք համարում։

– Այո՛, ես կարծում եմ, որ Ուկրաինայի դրոշն այս ակցիային ծածանելը որոշակի առումով վնաս տվեց այն գաղափարին, որի համար կազմակերպվել էր։ Իհարկե, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, որովհետև այդ կառույցում անելիք չունի՝ փաստ է, ու դրանից դուրս գալու գործընթաց սկսելը իշխանությունների կողմից կլիներ ադեկվատ արձագանք։ Այդ հարցը խառնել ուկրաինական պատերազմին՝     միայն կարող է վնասել գործընթացին։

Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանությունները ավելի շատ վախեցած հայտարարություններ են անում ու վճռական քայլերի չեն գնում, գուցե այդ դեպքում այս ակցիան իրականում որևէ ազդեցություն չունենա։

– Իսկ գագաթնաժողովից ի՞նչ ակնկալիքներ ունեք, պարո՛ն Ղևոնդյան։

– Կարծես թե ինչ-որ ընդհանուր համաձայնագիր կամ հռչակագիր է նախապատրաստվել՝ հաշվի առնելով նախորդ փորձերը: Այդ փաստաթուղթը, որը կստորագրվի, կլինի ընդամենը դեկլարատիվ բնույթի, ու, ինչպես մյուս դեպքերում, այդտեղ գրված դրույթները չեն կատարվի։ Այնպես որ, դա կլինի հերթական ոչինչ չասող և որևէ ազդեցություն չունեցող փաստաթուղթ:

– Եթե այդպես լինի, Հայաստանի իշխանությունը կառույցից դուրս գալու գործընթաց կսկսի՞, որովհետև իշխանությունը հայտարարեց, որ այդ հանդիպումից շատ բան կախված կլինի։

– Ես կարծում եմ՝ իշխանության այդ հայտարարությունը ճնշում գործադրելու նպատակ ուներ, և այդ հռչակագիրը լինի-չլինի, միևնույն է, իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսի, սա ակնհայտ է։

– Հետևանքների՞ց են վախենում, թե՞ այլընտրանք չկա։

– Ամենայն հավանականությամբ, իշխանությունը սպասում է ինքնաբերաբար ինչ-որ գործընթացների, որոնք գուցե կբերեն մեզ ցանկալի արդյունքի, ինչպես, օրինակ՝ նման զարգացում եղավ 89-90 թվականներին, երբ ամբողջ Հայաստանում անկախության պահանջ էր հնչում, բայց իշխանությունը սպասում էր, երբ ի վերջո բավական ուշ՝ ԽՍՀՄ փլուզվելուց երկու ամիս  առաջ, հանրաքվեն տեղի ունեցավ։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am