«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
– Պարո՛ն Բաբայան, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը հաստատել է, որ Ադրբեջանի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում ծեծկռտուք է եղել:
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինծառայողներն իրենց լկտի են պահել, վիճաբանություն է եղել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Ի՞նչ է ձեզ հայտնի այդ միջադեպի մասին, արդյոք այդ լուրը պաշտոնապես հաստատվե՞լ է:
– Ես տեղեկություններ չունեմ և նման լուրերը չեմ ուզում մեկնաբանել: Դուք կարող եք դիմել ռուս խաղաղապահների առաքելությանը: Առնվազն ինձ նման բան հայտնի չէ:
– Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը, և որքանով է ճիշտ, որ Մուրադովն է գնում ադրբեջանցիների հետ բանակցությունների: Հայաստանում բավականին քննարկվեց և քննադատվեց այդ հանգամանքը:
– Նախևառաջ՝ Ադրբեջանի պահվածքը տարօրինակ չէ, այդ պահվածքը կանխատեսելի է: Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել իր մոտեցումները: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են քննադատում, երբ ռուս խաղաղապահներն են միջամտում և փորձում իրավիճակը շտկել:
Բա ո՞վ գնա բանակցի, ասեք տեսնեմ: Խնդիրը ո՞րն է, որ պատերազմ չլինի, որ հարցը կարգավորվի, որ տեռորիստներն ու հանցագործները, որոնք ներթափանցել են, գնան իրենց ելման դիրքեր:
Հիմա ո՞վ պետք է գնա ու բանակցի, առավել ևս, որ դա հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի, և այնտեղ ռուս խաղաղապահներն են, և նույն գեներալ Մուրադովն ունի հարգանք ու պատիվ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի մոտ:
Ինչո՛ւ նա չպետք է գնա բանակցելու, ինչո՛ւ մենք չպետք է օգտագործենք այդ հնարավորությունը: Էլի մենք սկսում ենք ինչ-որ բաներ փնտրել, տարբեր ուղղություններով զարգացնել մեր դատողությունները:
Այ սա՛ է մտահոգիչ, որ մարդիկ դարձի չեն գալիս, անընդհատ շահարկում են իրավիճակը: Արցախը ծանր վիրավորված է, ու էլի այս վիճակում որոշ շրջանակներ փորձում են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խառնել, ինչ-որ մուտիլովկաներ անել: Ամենամտահոգիչը, բացի նրանից, որ Ադրբեջանն է նման քայլերի դիմում, նաև այս մթնոլորտն է:
– Նախկինում, երբ ՀԱՊԿ-ը չէր միջամտում հայ-ադրբեջանական հակամարտությանը, գոնե պարզաբանում էր, որ դա իր տարածքը չէ, բայց այս դեպքում արդյոք ՀԱՊԿ-ի խուսափողական տրամադրություններն ընդունելի՞ են հայկական կողմի համար: Ըստ էության, ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում:
– Ես հասկանում եմ, որ գուցե մարդիկ կան, որ կարող են այդպես մտածել, բայց շատերը դիտավորյալ են այսպիսի կարծիքներ հայտնում: Այդ դեպքում ինչո՞ւ չեն խոսում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին: ՄԱԿ-ի ԱԽ-ն չպե՞տք է զբաղվի այդ հարցերով:
– Բայց Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
– ՀԱՊԿ-ին էլ չէին դիմել, հետո են դիմել: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ը բավական կոշտ հայտարարություններ է արել, և երրորդ՝ իրենք փորձում են ըստ ամենայնի, խաղաղ ձևով կարգավորել հարցը:
Գիտե՞ք խնդիրն ինչն է. մենք չենք կարող իհարկե տեղամասը կոչել սահման, որովհետև մենք չենք ճանաչում այդ սահմանը, քանի որ Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության տարածքը: Սա մեր՝ արցախցիների մոտեցումն է: Եկեք այն կոչենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գիծ: Այնտեղ պետք է հստակեցում լինի:
Ադրբեջանը, բնական է, ստահոդ քարտեզներ է ներկայացնում, հայկական կողմը ներկայացնում է իր քարտեզները, որն իհարկե ճիշտ է: ՀԱՊԿ-ն ի՞նչ պետք է անի, նաև ռուս խաղաղապահները. առաջին հերթին պետք է թույլ չտան, որ պատերազմ լինի: Իսկ մինչ այդ ամենը ճշտվի, ժամանակ է պահանջվում:
Բացի դրանից, ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող տեղերում մենք կանգնեցնենք մեր ստորաբաժանումները, որպեսզի հակառակորդը, թշնամին, տեսնելով, որ այդտեղ կան հայկական դիրքեր, չմոտենա այդ դիրքերին: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք, այսուհետ նաև այսպիսի մոտեցում ցուցաբերենք: Այսինքն՝ խնդիրը բազմակողմանի է:
– Հայկական կողմը անվտանգության առումով ավելի լայն շառավիղ չպե՞տք է ընտրի՝ այդ հարցում ներգրավելով նաև Ֆրանսիային, ԱՄՆ-ին, որպեսզի վերջին պահին փաստի առջև չկանգնի:
– Թուրքիան ահաբեկիչների հետ միասին 44 օր պատերազմել է Արցախի դեմ: Նա այդ քայլով նաև լուրջ հարված է հասցրել ՆԱՏՕ-ին: Փաստորեն ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ըստ երևույթին, իր քայլերի մասին տեղյակ չի պահել ՆԱՏՕ-ին: Այսինքն՝ երբ խոսում ենք անվտանգության մասին, հատկապես հիմա, երբ կտրականապես փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը և դասավորությունը, մենք իրավունք չունենք այլևս էքսպերիմենտներ անելու:
Մենք պետք է այնպես անենք, որ մեր անվտանգությունը մաքսիմալ ապահովենք: Այսօր և տեսանելի ապագայում, առնվազն Արցախի պարագայում, ինչպես նաև Հայաստանի, միակ ուժը, որ կարող է զսպել Թուրքիային ու Ադրբեջանին, Ռուսաստանն է:
Թուրքիան հարվածել է ՆԱՏՕ-ին, նույնիսկ տեղյակ էլ չի պահել: Կարող է, չէ՞, վաղը նույնն անել: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ մենք չպետք է լավ հարաբերություններ ունենանք ԱՄՆ-ի հետ, այլ երկրների հետ:
Ընդհանրապես, մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն բոլոր երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք: Եվ դա այն հնարավորությունն է, այն բաղադրիչն է, որը թույլ է տալիս մեզ խուսափել բազմաթիվ անցանկալի զարգացումներից, շահարկումներից: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կտրվենք իրականությունից:
Կամ՝ մեր եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված են ՄԱԿ-ի կամ որևէ այլ երկրի դե՞մ: Իհարկե ո՛չ: Վերջապես, մենք պետք է լավ հասկանանք մեր իրավիճակը, լավ հասկանանք անվտանգային մթնոլորտը, մարտահրավերները:
Եթե լավ չհասկանանք, ադեկվատ չլինենք, լինելու են նորանոր կորուստներ, առհասարակ կարող է վերանալ մեր անկախ պետականությունը: Հիմա մենք այսօր էլի՞ ինչ-որ սադրիչների կամ գործից բան չհասկացող մարդկանց հետևից ընկնենք:
– Ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների միջև պարբերաբար վեճե՞ր են լինում, ինչպես գրում է մամուլը:
– Ես չեմ կարող դա ոչ հերքել, ոչ էլ ապացուցել կամ հաստատել: Դա մեր իրավասության մեջ չի մտնում: Ես չգիտեմ, թե այդ լուրերը որտեղից են, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը, ինչպես նաև այլ երկրներ, ընդհանրապես ցանկացած նորմալ երկիր, հատկապես եթե հնարավորություն կա խաղաղ ճանապարհով հարցեր կարգավորելու, պետք է գնա դրան:
Այսօր քանի՞ երկիր է ներդրումներ կատարում Արցախի օկուպացված տարածքներում: Բա ինչո՞ւ այդ մարդիկ, որոնք քարկոծում են Ռուսաստանը, այդ հարցը չեն բարձրացնում, թող այդ երկրներին էլ քարկոծեն:
Մեծ ցուցակ կա և բաց տեղեկություն է, թե ինչ երկրներ և ինչ երկրների ընկերություններ են ներգրավված այդ գործընթացում, որ երկրների պաշտոնատար անձինք ինչ գնահատականներ են տալիս «հայկական բարբարոսությանը»:
Բա ինչո՞ւ են պապանձվում որոշ մարդիկ, թող բղավեն, ինչո՞ւ չեն խոսում: Փոխարենը առիթ են փնտրում անպայման Ռուսաստանին կծեն, խփեն:
Արցախը շատ յուրահատուկ և բարդ վիճակում է, մենք երբեք նման սադրիչների հետևից չպետք է ընկնենք, որովհետև շատ ծանր վիճակում ենք: Այսօր ցանկացած պրովոկատոր իր ապուշ գաղափարներով շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան թուրքական բանակը:
Մանե Հարությունյան
MediaLab.am