Կենդանաբանական այգի. նախկին տնօրինությունը միայն 2010 թվականին 57 կենդանի է վաճառել, 31-ը` սատկել է

Կենդանաբանական այգի. նախկին տնօրինությունը միայն 2010 թվականին 57 կենդանի է վաճառել, 31-ը` սատկել է
Կենդանաբանական այգի. նախկին տնօրինությունը միայն 2010 թվականին 57 կենդանի է վաճառել, 31-ը` սատկել է

Կենդանաբանական այգու նախկին տնօրինությունը ոչ միայն մասնագիտացված մոտեցում չի ցուցաբերել կենդանիների նկատմամբ, ինչի հետևանքով բազմաթիվ կենդանիներ են սատկել, այլ նաև կենդանիների վաճառքով է զբաղվել:
Այգու նոր տնօրենի` Ռուբեն Խաչատրյանի կարգադրությամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ այգուց 2010 թվականին վաճառվել է 57 գլուխ կենդանի, այդ թվում` երկու առյուծի ձագ` 350.000 և 300.000 դրամով: 2011 թվականին այգին վաճառել է 6 կենդանի:

Նույն հաշվարկներով` 2010-ին այգում սատկել է 31 կենդանի, որոնցից 22-ը` թռչուններ: Մինչև 2011-ի մարտ ամիսը` նորը տնօրենի նշանակումը, սատկել է 9 կենդանի, որից 7-ը` թռչուն:

Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը պնդում է, որ իրեն զրպարտում են, քանի որ իր կառավարման ընթացքում այգին գործել է օրենքի շրջանակներում, և ամեն ինչ կազմակերպվել է այգու օգտին:

«Այո´, վաճառվել է, ամեն տարի ընդամենը 3 միլիոն դրամի կենդանի ենք վաճառել` մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Եվ այդքանի կենդանի ենք առել, փոխանակել ենք, կենդանի ենք բերել: Եթե կենդանի չբերվի, այգին ինքն իրանով ինչքա՞ն կգոյատևի: Կսատկի, էլ տեղը չի լինի: Վերարտադրություն չի լինի: Իսկ որ ասում են, թե դա բիզնես է… Եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ լինեին, դա կարելի էր ինչ-որ տեղ բիզնես անվանել: Դա բիզնես չի, այգուն ինչքան գլխաքանակ պետք էր` պահում էինք, մնացած ավելցուկը վաճառվում էր»,- «Մեդիալաբին» ասել է Աբովյանը:

Թեպետ կենդանաբանական այգին ֆինանսապես կայուն չէ, Խաչատրյանն ասում է, որ խնդիրների մեծ մասի լուծումը կապված չէ մեծ գումարների հետ. «Մայիս ամսվա ընթացքում միայն տոմսերի վաճաքից այգում այնքան բյուջե է կուտակվել, որքան ժամանակին ստացվում էր մեկ տարվա կտրվածքով: Այսինքն` եթե այգին ճիշտ և գրագետ գործի, շատ խնդիրներ կլուծվեն: Մինչդեռ նախկին տնօրինությունը այգին դիտարկել է ոչ թե որպես գիտակրթական կենտրոն, այլ որպես եկամտի աղբյուր»:

Սակայն քննադատության է ենթարկվում նաև կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենը: Մոտ երկու ամիս առաջ այգու տնօրենի պաշտոնում նշանակված Խաչատրյանի գնահատմամբ` այգու խնդիրները լուծելու իր փորձերը քննադատվում են ու համացանցում իր դեմ են դուրս գալիս:

Հունիսի սկզբին համացանցում լայն տարածում էր գտել armenology.livejournal.com բլոգում զետեղված հոդվածը, որում գրված էր, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի` Ռուբեն Խաչատրյանի բանավոր կարգադրությամբ մայիսի 28-29-ին այգուց անհայտ ուղղությամբ տեղափոխվել են երկու սևաթույր կարապները:

Ըստ հրապարակման հեղինակի, ով ներկայանում է «Մաուգլի» անվամբ, հայտնի է դարձել, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի` այգուն նվիրած այդ երկու կարապները սատկել են։

Հեղինակն այնուհետ թվարկել էր նաև այլ կենդանիների սատկելու օրինակներ. «Գորշ ամպեր են կուտակվել պերուական ուղտայծերի գլխին։ Վերջին օրերի ընթացքում անհայտ պատճառով սատկել են պերուական ուղտայծերի երկու ձագուկները և արուն։ Մյուս էգը վիժել է և գտնվում է բավական ծանր առողջական վիճակում, նրա կյանքին նույնպես վտանգ է սպառնում։ Ենոտական շնիկների նորածին ձագուկներին վարժեցնելու նպատակով մոր կաթից կտրել և տեղափոխել են տնային պայմաններ, ինչի արդյունքում ձագուկները սատկել են»։

Խաչատրյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հերքել է այս մեղադրանքներն ու ասել, որ սատկել են միայն երկու կարապ, որոնք պայմանագրով ի պահ էին տրված Պարզ լճին. «Մենք պատրաստվում ենք այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածել երկու սատկած կարապների առնչությամբ` ի՞նչ կարապներ էին, ի՞նչ պայմաններով էին տրված, ի՞նչ կորցրեց կենդանաբանական այգին, ի՞նչ ձեռք բերեց»:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի գնահատմամբ` կենդանաբանական այգին այժմ գտնվում է վատ վիճակում, և դա նախկին ղեկավարության գործունեության հետևանք է:

«Ես վերջերս եմ այնտեղ եղել: Մենք դիտարկել ենք այգին, խոսել Ռուբեն Խաչատրյանի հետ: Այգու վիճակը չի գալիս նրանից, որ ինչ-որ բան է այնտեղ կատարվում: Այն ամենը, ինչ կա, ժառանգություն է մնացել պարոն Աբովյանից: Մենք գիտենք, թե այգին ինչ ահավոր վիճակում է: Փոփոխություն մենք դեռ չենք զգացել, բայց, անկեղծ ասած, ես սպասելիքներ ունեմ»,- ասում է Ադամյանը:

Տնօրենի մեկնաբանությամբ` կենդանաբանական այգու շուրջ խմորումների հիմնական պատճառները իր առաջարկած փոփոխություններն են, որոնց սովոր չէ հին անձնակազմը:

«Չկար ռեժիմ, կարգուկանոն, թուղթ լրացնել, ստորագրել, կենդանու համար հավելյալ զբաղվածություն ստեղծել: Նույնիսկ կային բաժնի վարիչներ, որոնք փայլուն կոշիկներով գալիս էին ու երեկոյան նույն փայլուն կոշիկներով գնում էին տուն: Հիմա այդպես չի, ու մեր կողմից անընդհատ ճնշում է գործադրվում, որպեսզի աշխատեն, և դա, իհարկե, ինչ-որ ալիք է բարձրացրել հիմա»,- բացատրում է Խաչատրյանը:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am

Տես Ֆոտոպատմությունը