«Կապսի ջրամբարի հայելին երևալու է գյուղում, որը կգրավի զբոսաշրջիկներին». Հայաստանում նոր ենթակառուցվածքներով նոր գյուղ է հիմնվում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու՝ այսպիսի հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է հուլիսի 7-ին կայացած Կառավարության նիստին, սակայն չի մանրամասնել ծրագիրը:

Խոսքը Շիրակի մարզում հիմնվելիք Նոր Ջրաձոր գյուղի մասին է: Նոր գյուղի հիմնման պատճառը Կապսի ջրամբարի կառուցումն է:

«Այդ ջրամբարի կառուցման հետևանքով այժմվա Ջրաձոր գյուղը որոշ մասով հայտնվելու է վտանգավոր գոտում, որոշ մասով՝ ջրածածկ գոտում: Այդ պատճառով էլ որոշվել է հիմնել Նոր Ջրաձոր գյուղը»,- «Մեդիալաբին» ներկայացնում է Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը:

Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը Կառավարությունը հաստատել էր դեռ 2013 թվականին, և դրա նախագծման աշխատանքները մեկնարկել էին նախկին Կառավարության գործունեության տարիներին, սական շինարարությունը երկար ժամանակ հետաձգվում էր: Նույնիսկ վտանգ կար, որ այդ ձգձգման հետևանքով 50 մլն եվրո վարկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկը կդադարեցնի ֆինանսավորումը, սակայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր, որ խոսել է գերմանական բանկի ներկայացուցիչների հետ, և ֆինանսավորումը կշարունակվի: «Ֆինանսավորումը կա, համաձայնությունը կա, ճանապարհային քարտեզը կա, քայլերով շարժվում ենք առաջ»,- 2021-ի ապրիլին հայտարարել էր Պապիկյանը:

Ջրամբարի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021-ին, և Փաշինյանն էլ օրերս Կառավարության նիստին հույս է հայտնել, որ կառուցման աշխատանքները կընթանան ըստ ծրագրվածի:

Ըստ նախնական նախագծի՝ ջրամբարն ունենալու էր շուրջ 90 մլն խմ ծավալ: Մի քանի տարի առաջ արված նոր նախագծային տարբերակով՝ Կապսի ջրամբարը կառուցվելու էր երկու փուլով՝ 25 մլն խմ ծավալը՝ առաջին փուլով և 60 մլն խմ ծավալը՝ երկրորդ փուլով:

Ջրամբարի տարածքն ընդգրկելու է Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրի վարչական տարածքը:

Սողոմոնյանն ասում է՝ դեռ նախագծման ժամանակ հարցում է անցկացվել Ջրաձոր գյուղում, և բնակիչները դեմ չեն եղել, որ նոր գյուղ հիմնվի, և իրենք տեղափոխվեն:

«Դեռ նախագծման փուլում երկու տարբերակ էր քննարկվում՝ գյուղացիներին տրամադրել փոխհատուցում ու լուծել նրանց բնակվելու վայրի հարցը, և երկրորդ՝ նոր գյուղ կառուցել: Կառավարությունը հաշվի է նստել բնակիչների շրջանում կատարված հարցման արդյունքների հետ, և որոշվել է նոր գյուղ հիմնել»,-ներկայացնում է Արթուր Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ մեկնարկել են նոր գյուղի նախագծման աշխատանքները, մշակվում է գյուղի գլխավոր հատակագիծը, որի հիման վրա էլ կկատարվեն երկրաբանական աշխատանքները:

Այս ծրագրի արդյունքում, հիմնադրամի ղեկավարն ասում է, գյուղացիների բնական միջավայրը շատ չի փոխվելու՝ մարդիկ իրենց գյուղից մի փոքր հեռու կապրեն, իսկ ջրամբարի հայելին լինելու է նրանց տեսադաշտում:

«Նախատեսվում է նաև, որ այդ գյուղը հանգստյան գոտի կլինի զբոսաշրջիկներին գրավելու համար. մի կողմից ջրամբարն է լինելու, մյուս կողմից՝ նոր ենթակառուցվածքներով ու հարմարավետությամբ գյուղը»,- ասում է պաշտոնյան:

Նոր գյուղի տարածքն ընդգրկելու է 40 հա, որն ավելի է, քան ներկայիս գյուղի տարածքը: Այժմյան Ջրաձորի բոլոր տներն ու եղած շինությունները գույքագրվել են, ընտանիքների փոխհատուցումը կլինի գույք՝ գույքի դիմաց սկզբունքով: Այժմ Ջրաձոր գյուղում հաշվառված է 323 մարդ, որից 184-ն են ապրում գյուղում: Սողոմոնյանն ասում է՝ նախատեսվում է, որ Նոր Ջրաձոր գյուղում կկառուցվի 74 տուն: «Գյուղից արտագաղթած մարդիկ հավանաբար կտեսնեն՝ նոր գյուղ է կառուցվում, կվերադառնան: Հույս ունենք»,- ասում է Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am