Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն` ծանոթանալու ծառայություններին, բարեփոխումներին և գործունեությանը:
Նախարարի խոսքով՝ «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի սրտաբանության օրրանը: Այնտեղ Իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաների և մեծահասակների համար։ Կենտրոնում գործում է առիթմոլոգիական կլինիկա, որն ապահովում է բարձր տեխնոլոգիական ամբողջ օղակը՝ իր մեջ ներառելով ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայություները:
Բժշկական կենտրոնը համագործակցում է նաև սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություներ մատուցող արտերկրի բժիշկների հետ, որոնք յուրաքանչյուր այցի ընթացքում կատարում են շուրջ 30 վիրահատություն:
Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սրտի հիվանդությունների բուժման ոլորտում գրանցվել են զգալի փոփոխություններ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ միակ խնդիրը կենտրոնում թողունակությունն է, այսինքն՝ հիվանդները գալիս են, սակայն սպասարկելու տեղ չի լինում:
«Մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանը հավելյալ 70 մլն դրամ բյուջե է տրամադրել այս տարի քաղաքային բյուջեից, որպեսզի վերանորոգում կատարվի և ընդլայնվի ծառայությունների մատուցման վայրերը, հզորությունները»,- ասել է նախարարը:
Արսեն Թորոսյան նշել է, որ հետագայում նոր մասնաշենք կառուցելու մտքեր կան, որպեսզի կենտրոնը կարողանա ավելի մեծ թվով ստացիոնար հիվանդների ընդունել։
Առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի հետ 2019 թվականի տարեսզբին կնքվել է 941 միլիոն դրամի պետական պատվերի պայմանագիր, որն հետագայում ավելացվել է շուրջ 800 միլիոն դրամով։ Տվյալ պահին առողջապահության նախարարության և կազմակերպության միջև կնքված պետական պատվերի ծառայությունների մատուցման պայմանագրային գումարը 2019 թվականի համար կազմում է 1,74 մլրդ դրամ։
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։։