Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է ու, դրանով պայմանավորված, բանկերը ցուցաբերում են կոնկրետ վարքագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որը չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը, որոշակի դժկամություն են ցուցաբերում դոլար տալիս: ԿԲ նախագահը նշեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մոտեցում է փոխվել:
«Եթե ունեք տրանսֆեր, ստացել եք անկանխիկ եղանակով ու մուտք է եղել մեր հայկական առևտրային բանկի հաշվին դոլարային տեսքով, ապա իրենք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա, որևէ խնդիր չկա: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել որպես կանխիկ դոլար: Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և առևտրային բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլար, որովհետև որոշակի տեսակետ կա, թե կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է ու դրանով պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,-ասաց Մարտին Գալստյանը: