Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը.Երևանի քաղաքապետարան

Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող. – Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Բագրատունյաց պող. – Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով՝ փուլային տարբերակով, փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի:

Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով:

Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1-ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները:

Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին):

Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ: