Գազանը միշտ «ճիշտ» է

Մհեր Արշակյան

Ես չեմ հավատում, որ բանական մարդը կարող է արդարացում գտնել կնոջ հանդեպ բռնության համար: Արդարացումը բանական մարդու անելիք չէ:

Վարչապետը, օրինակ՝ կարծում է, որ գյումրեցի աղջնակն ու իր մայրը «զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»:

Գյումրեցի կնոջը սպանողը արդարացում ունենալով չէ, որ հարձակվել է նրա վրա: Նա հարձակվել է, որովհետև ինքն իրեն չի կարողացել համոզել, որ ճիշտ չէ:

Բոլոր ոճիրների թիկունքում հենց սա է: Այսինքն՝ գտել է միայն այն փաստարկները, որոնք դիմացինին են դարձնում «սխալ»:

Օրինակ՝ խանդում է, ու ոչ մեկը չի կարող նրան հասկացնել, որ հիմքեր չունես:

Վերջ:

Գազանությունը միայն սեփական իրավացիության վրա չի կառուցվում, այլ այն բանի վրա, որ դիմացինը չի էլ կարող ճիշտ լինել:

Ավելին, դիմացինն իրավունք չունի ճիշտ լինելու, բայց սխալվելու դեպքում պիտի վճարի:

Որևէ բռնության հանդեպ «իրավացիության» հիմքը սա է՝ ես ճիշտ եմ, բայց դու իրավունք չունես սխալ լինելու: Սա էլ դեռ ամբողջը չէ՝ իրավունք չունես սխալ լինել, չի նշանակում ունենալ քո ճիշտը, դու պիտի ունենաս իմ ճիշտը:

Իսկ ո՞վ ունի այդ ճիշտը: Իհարկե տղամարդը: Նախկինում հենց նույն տրամաբանությամբ սխալ լինելու իրավունք չուներ ստրուկը, բայց նա չպետք է ունենար իր ճիշտը:

«Կնոջ իրավունք» արտահայտությունը սրանից է ծագել: Երբ ստրուկին ազատ ես արձակում, նրան որպես սեռ չես օժտում իրավունքներով, այլ ընդունում ես, որ նա մարդ է:

Այսինքն՝ ի վերջո ընդունում ես, որ ոչնչով լավը չես նրանից, ու սեռն այստեղ կապ չունի, իրավունքը մարդունն է, ոչ թե՝ սեռինը: Իրավունքը շնչավորինն է, որովհետև կենդանիները նույնպես ունեն իրավունքներ, ու ոչ մեկը նրանց կարծիքը չի հարցնում, չէ՞, թե ինչ են նրանք մտածում իրենց իրավունքների մասին:

Գյումրեցի տղամարդը պարզ գազան է եղել, որովհետև գազանը իրավունքներ չի հարցնում:

Ու չի հարցնում ոչ թե որովհետև գազան է, այլ որ նրա բնության մեջ հարցնելը չկա:

Այս տղամարդը խնդիր ունի հենց իր բնության հետ: Այդ բնության մեջ հարցեր չկան, կա միայն բնական իրավացիություն: Եթե դու իրավացի ես ի սկզբանե, քո հանդեպ կարող են միայն սխալվել, իսկ սխալվողն իրավունք ունի՞ ապրելու:

«Իհարկե»՝ ոչ: Ըստ նախնական կասկածների՝ այդ տղամարդը սպանել է խանդի հողի վրա: Սկզբից վիճել է, հետո սպանել է: Չէ՞ր ուզում սպանել: Խիստ կասկածում եմ: Ուզում էր «դաստիարակե՞լ» կնոջը: Խիստ կասկածում եմ: Որովհետև դրանք արդեն քիչ թե շատ բանական արարքներ են: 

Տանզանիայում սևամորթ շամանները հարձակվում են ալբինոս (մաշկի պիգմենտների բացակայությամբ ծնված) մարդկանց վրա, սպանում, մասերի բաժանում մարմինը ու վաճառում:

Ինչո՞ւ:

Նրանց ականջը, ըստ «ավանդության», վերադարձնում է լսողությունը, մաշկը բուժում է քաղցկեղը, իսկ ձեռքը կախարդական թալիսման է, որը պահպանում է չար հոգիներից: Գյումրեցի կինը այդպիսի մի ալբինոս է եղել այս ոչ մարդու համար:

Ինքն իր խանդի հարցը լուծել է սպանելով՝ չկա կինը, չկա խանդը: Նա նույնիսկ թույլ տղամարդ չէ, որովհետև թուլությունը բանականության բացակայություն չի ենթադրում, կամքի բացակայությունը կարելի է այս կամ այն կերպ կառավարել ուժեղ բանականությամբ:

Ուրիշի գոյության օգտին բոլոր փաստարկները հենց քո գոյության մեջ են:

Եթե չես ուզում, որ ուրիշը ապրի, տրամաբանական է, որ չապրես ինքդ: Եթե կգտնես մի փաստարկ, որ դիմացինի գոյությունը իմաստ չունի, իսկ քոնն ունի, պիտի կարողանաս ասել, թե ինչո՞ւ հենց դու պիտի որոշես դա, եթե դու ընդամենը մի հոգի ես և ոչ թե ամբողջ մարդկությունը:

Սպանությունը «վճիռ» է ամբողջ մարդկության անունից, ահա ինչու է Հիտլերը ոճրագործ, իսկ գյումրեցի երիտասարդը՝ մարդասպան: 

Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը այդ կնոջ գոյության դեմ մի «փաստարկ» գտել էր՝ ի՞նչ գործ ուներ այդ կինը իրենից 16 տարով փոքր տղամարդու հետ: (Գյումրեցի մի տղամարդ միջնադարյան հավատաքննիչի ոճով «Սիվիլնեթի» տեսանյութում սպանված կնոջ մասին իմիջիայլոց նետում է. «Մենք չգիտեինք, որ էսդեղ անառագ կաբրե»։ Սպանվածի դստեր մյուս հարազատներն ընդհանրապես հրաժարվել են խնամել վերակենդանացման բաժանմունքում գտնվողին):

Տիկին Հովսեփյանը քննել է իր սիրտը և հասկացել՝ գյումրեցի կինը ինքն է «հեղինակել» իր մահը: Այսինքն՝ գազանը քնած էր, մինչև չբոթեցին, չմտան նրա տարածք, մինչև վանդակները չհանեցին: Այսինքն՝ այ տիկին, քեզ խելոք պահեիր, չսպանեին: Այսինքն՝գյումրեցի այդ մայրը, ըստ պատգամավորի, «ջրել» է, «խնամել» է իր սպանությունը: Այդպես էլ ոստիկանությունն է մեղադրանք ձևակերպում՝ անզգույշ մահ, որը Սոֆիա Հովսեփյանի մտածողության իրավական ձևակերպումն է:

Ի՞նչ է ասում ամբողջ աշխարհը: Ամբողջ աշխարհն ասում է՝ դու կնոջ հետ գործ չունես, երբ խոսքը իրավունքների մասին է, դու կնոջ հետ գործ ունես, երբ խոսքը սիրո մասին է:

Իսկ թե ո՞վ է որոշում, թե ով ում պիտի սիրի, ինձ թվում է՝ նույնիսկ Աստծո գործը չէ:

Ուր մնաց որոշելը, թե ով պետք է միայն ինձ սիրի և երբեք՝ ուրիշին: Էլ չեմ ասում, թե այսպիսի որոշման հետ սերն ի՞նչ կապ ունի: Ուզում եք ավելի լավը լինել, որ ձեզ շարունակեն սիրել, տվեք նրան նույն ազատությունը, երբ նա դեռ նոր էր ձեզ սիրում:

Այլապես չի լինում այնպես, որ հանձին ձեզ մարդը սիրի իր բանտը: 

Մհեր Արշակյան

MediaLab.am