Էրդողանը չի ասել, թե «Գազայի բնակիչները չեն լքի իրենց հողը՝ ի տարբերություն Ղարաբաղի հայերի»․ կեղծ լուր՝ սունկ կայքերում. Fip

Մի շարք սունկ կայքեր հոկտեմբերի 29-ին լուր են տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի «հայրենիքը»»։

Տեղեկությունը տարածել են նաև սոցիալական ցանցերում հետևորդների մեծ թիվ ունեցող օգտատերեր։ 

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայում ի աջակցություն Պաղեստինի հանրահավաքի ընթացքում Էրդողանն իր երկարաշունչ ելույթի ընթացքում քանիցս հիշատակել է Արցախը, սակայն բոլորովին այլ համատեքստում։ 

«Մենք շատ արցունք ենք թափել՝ Ղրիմից մինչև Ղարաբաղ, Բոսնիայից մինչև Քիրքուկ, Պաղեստինից մինչև Թուրքեստան, Աֆղանստանից մինչև Չեչնիա… Գազան ևս մեր հայրենիքի անբաժան մասն է»,- ասել է Էրդողանը։ 

Էրդողանը նշել է նաև, թե «թուրք ժողովուրդը չի մեռել և ամբողջ հասակով կանգնած է  այնպիսի վճռականությամբ, ինչպես Լիբիայում, ինչպես Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում»։ 

Էրդողանը հրապարակային ելույթ է ունեցել նաև հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի առթիվ։ Այդ ընթացքում ևս Էրդողանը նման հայտարարություն չի արել։ 

Այսպիսով, սունկ կայքերում Էրդողանին է վերագրվել Արցախի հայերի ու Գազայի բնակիչների միջև համեմատության մասին հայտարարություն, որը վերջինս չի արել։ 

Նանե Մանասյան

Fip.am